Jump to content

Զարուբյանի կանայք

Վիքիքաղվածք-ից

«Զարուբյանի կանայք», Շուշան Ավագյանի և Լուսինե Թալալյանի համատեղ գիրքը։ Լույս է տեսել 2014թ., Երևանում։ Մեջբերում գրքի շապիկից.

«Այն Ժամանակակից հայ արվեստի եզակի գործերից է, որի գոյությունն ինքնին նպաստում է ներքին օտար հայացքի ձևավորմանը։»

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Լրագրողը գրում է լրատվական հոդվածներ ու հետո դրանք անվանում պատմվածքներ, որտեղ նա ընդօրինակում է կյանքում տեղի ունեցող միջադեպեր՝ ամենօրյա ու առօրյա դարձած անհեթեթ դեպքեր, մի խոսքով՝ մամլո հաղորդագրություն, բամբասանք, որտեղ միանշանակորեն կարևորվում է բովանդակությունը, որտեղ առանց բովանդակության կորում է գրվածքի իմաստը, բայց լրոգրողը պնդում է իր տեսակետը, նա գրում է համառորեն, նա տեղ է պահանջում գրականության էջերում։
Ո՞րն է այս տեղահանված նախադասության իսկական հասցեն. այն նախատեսված չէր գրքի բացման համար։
Եթե նախադասությունը նախապես դասվելու է, ապա այն դասվելու է ո՞ւմ համար, և կարելի՞ է արդյոք փոփոխել այդ դասվածքը, կարելի՞ է նախադասության դասվածքը վերադասավորել այնպես, որ այն դառնա հիմնադասություն, կան նույնիսկ հակադասություն։
  • Դժվար է հաղթահարել այն խառնվածքը, որով ծնվում ենք։ Երիտասարդ տարիքում փորձում ենք լինել ողջախոհ, ճիշտ, ու չկա առավել անհանդուրժելի բան, քան երբ տեսնում ենք (մեծատառերով հղկված) մեր իսկ թերություններն ուրիշի մեջ ու ներքուստ սկսում խանդավառությամբ պայքարել դրանց դեմ։ Սակայն անցնում են տարիներ, մեծանում ենք ու տեսնում որ այդ (մեր) թերությունները բոլոր մյուս արատներից ամենաանվնասն են, նույնիսկ ինչ-որ տեղ հմայք էլ ունեն, և մեր պայքարը դրանց դեմ կամաց-կամաց հանգչում է։
  • Նորը կապ չունի անկեղծության հետ։
Միգուցե այն հերքում է հիշողությունը։ Միգուցե այն ծրագրում է ապագան։ Նորի մեջ գուցե կգտնես հիասթափություն, ու հիասթափված կփակես այս գիրքը։
  • Ցանկացած կերպար այս գրքում կարող է հանկարծ իր տեղը զիջել մեկ ուրիշին կամ փոխել իր անունը, վերանվանվել ու բնութափոխվել. նրանք անընդհատ նոր անձնագրեր են պահանջում ժանրի սահմաններն անցնելու համար։ Հետևաբար անհնար է գրի առնել կամ փոխանցել այն ամենը, ինչ նրանք մտադրված են ասել կամ մտածել կամ մտածում են կամ մտադրված լինելով մտապահում են ու չեն ասում կամ գիտեն ու թաքցնում են կամ չեն թաքցնում։
Սակայն 1991-ին ընտրություն չունեինք, շատերիս բնակարաններում այրվում էին գրքեր ու հնարավոր է, որ այրվող գրքերից մեկը լիներ հենց այն տարօրինակ գիրքը, որից մեր աչքերի տակ հայտնվում էին սև կիսաշրջաններ, բայց ընկեր Մարտիրոսյանի դասարանում, եթե ոչ ծխի քուլաներն էին պարուրում մեր սառած մարմինները, ապա մեր իսկ շունչը, որն արտաշնչելով տեսնում էինք, պարզ, ու գիտակցում, որ կենդանի ենք, և նույնիսկ եթե ընտրություն չունեինք այդ ժամանակաշրջանում պատերազմի ու սովետի քանդման պատճառով, ապա գոնե կարող էինք մաշել այդ տարօրինակ գիրքը ձեռքից ձեռք փոխանցելով ու փրկելով այն վառարանի ջերմությունից, ինչպես իռլանդացի գրողն էր պաշտպանել իր գրքի գոյությունը, ընդունելով հասարակության դատավճիռն ու հեռանալով, ինչպես որ հեռանում են անվերադարձ, առանց հետ նայելու, որպես տարագիր։
  • Բայց գրքերը երբեք նույն ձևով չեն այրվում, ուրեմն ինչո՞վ է տարբերվում այս կրկնությունը։
  • Արձանագրի, ասում է լուսինեն, գրի նրա մասին ու եթե ընդունակ ես, ապա գրիարձանը նրա, տաքսու մեջ կիսանստած, շալով կիսափաթաթված ու այդպես կիսով չափ ու ոչ ամբողջական, ինչպես հիշողությունն է վերարտադրում, գրի Արաքսի մասին։ Գրի այնպես, որ զգամ, բայց գրել նշանակում է ոչ թե ստեղծել իրականին մոտ պատկերներ, այ կործանել նմանությունը, ու սրբագրելով դու սրբում ես արատները, անհետացնում թերությունները, համբերատար սպասող, սպասված, որ իրենց հայտնաբերեմ լուսանկարչական իմ ապարատով, որ զուր էր ճիգը քո, ու զուր էին խոսքերն ու որ ընդունակ չես ու չես կարողանալու արձանագրել, ու միայն ընդօրինակելով ուրիշներին, միայն ուրիշից փոխառված բառերով է, որ պետք է ստեղծես քո ճղճիմ արձանն ու միայն հասկանալով ու հասկացած լինելով որ ձախողելու ես:
  • Չեմ թաքցնելու քեզանից, սիրելի ընթերցող։ Որոշվեց ու թող փոխվի եղանակը, որ գնացքով գնան։
  • Միակ տարբերությունն այն է, թե դու ինչ ես տեսնում ու այն, ինչ տեսնում ես կախված է լույսի անկման անկյունից։ Դրանից քո տեսածը տարբերվում է մյուսների տեսածից, ու այստեղից հետևում է, որ վեպն ավելին է, քան տեսածդ։
  • Գիտությունը խուսափում է անակնկալ բաներից, փորձում է դրանք վերացնել։ Արվեստը փնտրում է անսպասելին։
  • Հայելու միջից նայում է (այդ անանձնագիր) օտար մեկը. գիտես որ դու ես բայց միայն գիտես ու իմացածդ տեսածիդ ու զգացածիդ հետ չի համընկնում քանի որ չես կարող կանխատեսել (ու դրանից բացարձակապես կախման մեջ ես) թե ինչ է անելու հաջորդ վայրկյանին։
  • Եղիր մեր պես, Արաքս Ներկարարյան, ու կներենք արածիդ համար, թույլ կտանք վերադառնաս։
  • (ուրիշ ինչպես կարելի է կին ծնված լինելուն արձագանքել, եթե ոչ առևանգելով գալիքը)
  • (այսուհետև «ու» տառը հանվմ է գործածությնից[1])

Աղբյուր

[խմբագրել]
  • «Զարուբյանի կանայք», շուշան ավագյան[1], լուսինե թալալյան[1], Երևան, Հեղինակային հրատարակություն, 2014, ISBN 978-9939-0-0958-2

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 Պահպանված են հեղինակային ուղղագրությունը և կետադրությունը