Աննա Կարենինա

Վիքիքաղվածք-ից
Աննայի և որդու հանդիպումը

«Աննա Կարենինա» (ռուս.՝ Анна Каренина), Լև Տոլստոյի վեպը՝ գրված 1878 թվականին։ Վեպում նկարագրվում է ամուսնացած մի կնոջ՝ Աննայի և սպա Վռոնսկու սիրային պատմության, ռուսական կենցաղի, կյանքի, բարքերի մասին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի[1]։
  • Փրկել կարելի է այն մարդուն, ով չի ուզում կորչել[2]։
  • Ամենից սարսափելին այն է, որ բոլորի պատճառը ես եմ, բայց ես մեղավոր չեմ։
  • Բոլորի պատճառն այդ տխմար ժպիտն է։
  • Պատասխան չկար, բացի ընդհանուր այն պատասխանից, որ կյանքը տալիս է բոլոր ամենաբարդ և անլուծելի հարցերին։ Այդ պատասխանն է. պետք է ապրել օրվա պահանջներով, այսինքն՝ մոռացության տրվել։
  • Ամեն խելոք բան այնպես ձանձրալի է։
  • Ոչ ոք գոհ չէ իր դրությունից, բայց ամեն ոք գոհ է իր խելքից։
  • Սերը ճանաչելու համար նախ պետք է սխալվել, ապա ուղղվել։
  • Եթե այնքան գլուխ, այնքան խելք, ապա՝ որքան սիրտ, այնքան սիրո տեսակ։
  • Չկա վիճակ, որից ելք չլինի։
  • Արդեն մի անգամ ապրած խանդի առաջին պոռթկումը այլևս չէր կարող կրկնվել, նույնիսկ անհավատարմության բացվելը չէր կարող այլևս այնպես ազդել նրա վրա, ինչպես առաջին անգամ։
  • Ես ասացի և կրկնում եմ, որ ես հպարտ եմ ու երբեք, երբեք չեմ անի այն, ինչ անում ես դու, վերադառնալ այն մարդու մոտ, ով դավաճանել է քեզ, ով սիրել է ուրիշ կնոջ։ Ես այդ բանը չեմ հասկանում։ Դու կարող ես, իսկ ես չեմ կարող։
  • Վիրավորել կարելի է միայն ազնիվ մարդուն, ազնիվ կնոջը, բայց գողին ասել, որ նա գող է, նշանակում է միայն հաստատել փաստը։
  • ․․․չէ՞ որ մեր այս ամբողջ աշխարհը փոքրիկ բորբոս է, որ բուսել է մանրիկ մոլորակի վրա։ Իսկ մենք կարծում ենք, որ մենք կարող ենք ունենալ ինչ-որ մեծ գործեր, մտքեր[3]։
  • Ամեն մարդ իր վիշտն ունի։
  • Ալեքսեյ Ալեքսանդրովիչի գործած սխալն այն էր, որ նա պատրաստվելով կնոջ հետ տեսակցության, չմտածեց այն պատահականության մասին, որ կնոջ զղջումը կլինի անկեղծ և ինքը կների, իսկ կինը չի մեռնի։
  • Կանայք սիրում են մարդկանց նույնիսկ նրանց արատների համար, բայց ես ատում եմ նրան իր առաքինությունների համար։
  • Կրոնը սանձ է միայն ազգաբնակչության բարբարոս մասի համար։
  • Ինչի՛ համար են հանդերձյալ աշխարհի մասին եղած այս բոլոր սարսափելի ու փքուն խոսքերը, երբ կարելի է այս աշխարհում էլ ապրել շատ ուրախ։
  • Սեր… ես հենց այն պատճառով չեմ սիրում այդ բառը, որովհետև ինձ համար այն չափազանց շատ բան է նշանակում, անհամեմատ ավելի շատ, քան դուք կարող եք հասկանալ։
  • Լինում է այնպիսի ժամանակ, երբ ամբողջ ամիսը հիսուն կոպեկով կտաս, երբեմն էլ կես ժամը ոչ մի գումարով չես զիջի։
  • Կասկածները հատուկ են մարդկային թուլությանը։
  • Ով ուզում է եկամուտ ունենալ, պետք ունենա մեծ գլխացավանք։
  • Ընտանեկան կյանքում որևէ բան ձեռնարկելու համար անհրաժեշտ է կա՛մ լիովին պառակտում ամուսինների միջև, կա՛մ սիրահոժար համաձայնություն։ Իսկ երբ ամուսինների հարաբերություններն անորոշ են, և չկա ո՛չ մեկը և ո՛չ մյուսը, ոչ մի գործ չի կարող ձեռնարկվել։ Շատ ընտանիքներ տարիներով մնում են ամուսինների համար զզվելի դարձած նույն պայմաններում այն պատճառով միայն, որ չկա ո՛չ կատարյալ պառակտում ո՛չ էլ համաձայնություն։
  • Հարգանքները հնարավոր են նրա համար, որպեսզի թաքցնեն այն դատարկ տեղը, որտեղ պետք է լինի սերը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Աննա Կարենինա:Վեպ/ 2 հատորով/ թարգմանություն` Վ. Առաքելյան, Երևան։ Սովետական գրող, 1979 թվական, 515 էջ։
  2. Հայտնի մարդկանց աֆորիզմներ -2
  3. Լև Տոլստոյ «Աննա Կարենինա»

Աղբյուրներ[խմբագրել]

  • Աննա Կարենինա։Վեպ/ 2 հատորով/ թարգմանություն՝ Վ. Առաքելյան, Երևան։ Սովետական գրող, 1979 թվական, 515 էջ։
  • Աննա Կարենինա։ Հատոր երկրորդ, թարգմանությունը Վահե Տեր-Առաքելյանի, «Սովետական գրող» հրատարկչություն, Երևան, 1979,
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աննա Կարենինա հոդվածը նաև Վիքիպեդիայում: