Jump to content

Տափաստանի գայլը

Վիքիքաղվածք-ից
«Տափաստանի գայլը» գրքի գերմաներեն առաջին հրատարակության շապիկը

«Տափաստանի գայլը» (գերմ.՝ Der Steppenwolf), գերմանացի գրող Հերման Հեսսեի վեպը, որ առաջին անգամ հրատարակվել է 1927 թվականին Գերմանիայում։ Համարվում է գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Տառապյալի հիվանդությունը չի կապվում նրա բնավորության ինչ-ինչ արատների հետ, այլ միանգամայն հակառակը՝ արդյունք է ներդաշնակության չհասած նրա ուժերի ու շնորհների արտակարգ առատության։
  • Նրա ողջ կյանքն օրինակ էր այն բանի, թե սեփական անձի հանդեպ առանց սիրո անհնար է նաև սերը դեպի մերձավորը, որ ինքնատելությունը ճիշտ և ճիշտ նույն բանն է և ուղղակիորեն հանգեցնում է նույն սարսափելի մենակությանը և հուսահատությանը, ինչպես որ ուժեղ եսասիրությունը։
  • Մարդկանց մեծ մասը չի ցանկանում լողալ, մինչև չի սովորում։ (Նիցշե)
  • Մի անգամ, այն բանից հետո, երբ մենք խոսում էինք, այսպես կոչված, միջնադարյան դաժանությունների մասին, նա ինձ ասաց.
– Իրականում դրանք բնավ էլ դաժանություն չեն ներկայացնում։ Միջնադարի մարդուն մեր այսօրվա կենսակերպը կարող էր թվալ ավելի քան դաժան, սարսափելի ու վայրենի։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան, յուրաքանչյուր մշակույթ, յուրաքանչյուր սովորություն ու սովորույթ ունի իր ոճը, իրեն համապատասխան քնքշությունն ու դաժանությունը, ինչ-ինչ տառապանքներ նրանց համար թվում են բնական, չարության ինչ-որ տեսակ թվում է տանելի։ Մարդկային կյանքն իսկական տառապանք, դժոխք է դառնում այնտեղ, որտեղ հանդիպում են երկու ժամանակաշրջաններ, երկու մշակույթ, երկու կրոն։ Եթե անտիկ դարաշրջանի մարդը ստիպված լիներ ապրել միջնադարում, ապա նա ողորմելիորեն շնչահեղձ կլիներ, նմանապես որևէ վայրենի շնչահեղձ կլիներ մեր քաղաքակրթության պայմաններում։ Բայց կան ժամանակներ, երբ ամբողջական սերունդներ հայտնվում են երկու դարաշրջանների, երկու կենսակերպերի միջակայքում այնպես, որ ոչնչանում է ցանկացած բնականություն, ցանկացած ավանդույթ, ցանկացած պաշտպանվածություն ու անմեղություն։ Էականաբար, դրա ազդեցությունը ոչ բոլորն են զգում։ Այնպիսի մարդը, ինչպիսին էր Նիցշեն, այսօրվա ցավը զգաց և տառապեց շատ և մի ամբողջ սերունդ ավելի վաղ. այն, ինչ նա ապրեց մենակության և չհասկացված լինելու պայմաններում, այսօր հազարավորների ճակատագիրն] է։
  • Մենակությունը անկախություն է, ես ինքս եմ այն ցանկացել ու նվաճել ինձ համար երկար տարիների ընթացքւմ։ Մենակությունը սառն էր, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես սառը, անաղմուկ տարածությունը, որի մեջ շարժվում եմ աստղերը։
  • Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհ ի համար դու շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան։ Ով այսօր ուզում է ապրել ու իր կյանքից գոհ լինել, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման։ Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախությունններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ…
  • Սեփական անհատականությունը ոչնչացնելու փոխարեն նրան միայն հաջողվել էր ինքն իրեն ատելուն սովորեցնելը։
  • Ինչ երեկ նորմալ էր, այսօր արդեն աննորմալ է։
  • Ինչ հիմար են հնչում «գազան» կամ «գիշատիչ» բառերը։ Այդպես չի կարելի խոսել կենդանիների մասին։ Իհարկե, նրանք հաճախ լինում են սարսափելի, բայց շատ ավելի իսկական են, քան մարդիկ։ Նայիր որևէ կենդանու՝ կատվի, շան, թռչնի կամ մեծ, գեղեցիկ կենդանիներից որևէ մեկին կենդանաբանականում՝ կատվառյուծին կամ ընձուխտին։ Դու կտեսնես, որ նրանք բոլորը անկեղծ են, ոչ մի կենդանի շփոթված չէ կամ չգիտի, թե ինչ է անում և ինպես է պետք իրեն պահել։ Նրանք չեն ուզում քեզ դուր գալ։ Թատրոն չկա։ Նրանք այնպիսին են, ինչպիսին կան, ինչպիսին քարերը, ծաղիկները և աստղերը երկնքում։
  • Հավերժության մեջ իրականում ժամանակ չկա. հավերժությունը` ընդամենը մի ակնթարթ է, որը բավարար է կատակի համար։
  • Ամեն մարդ կարծում է, որ իր տառապանքը ամենածանրն է։
  • Ինքնասպանությունը` հիմարություն է, վախկոտություն, ստորություն, դա անփառունակ խայտառակ ելք է` ամենաամոթալի ելքը այս տանջանքի ջրաղացից։
  • Եթե յուրաքանչյուր ուժ կարող է վերածվել թուլության, ապա բնույթով ինքնասպանը, ընդհակառակը, կարող է իր թվացյալ թուլությունը վերածել ուժի, և այդ էլ անում է արտակարգային հաճախ։
  • Երբ մի կարճ ժամանակ չեմ ապրում ոչ ուրախություն, ոչ էլ վիշտ և շնչում եմ, այսպես կոչված, լավ օրերի գաղջ, անհամ տանելիությունը, իմ մանկական հոգին այնպես է պարուրվում անափ վշտով, որ բավականաչափ ժանգոտված տավիղը շպրտում եմ բավականության աստծո գոհունակ ու քնատ դեմքին և ավելի հաճույքով նախընտրում եմ իմ մեջ սատանայական այրող ցավն զգալ, քան այս առողջարար սենյակային ջերմաստիճանը։
  • Այն մարդիկ, որոնց կյանքը չափազանց անհանգիստ է, իրենց երջանկության հազվադեպ ակնթարթների մեջ երբեմն այնպիսի ուժ ու անասանելի գեղեցկություն են զգում, երջանկության փրփուրը երբեմն տառապանքի ծովից այնպիսի կուրացուցիչ բարձրության է հասնում, որ այդ կարճատև բռնկման լույսը հասնում է նաև մնացած բոլոր մարդկանց ու կախարդում նրանց։
  • Աշխարհը չի կործանվել ոչ կամերային երգչախմբի, ոչ էլ բարեկամի բացակայության պատճառով, և ծիծաղելի բան էր կործանել ինքն իրեն ջերմության հանդեպ անզոր կարոտից։
  • Աշխարհը դա ճանաչում, որոնում և սիրում է, մեծ մասամբ, բանաստեղծություններում, կյանքում դա թողնում է խելագարության տպավորություն..
  • Յուրաքանչյուրին իրեն բաժին ընկած տառապանքները թվում են ամենածանրը։
  • Տարիներ շարունակ ես չունեի ոչ մի զբաղմունք, ընտանիք, հայրենիք, դուրս էի հասարակական բոլոր խավերից, միայնակ էի, չսիրված ոչ մեկից, շատերի մեջ կասկածներ հարուցող` հասարակական կարծիքի, հասարակական բարոյականության հետ մշտապես գտնվելով դաժան հակադրության մեջ ու թեև դեռ ապրելով քաղքենիական միջավայրում` իմ բոլոր մտքերով ու զգացմունքներով ես օտար էի այդ աշխարհին։ Կրոնը, հայրենիքը, ընտանիքը, պետությունն ինձ համար կորցրել էին իրենց արժեքը և ոչ մի նշանակություն չունեին, գիտության, արվեստների, արհեստակցական խմբերի փառասիրությունը առաջ էին բերում իմ զզվանքը, իմ հայացքները, իմ ճաշակը, իմ ամբողջ մտածողությունը, որոնցով մի ժամանակ, իբրև ընդունակ և սիրված մարդ, ես փայլել էի, այժմ մատնվել էին անուշադրության, վայրիացել, մարդկանց համար դարձել կասկածելի։ Եթե այս տանջալից փոփոխությունների ընթացքում ես ձեռք էի բերում անտեսանելի և անկշռելի ինչ-որ բան, բայց դրա համար վճարում էի շատ թանկ, ու ամեն անգամ իմ կյանքը դառնում էր ավելի ծանր, ավելի դաժան, ավելի միայնակ ու ավելի վտանգավոր։ Իսկ եթե ուզում եք ճշմարիտն իմանալ, ես ոչ մի հիմք չունեի ցանկանալու շարունակությունն այն ճանապարհի, որն ինձ մշտապես առաջնորդում էր օդային տարածքներ, նման այն ծխին, որ կա Նիցշեի աշնանային երգում։ Անշուշտ, ինձ ծանոթ էին այդ զգացումները, այդ փոփոխությունները, որ ճակատագիրը սահմանում է իր դժվար, իմ ամենանուրբ երեխաների համար, շատ լավ ծանոթ էին դրանք ինձ։ Ես դրանց ծանոթ էի, ինչպես պատվախնդիր, սակայն անհաջողակ որսորդն է ճանաչում որսի բոլոր փուլերը, ինչպես փորձառու բորսային գործակալը կարող է իմանալ չարաշահության, օգուտ ստանալու, անվստահության, տատանումների, սնանկացման բոլոր ձևերը։ Մի՞թե ես պետք է նորից անցնեմ այս ամենի միջով։ Այդ ամբողջ տառապանքի, այդ բոլոր խելագար դժվարությունների, սեփական ես-ի անփոփոխականության և ոչնչականության այդ բոլոր վկայությունների, պարտությունից ծնվող այդ սարսափելի երկյուղի, մահվան վախի միջով։ Ավելի խելոք, ավելի պարզ չէ՞ր լինի այդքան տառապանքները կանխելը, փախուստ տալը դրանցից։ Իհարկե, դա կլիներ թե ավելի խելոք, թե ավելի պարզ։ Ինքնասպանությունը գուցեև հիմար, փոքրոգի և ստոր բան է, գուցե անփառունակ և ամոթալի ելք է, սակայն տառապանքի այս ջրաղացից յուրաքանչյուր ելք , անգամ ամենաամոթալին, ցանկալի է, այս դեպքում այլևս հարկ չկար հերոսականության և մեծահոգության ներկայացում տալու, այստեղ ես կանգնում էի սովորական ընտրության առաջ` փոքր , անցողիկ ցա՞վ, թե՞ մտքից դուրս դաժան և անվախճան տառապանք։ Իմ այդքան դժվարին, այդքան խելագար կյանքում բավականին հաճախ ես եղել էի մեծահոգի Դոն Կիխոտ, պատիվը նախընտրել էի հարմարավետությունից, հերոսականությունը` բանականությունից։ Բավական է , և ՎԵՐՋ այլևս դրան։
  • Մշտապես շատ տպավորվող ու զգայուն մարդիկ ամենափոքր ցնցման դեպքում ամբողջությամբ տրվում են ինքնասպանության գաղափարին։
  • Իրականում յուրաքանչյուր «Ես», անգամ ամենապարզունակը, միակություն չէ, այլ բազմաբարդ աշխարհ, աստղային լայնարձակ երկինք, ձևերի, աստիճանների և վիճակների, ժառանգականության և հնարավորությունների քաոս։
  • Հավերժության մեջ ժամանակ չկա, հավերժությունը սոսկ մի ակնթարթ է, որը բավական է հենց մի կատակի համար։
  • Ինչպես որ խելագարությունն է ամենաբարձր իմաստով ամեն մի իմաստության սկիզբ, այնպես էլ մտագարությունը ամեն մի արվեստի, ամեն մի երևակայության ակունքն է։
  • Արարված ամեն ինչ, տեսքով նույնիսկ ամենաանմեղը, արդեն իսկ մեղավոր է, արդեն իսկ բազմաձև է, նա նետված է կազմավորման անմաքուր հոսքի մեջ և այլևս երբեք չի կարող լողալ դեպի ետ` հոսանքին հակառակ։
  • Եթե քեզ` քո իսկ բավականության համար անհրաժեշտ է ուրիշների թույլտվությունը, ապա դու իրոք ողորմելի մարդ ես։
  • Բարեպաշտ լինելու համար ժամանակ է պետք, ավելին՝ անկախության ժամանակից։ Դու չես կարող լուրջ բարեպաշտ լինել և միաժամանակ ապրել իրականության մեջ ու քեզ նաև բարեպաշտ պահել։
  • Նրանք չեն ցանկանում մտածել, չէ որ նրանք ծնվել են ապրելու համար, ոչ մտածելու…
  • Յուրաքանչյուր բարձր երգիծանք սկսվում է նրանով, որ դադարում ես լրջորեն ընդունել սեփական անձդ։
  • Յուրաքանչյուրն իր հոգու խորքում հասկանում է, որ ինքասպանությունը թեև ելք է, բայց փոքր-ինչ ստոր և ոչ օրինական պահեստային ելք, որ, ըստ էության, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ է հաղթվել և դիտապատ ընկնել հենց կյանքից, քան սեփական ձեռքով։
  • Մեր երկրի ու ողջ աշխարհի գործերը ավելի լավ կգնային, եթե թեկուզև մի քանի մարդ, ովքեր ընդունակ են մտածելու, ճանաչեն բանականություն և սերը՝ փոխանակ կուրորեն և խելացնորությամբ համակված, նոր պատերազմի ձգտեն։
  • Ամեն մարդ իր մահացու մեղքն ունի։
  • Վերևը և ներքևը գոյություն ունեն միայն մտածողության, միայն վերացականության մեջ։ Իսկ աշխարհը, ինքնին, չի ճանաչում ոչ վեր, ոչ էլ վար։
  • Երբ մարդը շատ տխուր է, տխուր է ոչ թե նրա համար, որ ցավում է ատամը, կամ դրամ է կորցրել, այլ որ հանկարծ զգում է, թե ինչ է այս ամենը, ամբողջ այս կյանքը, և նրա թախիծը անկեղծ է, այդ ժամանակ նա մի փոքր նման է կենդանու, այդ ժամանակ նա տխուր տեսք ունի, բայց նրա մեջ ավելի շատ է անկեղծությունը և գեղեցկությունը, քան այլ պարագայում։
  • Յուրաքանչյուր ոք ունի իր ճակատագիրը, ոչ մեկինն էլ մյուսից ավելի թեթև չէ։
  • …Այդպես էր և Տափաստանի գայլի կյանքում։ Նա մեծ մասամբ շատ դժբախտ էր, դա ժխտել չէր կարելի, և դժբախտացնում էր ուրիշներին, հատկապես, երբ սիրում էր նրանց, և նրանք էլ՝ իրեն։ Քանզի բոլորը, ովքեր սիրում էին նրան, տեսնում էին նրա մի կողմը։ Շատերը նրան սիրում էին իբրև նուրբ, խելացի և ինքնատիպ մարդու և սարսափում ու հիասթափվում էին, երբ նրա մեջ հանկարծ հայտնաբերում էին գայլին։ Եվ չհայտնագործել չէին կարող, քանի որ Հարրին, ինչպես բոլորը, ցանկանում էր, որ իրեն սիրեն ամբողջությամբ, ուստի չէր կարողանում նրանցից, ում սերն իր համար շատ բան էր նշանակում, թաքցնել գայլին և ստել։ Բայց կային և այնպիսինները, որ նրա մեջ սիրում էին հենց գայլին, հենց ազատությունը, վայրենությունը, սարսափը և ուժը, և նրանց նույնպես սոսկալի հուսախաբության էր մատնում ու տանջում, երբ հանկարծ պարզվում էր, որ այդ կատաղի, չար գայլն ընդամենը նույնպես մարդ էր և իր մեջ դեռ բաղձանք ուներ առ բարին, առ քնքշությունը, նաև Մոցարտ լսել, բանաստեղծություններ կարդալ, մարդկային իդեալներ ունենալ էր ցանկանում։ Ամենից շատ, սովորաբար, հենց սրանք էին հիասթափվում ու չարանում, և այդպիսով՝ Տափաստանի գայլն իր սեփական երկատվածությունն ու հակասականությունը փոխանցում էր նաև այն օտար ճակատագրերին, որոնց հետ շփվում էր…
  • Այո, հենց այդ է, որ աշխարհում չափից դուրս շատ է մարդկանց թիվը։ Նախկինում դա այնքան էլ նկատելի չէր։ Բայց այսօր, երբ յուրաքանչյուրը ցանկանում է ոչ միայն օդ շնչել, այլև ավտոմոբիլ ունենալ, այդ բանը նկատվում է։
  • Անգամ ամենադժբախտ կյանքն ունի իր արևային ժամերը և երջանկության փոքրիկ ծաղիկները ժայռերի ու ավազների մեջ։
  • Լրջությունը ծնվում է ժամանակը գերագնահատելիս։
  • Յուրաքանչյուր անգամը կարող է լինել վերջինը։
  • Յուրաքանչյուր բարձր երգիծանք սկսվում է նրանով, որ դադարում ես լրջորեն ընդունել սեփական անձդ։

Աղբյուրներ

[խմբագրել]

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Հեսսե Հ., Տափաստանի գայլը։ Բնագր. թարգմ., վերջաբ. և ծանոթագր.՝ Ա. Առաքելյանի; Խմբ.՝ Ս. Թորոսյան, Երևան, «Նաիրի» հրատ., 2003, 240 էջ։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Տափաստանի գայլը հոդվածը նաև Վիքիպեդիայում: