Կառափնարան
Արտաքին տեսք
«Կառափնարան», Չինգիզ Այթմատովի վեպը, որ հրատարակվել է 1988 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամեն ինչին դատավոր է կյանքը։
- Տարին տարուց տարբեր է։
- Գազանների աշխարհում էլ կարող են երջանիկներ և դժբախտներ լինել։
- Մարդկանց ամենասովորական գործերի մեջ է բարի և չարու սկիզբը երկրում։ Եվ այստեղ ամեն ինչ կախված է հենց մարդկանցից, թե նրանք ինչին կուղղեն այդ մարդկության համար սովորական բաները՝ բարուն, թե չարին, ստեղծելուն, թե կործանելուն։
- Արևը և տափաստանը հավերժական մեծություններ են. արեգակով է չափվում տափաստանը, թե ինչ մեծության է արեգակով լուսավորված տարածությունը։ Իսկ տփաստանի գլխի երկինքը չափվում է ուրուրի թռիչքի բարձրությամբ։
- Եթե նրանք վազքից շնչասպառ ետ մնային անհասանելի նպատակից, այլևս երբեք չէին փորձի խիզախել, համարձակությունը կկորցնեին։
- …Երազանքներ, որոնց վիճակված էր հետագայում հիշվելու դառնությամբ, սրտի ցավով, ու պետք է երևային երազում հաճախակի, անվերջ…Չէ որ բոլոր երազանքներն են այդպես՝ ծնվում են երևակայության մեջ, հետո, մեծ մասամբ, խորտակվում այն բանի համար, որ համարձակվել են ծիլ տալ առանց արմատների…Չէ որ այդպես են բոլոր երազները, և դրանում է ողբերգական անհրաժեշտությունը նրանց բարին ու չարն իմանալու։
- Ամեն արարածի համար իր դրախտն է նախասահմանված։
- Թե Աստված այդպես չի սահմանել, ուրեմն փոխել չես կարող։
- Ամեն մի պաշտոնական եզրակացության ետևում միշտ լինում են այլևայլ կենսական հանգամանքներ, որոնք որոշում են պատմության ընթացքը։ Իսկ այդ հանգամանքները, վերջին հաշվով, մարդիկ են, իրենց մղումներով ու կրքերով, արատներով և առաքինություններով, իրենց անկանխագուշակելի տարուբերումներով և հակասություններով։
- Դժվար է որոշել, թե ինչ է մարդկային կյանքը։ Համենայն դեպս, ամեն տեսակի մարդկային հարաբերությունների, ամեն տեսակի խառնվածքների անվերջանալի զուգակցություններն այնքան բարդ են, որ ոչ մի գերժամանակակից կոմպյուտերային սիստեմ ի վիճակի չէ ամբողջացնելու ամենասովորական մարդկային խառնվածքների մի ընդհանուր կորագիծ։
- Եվ հազարավոր մարդկանց մեջ ես դու միայնակ, և ինքդ քեզ հետ մենակ մնացած՝ միայնակ ես։
- Եթե հիրավի գոյություն ունի հեռազգացություն, որպես մոտ խառնվածքների գերզգայուն հաղորդակցություն՝ ծայրահեղ լարված հոգեվիճակներում, ապա այդ գիշեր անպայման նրա հոգին անորոշ մի տառապանք պիտի զգար, պիտի ունենար աղետի կանխազգացում։
- Թող սեր չիմանա նա, ով կարող է իսկապես սիրել։
- Աստված, ի հայտ գալով սիրո միջոցով, դրանով իսկ մարդուն պարգևում է կեցության ամենաբարձրագույն երջանկությունը, և շռայլությունն Աստծու այստեղ անսահման է, ինչպես անսահման է ժամանակի ընթացքը, իսկ սիրո դերն անկրկնելի է ամեն մի առանձին դեպքում և ամեն առանձին մարդու համար։
- Բոլոր խենթերն էլ աշխատում են իրենց համար որևէ անհեթեթ արդարացում գտնել։
- Ոչ, համենայն դեպս, ճակատագիր կա, այն կանխորոշում է և՛ լավ, և՛ վատ իրադարձությունները։
- Ամեն ինչ բերկրալի և իմաստավորված է քաղաքում, եթե հոգուդ մեջ չկա ստվեր և կարճատև ներդաշնակություն է տիրում կեցության։
- Օ՜, որքան մեծ է մարդու ձգտումը լսելի լինելու վերևում։ Եվ որքան եռանդ, որքան միտք է դրել նա հավաստիացումների, զղջումների, փառաբանությունների մեջ հարկադրելով իրեն հանուն դրա հնազանդության, խոնարհության, հեզության հակառակ իր ընդվզող արյան, հակառակ մշտապես խռովության, նորության և ժխտման տենչող իր տարերքի։
- Դարերի ընթացքում այնքան անվերջանալի աղերսանք ու աղոթքներ են ասվել, որ եթե դրանք լինեին նյութեղեն, վաղուց հեղեղած պետք է լինեին ամբողջ աշխարհը ափերիից ելած դառնաղի օվկիանոսների նման։
- Որքան դժվար է մարդու մեջ ծնվել մարդկայինը։
- Գեղեցկությունն ու իմաստը սեփական կոչման՝ մի անգամ աշխարհ գալով սիրել կարգը նրա հրաշքներով լի։
- Ով շատ է տառապել, շատ է իմացել։
- Եթե թշնամին անձնատուր չի լինում, նրան ոչնչացնում են։
- Դաժանությունը ծնում է պատասխան դաժանություն։
- Երբ թշնամին սպանվում է մարտում, նա դադարում է թշնամի լինելուց։
- Հայրենիքն անկարելի է տանել, կարելի է տանել կարոտը, եթե հնարավոր լիներ հայրենիքը հետդ քարշ տալ մի պարկի նման, ապա այն կոպեկ չէր արժենա։
- Երգիր, ուրախացիր, տխրիր ու լացիր, պար եկ, քանի դեռ ողջ ես։
- Ում ես սիրել, ում ես սրտի դողով սպասել հանդիպման, ով է քեզ դադարել սիրելուց, և ինչպես ես տառապել, ինչպես ես դու, հասկացված չլինելով, ուզել մեռնել, ուզել, որ երգը քո մահից առաջ լսի նա, ինչպես է մայրդ գուրգուրել քեզ մանուկ ժամանակդ, և որտեղ է հայրդ սպանվել, ինչպես են բարեկամներդ կռվել արյունալի մարտում, ինչ աստվածների առջև ես սիրտդ բացել մաքուր և ազնիվ պոռթկումով. և մտածել ես արդյոք, թե ինչ է մարդու ծնունդը, և մտածել ես, որ մահը միշտ քեզ հետ է, քանի դեռ շնչում ես, իսկ մեռնելուց հետո մահ չկա, սակայն կյանքը բարձր է մահից, կյանքից բարձր ոչինչ չկա աշխարհում, և ուստի խուսափիր մարդասպանությունից, սակայն եթե թշնամին եկել է քո երկիր, երկիրդ պաշտպանիր, և սիրեցյալիդ պատիվը պաշտպանիր, ինչպես երկիրդ հայրենի, ապրել ես արդյոք դու բաժանում, ու գիտես, որ բաժանումը ծանր է, ինչպես ծանր սարը մեջքիդ առնես, բայց առանց սիրեցյալի ոչինչ քեզ չի ուրաիսացնի. ոչ ծաղիկ, ոչ լույս, ոչ օրը գալիք…
- Մտքի արագության դիմաց լույսի արագությունը ոչինչ է, միտքը, որ անցյալը գնալով, ժամանակի և տարածության մեջ կարող է ետ դառնալ ամեն ինչից արագ։
- Արժեքը գնով է իմացվում։
- Երբ քեզ համար հայտնագործություն ես կատարում, քո մեջ ամեն ինչ համերաշխ է լինում և հոգիդ պայծառանում է։
- Որտեղի՞ց է այս ամենը մարդու մեջ՝ երաժշտություն, երգեր, աղոթքներ, ինչու՞ են դրանք անհրաժեշտ եղել և են։ Թերևս ենթագիտակցական զգացողությունից կյանքի հորձանուտում սեփական գոյության ողբերգականության, երբ ամեն ինչ գալիս և ամեն ինչ գնում է, նորից է գալիս և նորից գնում, ու մարդը հույս ունի այդ կերպ արտահայտելու, նկատելի դարձնելու, հավերժացնելու իրեն։ Չէ որ երբ ամեն ինչ վերջանա, երբ վրա հասնի միլիարդավոր տարիներ հետո այն գալիք աշխարհի վերջը և մեր մոլորակը մեռնի, մարի, ինչ-որ համաշխարհային գիտակցություն ուրիշ գալակտիկաներից եկած, մեծ լռության և ամայության մեջ պետք է անպայման լսի մեր երաժշտությունն ու երգը։ Մի բան, որ անջնջելիորեն դրված է մեր մեջ մեր ստեղծման օրից՝ ապրել մեռնելուց հետո։ Չէ որ այնքան կարևոր է մարդու համար, այնքան անհրաժեշտ վստահ լինել, որ այդ երկարացումն իր համար սկզբունքորեն հնարավոր է։ Հավանաբար մարդիկ կմտածեն իրենցից հետո թողնել այնպիսի մի հավերժական մեքենայական սարքավորում, վոկալ-երաժշտական մի շարժիչ, դա կլինի անթոլոգիան բոլոր ժամանակների մարդկային մշակույթի մեջ ստեղծված լավագույնի, որ նրանք, ովքեր կլսեն այդ երգերն ու երաժշտությունը, կկարողանան հասկանալ, զգալ, թե ինչ հակասական էակներ են եղել երկրում մարդիկ, միակ բանականությամբ օժտվածները։
- Կյանք, մահ, սեր, կարեկցանք և ներշնչանք՝ ամեն ինչ ասված կլինի երաժշտության մեջ, քանզի այդտեղ, երաժշտության մեջ մենք կարողացել ենք հասնել առավելագույն ազատության, որի համար պայքարել ենք ողջ պատմության ընթացքում, սկսած մարդու գիտակցության առաջին նշույլներից, բայց որին հասնել մեզ հաջողվեց միայն երաժշտության մեջ։ Եվ միայն երաժշտությունն է, որ բոլոր ժամանակների դոգմաները հաղթահարելով, միշտ դեպի գալիքն է ուղղված…Ուստի նա հնարավորություն ունի ասել այն, ինչ մենք չենք կարող ասել…
- – Հնավանդ կրոններն այսօր անհուսալի կերպով հնացել են, չի կարելի լրջորեն խոսել մի կրոնի մասին, որը նախանշված է եղել արթնացող զանգվածների տոհմային գիտակցության համար։ Ինքներդ էլ հասկանում եք, եթե պատմությունը կարողանա առաջ քաշել նոր կենտրոնական կերպար համաշխարհային հավատների հորիզոնում` Աստված-ժամանակակցի կերպար նոր, աշխարհի այսօրվա պահանջներին համապատասխանող աստվածային գաղափարներով, դեռ կարելի կլինի հուսալ, որ հավատի դավանանքն ինչ-որ արժեք կունենա։-Աբդիա
- – Եթե Քրիստոսը չխաչվեր, նա Աստված չէր լինի։ Արդարության համընդհանուր տիրապետության գաղափարով համակված այդ բացառիկ անձնավորությունը նախ գազանաբար սպանվեց մարդկանց կողմից, հետո երկինք հանվեց, գովերգվեց, ողբի արժանացավ և տառապանքով ձեռք բերվեց ի վերջո։ Այստեղ զուգակցվում է պաշտամունքն ու ինքնամեղադրումը, զղջումն ու հույսը, պատիժն ու ողորմածությունը՝ և մարդասիրությունը։ Այլ խնդիր է, որ հետո այդ ամենն այլասերվեց և հարմարեցվեց որոշակի ուժերի որոշակի շահերին, դեհ, այդպիսին է բոլոր ընդհանրական գաղափարների վերջը:-Վիկտոր Նիկիֆորովիչ
- – Աստվածախնդրությունը հասարակության մեջ ոչ մեկին հարկավոր չէ:-Վիկտոր Նիկիֆորովիչ
- – Աստված մեր հասկացողության մեջ անսահման է, իսկ քանի որ միտքը բնության մեջ զարգանում է իմացությունից իմացություն, այստեղից եզրակացություն է բխում՝ Աստված նույնպես պետք է զարգանալու հատկություն ունենա:-Աբդիա
- – Լսե՞լ ես երբևէ, որ տարեց մարդը, կյանքում շատ տառապանքներ տեսած, կյանքի վերջում հավատը կորցնի Աստծու նկատմամբ կամ էլ սկսի իր ձևով մեկնաբանել կրոնական հասկացություններր։ Ոչ, այդպիսի բան եթե անգամ պատահում է, անտարակույս, հազվադեպ միայն։ Աստվածայինի էությունը ավելի ու ավելի խորն է հասկացվում հենց տարիքի հետ։-Դիմիտրի
- – Դոգմատիզմը ամենաառաջին հենարանն է բոլոր կանոնակարգերի և բոլոր իշխանությունների:-Դիմիտրի
- – Իմ եկեղեցին միշտ ինձ հետ կլինի։ Իմ եկեղեցին՝ ես ինքս եմ։ Ես չեմ ընդունում տաճարներն ու էլ ավելի չեմ ընդունում հոգևորականներին, հատկապես նրանց այսօրվա տեսակը:-Աբդիա
- Ինչ է պոեզիան, եթե ոչ մարդկային հոգու ինքնահաստատումը տիեզերական տարածության մեջ։
- Ինչքան էլ մեծ լինի երկիրը, ինչքան էլ ուրախ ալի լինեն նոր տպավորությունները, այդ ամենը, սակայն, ոչինչ չարժե, ոչինչ չի տալիս մարդու մտքին ու սրտին, եթե նրա գիտակցության մեջ կա թեկուզ շատ չնչին մի ցավոտ կետ, որը կա֊ մաց֊կամաց որոշում է մարդու և ինքնազգացողությունը, և նրա վերաբերմունքը շրջապատի հանդեպ։
- Չարիքը դիմակայում է բարուն նույնիսկ այն ժամանակ, երբ բարին ուզում է օգնել չարիքի ճամփան բռնածներին։
- Որքան նեղվածք է մարդու համար մոլորակի վրա, ինչպես է նա վախենում, որ չի տեղավորվի, իրեն չի կերակրի, չի կարողանա գոյակցել ուրիշ իր նմանների հետ։ Եվ բանը նրանում չէ՞ արդյոք, որ նախատրամադրվածությունը, վախը, ատելությունը նեղացնում են մոլորակը մինչև ստադիոնի չափերի, որի վրա բոլոր հանդիսականները պատանդներ են, քանզի երկու թիմերն էլ, որպեսզի հաղթեն, հետները միջուկային ռումբեր են բերել, իսկ մարզասերները ոչինչ հաշվի չառնելով, բղավում են՝ գոլ, գոլ, գոլ։ Եվ հենց դա էլ մոլորակն է։ Իսկ չէ որ յուրաքանչյուր մարդու առաջ կանգնած է մշտական, անմարելի խնդիր՝ լինել մարդ այսօր, վաղը, միշտ։ Դրանից է գոյանում պատմությունը։ Ու՞ր ենք մենք գնում հիմա, կենսական ի՞նչ կարևոր պետքի համար են մարդիկ որոնում թույնը իրենց և իրենց նմանների համար, ի՞նչն է նրանց դրդում անելու այդ և ի՞նչ են գտնում նրանք ինքնուրացման այդ սարսափելի պտույտի մեջ։
- – Փողը մենա հիմարը չի սիրի:-Պետրյուխա
- – Իշխանություն, իշխանություն, որտեղ երկու մարդ, այնտեղ արդեն իշխանություն:-Աբդիա
- Գլխումդ խելք չեղավ, ոտներիդ հանգիստ չի լինի։
- – Մեխված ձեռները խաչի վրա տարածեց, գլուխը կախ գցեց, դեմքը տառապանքից ծամածռեց և խնդրեմ՝ հիացեք, ողբացեք և երկրպագեք մինչև աշխարհի վերջը։ Գիտես ինչ, որոշ խելոքներ իրենց համար վատ գործ չեն մոգոնել հավիտյանս հավիտենից՝ փրկել մեզ մեզնից։ Եվ ինչ, ո՞վ է փրկվել և ի՞նչ է փրկվել այս աշխարհում։ Պատասխանիր ինձ։ Ամեն բան ինչպես եղել է մինչև Գողգոթան, այնպես էլ մնացել է մինչև օրս։ Մարդը միշտ նույնն է։ Եվ մարդու մեջ մինչև օրս ոչինչ չի փոխվել։ Իսկ մենք շարունակ սպասում ենք, թե ահա կգա մեկը, որը կփրկի մեզ, մեղավորներիս։-Գրիշան
- – Առանձին, մեկուսացված ճակատագրեր չեն լինում, չկա ճակատագիրը ճակատագրից սահմանազատող գիծ, բացի ծնունդից ու մահից։ Իսկ ծնունդի ու մահվան արանքում մենք բոլորս միահյուսված ենք իրար, ինչպես թելերը գործվածքի մեջ:-Աբդիա
- - Մեր վերև կա Աստված որպես բարձրագույն չափանիշ խղճի և գթասրտության։ Աստծու վերին օգնությունը մեր կամքի մեջ է արտահայտվում։ Այն մեր մեջ է, այն մեր գիտակցության միջոցով ազդում է մեր վրա:-Աբդիա
- – Ի՞նչ է արատի ճիշտ գիտակցումը։ Իմ կարծիքով դա իր մեջ չարի դատապարտումն է Աստծո մակարդակով:-Աբդիա
- – Ազատությունը միայն այն ժամանակ է ազատություն, եթե չի վախենում օրենքից, այլապես այն սուտ է:-Աբդիա
- – Մարդուն այնքան բան են խոստացել իր արարման օրից, ինչ հրաշքներ ասես, որ չեն խոստացել նվաստացյալներին ու անարգյալներին. ահա Աստծու արքայությունը կգա, ահա դեմոկրատիա, ահա եղբայրություն, ահա և երջանկություն կոլեկտիվում, ուզում ես՝ ապրիր կոմունայով, իսկ թե ջանադիր լինես, այդ բոլորին ի հավելումն և դրախտ են խոստանում։ Եվ ի՞նչ եղավ իրականում։ Դատարկ խոսքեր։ Իսկ ես, թե կուզես իմանալ, մոռացություն եմ տալիս անամոքներին, կյանքում իրենց տեղը չգտածներին։-Գրիշան
- – Աշխարհում ամեն ինչի դիմաց հատուցում կա։ Ինչպես կյանքի համար հատուցում ես մահով:-Գրիշան
- – Ինչքան հող, ինչքան տարածություն ու լույս կա, իսկ մարդուն միևնույնն է, միշտ մի բան պակասում է, ու նախ և առաջ՝ ազատություն:-Աբդիա
- – Եվ առանց մարդկանց մարդը չի կարող ապրել, և մարդկանց հետ է դժվար:-Աբդիա
- Ամեն ոք ուրիշի մասին դատում է ըստ իր կասկածամտության։
- Մահն անզոր է հոգու առջև։
- Շատ հաճախ, այն ինչ խոսվում է հասարակ ժողովրդի մեջ, հետո հաստատվում է։
- Ինչու՞ ես նախ կտրում ճյուղը, որի վրա պատրաստվում ես նստել։
- Վայել չէ վրադ մեղք վերցնել չարածիդ համար ու կուրծք ծեծել, որ քեզ սևացնող ասեկոսեներից մաքրվես։
- Եթե մի բան սուտ է, ինքը կմեռնի։
- Ինչու՞ եմ փորձում փրկել մեկին, որն ինքը դրա մեջ իմաստ չի տեսնում։
- Չկա մարդու համար ավելի մեծ վիշտ, քան իր մահը, սակայն մոր համար, երբ նրա աչքի առջև մահանում է պտուղն իր որովայնի, իր սերունդը, վիշտը կրկնակի է։
- Անէության շեմին է մարդ միայն հասկանում, թե որքան թանկ է իր համար կյանքը։
- Ահ, մահկանացու մարդ արարածը, նա միշտ ինչ-որ բան է փափագում, միշտ ինչ-որ բան է տենչում։ Այնքան հեշտ է նրան խոստումներով գրավել, և նա նույնիսկ այնտեղ, հանդերձյալ կյանքում, շան պես քարշ կգա ետևիցդ։
- Դու հավանաբար շատ անգամ ես ինքդ համոզվել, որ ցանկություններդ միշտ ուղղված են վաղվա օրվան։ Այսօր դու կյանքն ընդունում ես այնպես, ինչպես կա, բայց անպայման ուզում ես, որ վաղը լավ լինի, ու եթե անգամ այսօր քեզ համար լավ է, միևնույն է ուզում ես, որ վաղն ավելի լավ լինի։
- Գրեթե ամեն ոք փափագում է իշխել իր նման գոնե մեկի վրա։
- Ով ուժեղ է՝ նա էլ իշխանություն անի։
- Ով դեմ է ուժին, նա դեմ է ուժեղներին։
- Դու համոզված ես, որ ուժը հենց այն է, ինչը դու ես համարում ուժ։ Սակայն կա և այլ կարգի ուժ՝ բարու ուժը, և նրան հասնելը, թերևս, ավելի դժվար է ու բարդ, և առաքինության համար ոչ պակաս քաջություն է պահանջվում, քան պատերազմելու համար։
- Պատմական համաժամանակությունը, – երբ մարդն ընդունակ է մտովի ապրելու մի քանի ժամանակահատվածներում, հաճախ հարյուրամյակներ և հազարամյակներ իրարից հեռու, – այս կամ այն չափով հատուկ է երևակայությունից ոչ զուրկ յուրաքանչյուր մարդու։ Սակայն նա, ում համար անցյալի իրադարձությունները նույնքան մոտ են, ինչպես այս պահի իրականությունը, նա, ով անցյալը վերապրում է իր հետ անխզելի, ինչպես իր ճակատագիրը, նա նահատակ է, նա ողբերգական անձնավորություն է, քանզի գիտենալով նախապես, թե ինչ վախճան է ունեցել այս կամ այն պատմությունը, ինչ հետևանքների է բերել այն, նա տառապում է միայն, ուժ չունենալով ազդելու դեպքերի ընթացքի վրա, և զոհաբերում է իրեն արդարության հաղթանակին, որը չի լինելու երբեք։ Եվ անցյալի ճշմարտությունը հաստատելու այդ փափագը սուրբ է։ Հենց այդպես են ծագում գաղափարները, այդպես է տեղի ունենում նոր սերունդների հոգեկան միահյուսումը նախորդների և նախանախորդների հետ, և դրա վրա է խարսխված աշխարհը, ու նրա կենսափորձը մշտապես մեծանում է, ավելանում՝ բարին ու չարը փոխանցվում են սերնդե-սերունդ մարդկանց աշխարհի անվերջանալի հիշողության, անվերջանալի ժամանակի և տարածության մեջ…
- Եվ այդ պատճառով է ասված՝ երեկվանները չեն կարող իմանալ, թե ինչ է կատարվում այսօր, բայց այսօրվանները գիտեն, թե ինչ է կատարվել երեկ, իսկ վաղն այսօրվանները կդառնան երեկվաններ…
- Ու նաև ասված է. այսօրվաններն ապրում են երեկվա մեջ, բայց եթե վաղվանները մոռանան այսօրվանը, դա կլինի աղետ բոլորի համար։
- Մոտենում է նոր հզոր կրոնը՝ ռազմական ուժի կրոնը։ Ուրիշ ո՞ր ժամանակաշրջանում է մարդուն վիճակվել ամեն օր, ամբողջ կյանքում՝ ծնունդից մինչև մահը, գոյություն ունենալ ամբողջապես կախված այն բանից, արդյոք պատերազմ կսկսե՞ն այդ ուժերը, թե իրենց կզսպեն։ Ովքե՞ր են հիմա աստվածները, եթե ոչ նրանք՝ այդ զենքի տերերը։ Թերևս առայժմ դեռ չկան եկեղեցիներ, ուր աղոթեին բեմին դրած միջուկային արկերի մանրօրինակներին ու մեկ էլ գլուխ խոնարհեին գեներալներին…ի՞նչ պակաս կրոն է։
- Բնական երևույթներում անարդարություն չի լինում։ Այն գոյություն ունի միայն մարդկանց մեջ և բխում է մարդկանցից։
- Շատ ու շատ հանդիպումների և բաժանումների մեջ, կյանքում գեթ մի անգամ լինում է հանդիպում, որը չես կարող կոչել այլ կերպ, քան Աստծու կողմից առաքված։ Սակայն որքան մեծ է վտանգը, որ նման հանդիպումը կարող է մնալ անհետևանք, որ մարդն այդ կհասկանա հետո միայն, և այնժամ մի պահ պիտի սարսափի մտածելով, որ գուցե այդ հանդիպումը զուր անցավ…
- Որքան անհրաժեշտ է հաճախ մարդու համար մարդկային հոգատարությունն ու ուշադրությունը։
- Մարդկային ամեն մի չարագործություն, ամեն մի հանցագործություն աշխարհի ամեն մի կետում, վերաբերում է մեզ բոլորիս, նույնիսկ, երբ մենք գտնվում ենք հեռու և չգիտենք այդ մասին ու չենք ուզում ոչինչ իմանալ։
- Ճանապարհը դեպի ճշմարտություն, ամենօրյա ճանապարհ է դեպի կատարելություն։
- Երբ զգում եմ, որ մարդիկ մեղավորություն են զգում իմ հանդեպ, ինձ համար դա այնքան տառապալից է, որ ուզում եմ նրանց շտապով ազատել խղճի խայթերից, որպեսզի ինձ տեսնելիս իրենց անհարմար չզգան։ Քանի որ ես ինքս եմ ինձ մեղավոր զգում նրանց մեղքի համար։
- Եվ այդ չէ՞ արդյոք սիրո հմայությունը՝ փոխադարձաբար միմյանց ձգտել։
- Զղջումը մի հասկացողություն է, որ մարդու մեջ ուժեղանում է կյանքի փորձի հետ, դա խղճի մեծություն է՝ ձեռքբերովի, մարդկային բանականությամբ դաստիարակվող, մշակվող մեծություն։ Ոչ մեկը, մարդուց բացի, օժտված չէ զղջալու հատկությամբ։ Զղջումը՝ մարդկային հոգու հավերժական և անանցանելի հոգացողություն է ինքն իր հանդեպ։ Սրանից բխում է, որ ամեն մի պատիժ՝ լինի դա զանցանքի, թե հանցագործության համար, պատժվողի հոգում պետք է զղջում առաջ բերի, այլապես այն հավասար կլինի գազանի պատժի։
- Ծնունդը կարող է միայն մահվան տեղը փոխհատուցել։
- Մոտ մարդու հետ խոսելը, երկու հարազատների խոսակցությունը ոնց որ ծանոթ նավահանգիստ, առաջուց գիտես որտեղ է ծանծաղուտ, որտեղ՝ խորը։
- Ամեն կենդանի արարած սիրում է իր ձագերին:-Գուլյումկան
- Նա ի բնե օժտված էր աշխատասիրությամբ, և զարգացրել էր դա իր մեջ կյանքի ընթացքում, մի հատկություն, որ ընդհանրական է, դրանով, այդ հատկությամբ պետք է օժտված լինեն բոլոր մարդիկ, միայն թե ոմանք այն զարգացնում են իրենց մեջ, իսկ ուրիշները՝ ոչ։ Որ մտածում ես, ինչքան շատ են այդ անբաններն ամեն տեղ, բոլորի մեջ՝ և մեծերի, և ջահելների, և տղամարդկանց, և կանանց։ Կարծես մարդիկ չեն հասկանում, թե ինչքան դժբախտություններ և խեղճություն է առաջանում իրենց կյանքում, և առաջացել է բոլոր ժամանակներում ծուլության պատճառով։
- Լինում է, որ հենց ճամփան արդեն ուրախություն է։ Հատկապես եթե քո սրտով ուղեկից ունես ու գնում ես հանգիստ, առանց շտապելու, զրուցելով։
Աղբյուրներ
[խմբագրել]- Չինգիզ Այթմատով «Կառափնարան», grqamol.am