Jump to content

Դանիել Վարուժան

Վիքիքաղվածք-ից
Դանիել Վարուժանը

Դանիել Վարուժան (իսկական անունը՝ Դանիել Չպուգքարյան, ապրիլի 20, 1884 — օգոստոսի 26, 1915), արևմտահայ անվանի բանաստեղծ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս։ Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին[1]։
  • Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. ահա գաղափարականը, որ զիս կոգևորե և կկանգնե. արդ միայն իրմով կապրիմ, իրմով եմ հաղթական...[2]
  • Իսկ բաղձանքս, - եթե կուզեք, - բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա[2]։
  • Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց։ Մենք այնքան մեծ ենք, որքան որ հողեն կխմենք մեր զգացումները։ Ամեն ինչ հոդ է։ Դեպի մեր պապերուն[2]։
  • Ըստ ինձ և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային...[2]
  • ...Արվեստի գործ մը հեղինակին սրտեն փրթած փերթ մըն է՝ թարմ, արյունով և կյանքով դեռ բաբախուն...[2]
  • Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ նույն բանն է. երկուքն ալ կը բաժնվին և կ'անմահանան ուրիշ էակներու մեջ - մին կ'ապրի տասնի մեջ, իսկ մյուսը կ'ապրի միլիոններու մեջ[2]։
  • Ըղեղներ կան, որոնք ադամանդներ են. առանց ուրիշե մը լույս ծծելու՝ լույս կ'արտաբերեն...։
Անոնք բանաստեղծներու ըղեղներն են[2]։
  • Ըստ իս՝ գեղեցիկը դպրոց չունի. գեղեցկությունը բազմանկյուն հատվածակող մըն է. մեծ արվեստագետին հոգին վերեն ուղղահայաց նայող արևու պես այդ բյուրեղե հատվածակողմին ամեն անկյուններեն շողեր կ'արձակե[3]։
  • Ժայռին զարնել քնարը, երբ ան մեծ չէ[3]։
  • Ճշմարիտ բանաստեղծությունը մարտիրոսություն մ' է. ամեն բառի մեջ սրտի կաթիլ-կաթիլ արյունումն է ստեղծելը[3]։
  • Եթե գրելը, ի վերջո, հիվանդություն չդառնար, շատ գրագետներ գրիչնին փշրած՝ պիտի երթային գինեպան ըլլային[3]։
  • Իրապաշտությունը գեղեցկության հասնելու ամենեն ուղիղ գիծն է[3]։
  • Եթե քսակը լեցվի, սիրտը կդատարկանա[3]։
  • Մարդ ըլլալ և բանաստեղծ ըլլալ միևնույն բանն է[3]։

Քաղվածքներ Դանիել Վարուժանի մասին

[խմբագրել]
  • ...Դանիել Վարուժանը պսակը եղավ մեր հայրենանվեր քերթողության։ Միամիտ, բայց համակրանքին անկեղծությամբ մեծ ու արդար նկարիչը մեր օրերու ընկերային տառապանքին։ Երգեց մեր գյուղը, մոր կարոտները, երբեն զգալու աստիճան ընդերքին մեջ խորհրդասքող ուժերը մեզ պաշտպանող ու լսեց մեր երկինքին խոր, դժվարահաս ձայները, շողակնափայլ անձրևի մը մեջեն պատկերներու, փոխաբերությանց, գյուտերու, որոնք միս մինակնին կփրկեն որևէ բանաստեղծի անուն։
...Չեմ վախնար գրելու. «Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»[4]։
Հակոբ Օշական
  • ...Վարուժանի և Սիամանթոյի հետ գերեզման իջան երիտասարդ պոեզիայի լավագույն հույսերը, բայց այն, ինչ կարողացան անել նրանք իրենց կարճատև կյանքում, բավական է ապահովելու նրանց տեղը հայ գրականության մեջ և պարզաբանելու նրանց պոեզիայի ընդհանուր սլացքը[4]։
Վալերի Բրյուսով
  • Դանիել Վարուժանի պոեզիան արդեն մեծ դեր է խաղացել ժողովրդի ազգային զարթոնքի գործում։ Նրա անդրանիկ՝ «Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, ուր գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ Եվրոպայի բարեմաղթությամբ։
Նրա հերոսները բազում հերոսներ արարեցին, նրա խոսքը գործի վերածվեց։ Հենց միայն այսքանը բավական էր, որ Վարուժանի անունը թանկ ու հարազատ դառնար ամեն մի հայի[4]։
Սերգեյ Գորոդեցկի
  • Վարուժանը մեկն է այն հայ ամենամեծ բանաստեղծներից հենց այնքանով, որքանով կարողացավ դրսևորել հայ ժողովրդի և հայ բանաստեղծի ճակատագրի համար բնորոշ մեր ազգային սահմանները՝ դեպի համաշխարհային գրականության սահմանները ելնելու համար, այնքանով, որքանով որ կարողանում են ելնել իրենց հոգեկան երկպառակտումներից, այնքանով, որքանով իրենց հոգեկան ներհակությունները լուծում են ազգայինից դեպի միջազգայինը, տեղականից դեպի համաշխարհայինը, մասնավորից դեպի ընդհանուրը, կոնկրետից դեպի վերացականը բարձրանալու իմաստով[4]։
Պարույր Սևակ
  • Վարուժանը հայ ժողովրդի վիշտը ընկալում էր որպես «համաշխարհային վշտի» անբաժանելի մասը, իսկ աշխարհի վիշտը համարում էր իրենը։ Այստեղից էլ՝ նրա լայնախոհ, մեծ հոգիներին վայել սերն ու սրտակցությունը՝ հանդեպ սիրակարոտ ու տառապող էակները, նրա վսեմ հումանիզմն ու ժողովրդասիրությունը[5]։
Սիլվա Կապուտիկյան
  • ...Խոնարհվելով նրա ստեղծագործական սխրանքի առաջ՝ ասենք, որ նա մեր բազմահարուստ ու բազմալար գրականության այն մշտական կենդանի երևույթներից է, այն մեծերից, որ նորոգչական առաքելությամբ մտնելով մեր քերթողական արվեստի մեջ՝ անսահմանորեն ընդարձակեց նրա կալվածքները, պոեզիայի հիանալի դասեր տվեց իրենից հետո եկածներին և տալու է նաև եկողներին[5]։
Վահագն Դավթյան
  • ...Վարուժան տակավին քսանութ ձմեռներու գարունն է ողջունած և արդեն անմահության դափնիներ կը կրե... իր ներկա գործը՝ որքա՜ն հոյակապ՝ տակավին նախաբանն է անոնց, որոնք պիտի գան հայ գրականության փառքերեն ըլլալ[5]։
Տիգրան Չյուկյուրյան
  • Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով... Դանիել Վարուժանը ի՜նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են[6]

Սեն Ժոն Պերս(ֆրանսիացի գրող)

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 51։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 52։
  4. 4,0 4,1 4,2 4,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 49:
  5. 5,0 5,1 5,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 50։
  6. Գրականություն 8, Տիգրան Մեծ հրատարակչություն, էջ 206


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դանիել Վարուժան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝