Jump to content

Արցախ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Artsakhից)
Գանձասարի վանքը, որը լրացել է 1238 թվականին

Արցախ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, միջազգայնորեն չճանաչված հայկական պետություն Հարավային Կովկասում։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է, իսկ մշակութային կենտրոնը՝ Շուշի բերդաքաղաքը։

Արցախի վերաբերյալ

[խմբագրել]
  • Նոյեմբերի 30-ին Հայաստանի հեղկոմի նախագահի անունից Լենինը ստանում է ողջույնի հեռագիր, որտեղ ասվում է Սովետական Հայաստանի ծննդյան մասին և Դիլիջանի հեղկոմի աշխատանքի մասին։ Դեկտեմբերի 1-ին Սովետական Ադրբեջանը ինքնակամ հրաժարվում է վիճակելի շրջաններից և պաշտոնապես հայտարարում է Զանգեզորի, Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը Սովետական Հայաստանին։
Իոսիֆ Ստալին, 1920թ. դեկտեմբերի 4, «Պրավդա» թ. 273, Կեցցե Սովետական Հայաստանը (ռուսերեն՝ Да Здравствует Советская Армения! И. В. Сталин, Сочинения, Том 4, Ноябрь 1917 - 1920)
  • Ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ պատմականորեն և ոչ էլ աշխարհագրորեն Լեռնային Ղարաբաղը երբևիցե մաս չի կազմել «Ադրբեջան» կոչված պետության կամ տարածքի։
Ալեքսանդր Մանասյան[1]
  • 1992 թվականին ՄԱԿ ընդունվելու ժամանակ Բաքուն մոլորության մեջ է գցել միջազգային հանրությանը, թաքցնելով այն փաստը, որ իր կողմից հավակնվող տարածքների վերաբերյալ կան գործող միջազգային պայմանագրեր և դրանց հավասարեցված որոշումներ, որոնց շրջանցումով ինքը չի կարող անկախություն ձեռք բերել նախկին ԱդրԽՍՀ սահմաններում։
    Բաքուն թաքցրել է այն փաստը, որ 1991թ. օգոստոսի 30-ին ընդունած Պետական անկախության վերականգնման մասին հռչակագրով և 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունած Պետական անկախության սահմանադրական ակտով, որոնց հիման վրա նա ընդունվել է ՄԱԿ, ինքը հրաժարվել է նախկին Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Փաստորեն միջազգային հանրությունից թաքցվել է այն, որ ինքը չունի ԱդրԽՍՀ սահմաններում ինքնիշխան պետություն ստեղծելու իրավունքը։
    Վերականգնելով 1918-1920թթ. թուրքական ռազմական միջամտությամբ ստեղծված ԱԴՀ պետականությունը, Բաքուն պարտավոր էր ԱՀ-ի սահմաններ հռչակել ոչ միայն այն պատճառով, որ ԱԴՀ-ն լեգիտիմ սահմաններ չի ունեցել, այլ հատկապես այն պատճառով, որ 1921թ. նախկին ԱդրԽՍՀ սահմաններում հայտնված տարածքների /Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի/ միջազգային իրավական կարգավիճակը զրկում էր իրեն դրանց հավակնելու իրավունքից։ Բաքուն դա չի արել և ՄԱԿ է ընդունվել առանց հռչակված սահմանների։ ... ՄԱԿ ընդունվելու պահին հիմնախնդրի անմիջական իրավական հիմքերի փաթեթում չի եղել որևէ փաստաթուղթ, որը օրինական դարձներ ԼՂ նկատմամբ Բաքվի հավակնությունները։
    ԱՀ-ն իր իրավական կապերը ողջ ԼՂի և Նախիջևանի հետ կորցրել է 1991-ի օգոստոս-հոկտեմբերին նախկին ԱդրԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու ակտով։ ԼՂՀ-ն անջատողական ակտի արդյունքում չէ, որ կայացել է։
(ԱԴՀ - Ադրբեջանի Դեմոկրատիկ Հանրապետություն (1918-1920)
ԱդրԽՍՀ - Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (1920 - 1991)
ԱՀ - Ադրբեջանի Հանրապետություն (1991-այժմ))
Ալեքսանդր Մանասյան[2]
  • Եվրոպայից միայն Եվրոպան է երևում, իսկ Շուշիից և՛ Եվրոպան է երևում և՛ աշխարհի մյուս կողմերը։
Ստեփան Աղաջանյան, ի պատասխան Հայկ Խաչատրյանի հարցին, թե աշխարհը Եվրոպայից է լավ երևում թե Շուշիից[3]
  • Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով։ Շատ սիրողական բան եմ ասելու։ Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին։ Մեզ հրաշալի շանս է տված։ Գոնե, ի վերջո, ինքներս կռենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների։ Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ։
    Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել։ Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ։ Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ՝ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին։ Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում և ոչ թե ջլատում։ Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն, իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ։
Վազգեն Սարգսյան, Երկրապահ, 3/21, 8 մայիսի 2008, էջ 4

Արցախի շուրջ իրադարձությունների վերաբերյալ

[խմբագրել]
  • 1990-ի սեպտեմբերի 9-ին, միանալով Զորի Բալայանին Վիկտոր Համբարձումյանը հացադուլ հայտարարեց՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ։ Երկու օր անց ԽՍՀՄ նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորեց ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը և խնդրեց դադարեցնել հացադուլը։ Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմեց թղթատարին.
    «Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները։ Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում։ Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»։[4]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ալեքսանդր Մանասյան, ed (2005). Ղարաբաղյան հիմնախնդիր. Փաստարկներ և փաստաթղթեր. Գասպրինտ. էջ 7. ISBN 99941-42-35-6. 
  2. Ալեքսանդր Մանասյան, ed (2005). Ղարաբաղյան հիմնախնդիր. Փաստարկներ և փաստաթղթեր. Գասպրինտ. էջ 8. ISBN 99941-42-35-6. 
  3. Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 49. ISBN 4702080201. 
  4. Մեծ Երրորդություն։ Վերստացված է՝ 2009-02-28։


Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արցախ հոդվածը նաև Վիքիպեդիայում: