Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։
…Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։
Անանյանը ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։
Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։
Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար։