Jump to content

Սողոմոն թագավորի մատանին

Վիքիքաղվածք-ից

«Սողոմոն թագավորի մատանին», կենդանիների վարքագիծն ուսումնասիորող ստեղծագործություն, հեղինակ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենց։

Գլուխ 6 ― Կարեկցում ենք կենդանիներին

[խմբագրել]
  • Եթե ուշի ուշով հետևենք կենդանաբանական մեծ այգու այցելուների դիտողություններին, ապա հեշտությամբ կարելի է նկատել, որ, որպես կանոն, մարդիկ իրենց սենտիմենտալ խղճահարությունը շռայլում են այն կենդանիների հանդեպ, որոնք միանգամայն գոհ են իրենց ճակատագրից, մինչդեռ իսկական տառապյալները կարող են աննկատ մնալ հանդիսատեսից։ Մենք հակված ենք խղճալ հատկապես այն կենդանիներին, որոնք ընդունակ են խիստ հուզական ասոցիացիաներ առաջացնել մարդու մեջ, այդ իսկ պատճառով էլ սոխակի, առյուծի կամ արծվի պես կենդանիները այդքան հաճախ են հանդես գալիս մեր գրականության մեջ։
    Թե սովորաբար որքան սխալ է հասկացվում սոխակի երգի էությունը, վկայում է այն փաստը, որ գրականության մեջ այդ թռչունը որպես էգ է ներկայացվում մեզ։ Գերմաներենում «սոխակ» բառը ընդհանրապես պատկանում է իգական սեռին։ Իսկ իրականում երգում է միայն արուն, և նրա երգի նպատակն է՝ զգուշացնել ու սպառնալ մյուս արուներին, որոնք կարող են ներխուժել երգչի տարածք, ինչպես նաև՝ հրավիրել մոտակայքով թռչող էգերին, որ միանան իրեն։
  • Հետագայում ես կանդրադառնամ սենյակային թըռչունների ենթադրյալ տառապանքների խնդրին։ Արդարև, վանդակում երգող արու սոխակը յուրովի հիասթափություն պետք է զգա, քանզի նրա տևական երգը մնում է անպատասխան, և էգը չի հայտնվում, սակայն նույն բանը հնարավոր է նաև բնական պայմաններում, քանի որ արուները սովորաբար ավելի շատ են, քան էգերը։
  • Առյուծը այլ բնույթի կենդանի է, որի խառնվածքն ու բնակության միջավայրը սովորաբար սխալ է մատուցվում մեզ գրական ստեղծագործություններում։ Անգլիացիները «ջունգլիների արքա» են կոչում նրան, խեղճ առյուծին ուղարկելով այնպիսի վայր, որը չափազանց խոնավ է նրա համար․ իսկ գերմանացիները, իրենց հատուկ լրջմտությամբ, ընկնում են մի այլ ծայրահեղության մեջ, և դժբախտ կենդանուն ուղարկում անապատ։ Գերմաներեն «առյուծ» այդպես էլ նշանակում է՝ «անապատի արքա»։ Իրականում առյուծը նախընտրում է երջանիկ միջինը և ապրում է տափաստաններում ու սավաննաներում։ Այդ կենդանու կեցվածքի վեհությունը, որի համար էլ նա ստացել է իր մականվան երկրորդ մասը, պարտական է հասարակ մի հանգամանքի․ մշտապես խոշոր սմբակավորներ՝ բաց լանդշաֆտներում ապրող կենդանիներ որսալով, առյուծը վարժվել է դիտել ընդարձակ տարածություններ, անտեսելով այն ամենը, ինչ շարժվում է առաջին պլանում։
    Գերության մեջ առյուծը շատ ավելի քիչ է տառապում մտավոր զարգացվածությամբ իրեն հավասար մյուս կաթնասուններից այն պատճառով, որ նա մշտական շարժման մեջ գտնվելու պակաս ցանկություն ունի։ Կոպիտ ասած, «գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները, և նրա անբանությունը պարզապես նախանձելի է թվում։ Ապրելով բնական պայմաններում, առյուծը ընդունակ է կտրել անցնել վիթխարի տարածություններ, սակայն նա, հավանաբար, այդ անում է սոսկ քաղցի ազդեցության տակ, և ոչ թո ներքին որևէ այլ դրդապատճառներից։ Այդ իսկ պատճառով գերության մեջ գտնվող առյուծին հազվադեպ կարելի է տեսնել վանդակում անհանգիստ ետ ու առաջ քայլելիս, մինչդեռ գայլը կամ աղվեսը ժամեր շարունակ անընդհատ դես ու դեն են շարժվում։ Իսկ եթե շարժում կատարելու զուսպ պահանջը երբեմն ստիպում է առյուծին ետ ու առաջ անել բանտի ողջ երկայնքով, ապա նույնիսկ այդպիսի պահերի գազանի շարժումները ավելի շուտ ետ-աշյա զբոսանքի բնույթ են կրում և բացարձակապես զուրկ են այն մոլեգին շտապողականությունից, որ բնորոշ է շնազգիների ընտանիքի բանտված ներկայացուցիչներին, որոնք մշտապես անհաղթահարելի պահանջ ունեն մեծ տարածություններ անցնելու։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատից վերված ավազով ծածկված ու դեղնավուն կոպիտ ժայռաբեկորներով մի յսկայական փարախ կա, սակայն պարզվում է, որ այդ թանկարժեք կառույքը զգալիորեն անօգտավետ է։ Կենդանի առյուծները այնքան ծույլորեն են պառկում այդ ռոմանտիկ միջավայրում, որ կենդանիների խրտվիլակներով լանդշաֆտի վիթխարի մոդելը հաջողությամբ կարող էր ծառայել նույն նպատակին։
  • Իսկ հիմա՝ մի քիչ արծիվների մասին։ Ինձ համար հաճելի չէ խորտակել այդ հոյակապ թռչունների հետ կապված առասպելական պատրանքները, սակայն ես պարտավոր եմ հավատարիմ մնալ ճշմարտությանը․ բոլոր փետրավոր գիշատիչները, ճնճղուկների կամ թութակների համեմատությամբ չափազանց սահմանափակ էակներ են։ Դա հատկապես վերաբերվում է բերուտին՝ մեր լեռների ու բանաստեղծների գովերգած քարարծվին, որը բոլոր գիշատիչների մեջ ամենաբութերից մեկն է, շատ ավելի բութ, քան սոցորական թռչնանոցի բնակիչները։ Դա, իհարկե, չի խանգարում այդ վեհասքանչ թռչունին վայրի բնության հրաշալի արտահայտիչ մարմնացումը լինելու։ Սակայն այժմ խոսքը վերաբերվում է արծվի մտավոր կարողություններին, ազատության նկատմամբ ունեցած նրա սիրուն ու արգելափակման ընթացքում կրած ենթադրյալ տառապանքներին։
  • Ագռավը, կակադուն կամ շամբաճուռակը իրենց հաճույք պատճառելու համար են թռչում, ուրախությամբ լիովին օգտվում են իրենց տրված ազատությունից։ Իսկ իմ արծիվը թրչում էր միայն այն դեպքում, երբ պատահաբար ընկնում էր մեր այգու վրա սկիզբ առնող օդի հոսանքի մեջ, որը նրան հնարավորություն էր ընձեռնում սավառնելու, առանց մկանային մեծ էներգիա վատնելու։ Նույնիսկ նման դեպքերում նա չէր հասնում իրեն մատչելի բարձրության։ Առանց որևէ իմաստի ու նպատակի, նա պտտվում էր օդում, իսկ հետո իջնում մեր այգուց հեռու, որևէ տեղ և նստում թախծալի մենակության մեջ մինչև մութն ընկնելը, սպասելով, որ գամ ու տուն տանեմ իրեն։ Հավանական է, որ նա ինքն էլ կարող էր գտնել տան ճանապարհը, սակայն նա շատ շուտ էր նկատվում, և հարևաններից մեկնումեկը հեռախոսով զանգ էր տալիս ինձ ու հաղորդում, որ սանուհիս նստած է այսինչ կամ այնինչ տանիքին, և մի խումբ երեխաներ քարեր են նետում նրա վրա։ Նման դեպքերում ես նրա ետևից գնում էի ոտքով, որովհետև այդ տկարամիտ արարածը սարսափելի վախենում էր հեծանիվից։ Այդպես, ամեն անգամ հոգնած, ես հազիվ էի տուն գնում, ձեռքիս վրա տանելով ծանր արծվին։ Վերջիվերջո, այլևս չցանկանալով մշտապես շղթայված պահել թռչունին, հանձնեցի Շոնբրունյան կենդանաբանական այգուն։
  • Արդյոք գոյություն ունե՞ն կենդանիներ, որոնք իրոք արժանի են կարեկցանքի, երբ գերության մեջ են ապրում։ Ես արդեն մասնակիորեն պատասխանել եմ այդ հարցին։ Նախ և առաջ, այդպիսիք են խելացի ու բարձրակարգ արարածները, որոնց կենսական ունակություններն ու ակտիվ գործունեության պահանջը կարող բավարարություն ստանալ միմիայն վանդակավոր ցանկապատի այս կողմում։ Այնուհետև, կարեկցանքի են արժանի բոլոր այն կենդանիները, որոնց բնորոշ են գերության պայմաններում եկք չգտնող ներքին խիստ մղումները։ Դա հատկապես ակներես է (նույնիսկ անիրազեկ մարդու համար) կենդանաբանական այգու այն գերիների մոտ, որոնք ազատության մեջ ապրելու ընթացքում վարժվել են թափառել և հետևաբար մշտական շարժման խիստ պահանջ են զգում։ Ուստի հնաոճ կենդանաբանական այգիների չափից ավելի փոքր վանդակներում ապրող աղվեսներն ու գայլերը պատկանում են այն գերիների թվին, որոնք ամենից շատ են արժանի կարեկցանքի։