Նամակ պատանդին
Արտաքին տեսք
Նամակ պատանդին, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ստեղծագործությունը, որ գրվել է 1943 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Քաղցր է անառակ որդու բացակայությունը։ Կեղծ բացակայություն, որովհետև այնտեղ` հետևում, շարունակում է գոյություն ունենալ հայրենի օջախը։ Հարևան սենյակում ես, թե մոլորակի մյուս բևեռում` տարբերությունն էական չէ։ Առերևույթ կյանքից հեռացած ընկերոջ ներկայությունը կարող է ավելի հզոր լինել, քան իրական ներկայությունը։ Դա աղոթքի ներկայությունն է։
- Կարգը հանուն կարգի ներքինի է դարձնում մարդուն, խլում է մարդուց ամենակարևոր բանը` աշխարհն ու ինքն իրեն վերափոխելու պարգևը։ Կարգը ծնունդ է առնում կյանքից, բայց այն կյանք չի ստեղծում։
- Այսօր մարդու հանդեպ ունեցած հարգանքը վտանգված է, առանց որի մենք չենք կարող առաջընթաց ունենալ։ Աշխարհը ցնցող աղետները մեզ մղում են դեպի խավար։ Մեր առջև բարդ խնդիրներ են, դրանց լուծումներն էլ հակասական են։ Երեկվա ճշմարտությունը մեռած է, վաղվա օրվա ճշմարտությունը դեռ պետք է ստեղծել։ Միակ որոշումը, որը ընդունելի է բոլորի համար, առայժմ տեսանելի չէ. մեզնից յուրաքանչյուրի ձեռքերում ընդամենը ճշմարտության փոքր մասն է միայն։ Նրանք, ում քաղաքական համոզմունքների արդարացիությունն ակնառու չէ բոլորին՝ հաստատվելու համար դիմում են բռնության։ Այսպես, տարբերվելով ընտրության միջոցներով, մենք համարձակություն ենք ունենում մոռանալ, որ ձգտում ենք միևնույն նպատակին։
- Որքան էլ կենսականորեն անհրաժեշտ թվան մեր գործողությունները, մենք իրավունք չունենք մոռանալու` հանուն ինչի ենք գործում, հակառակ դեպքում մեր գործադրած ջանքերը կմնան անպտուղ։ Մենք պետք է ուզենանք հաստատել մեր ունեցած հարգանքը մարդու նկատմամբ։ Մենք մի ճամբարում ենք, մեր ինչի՞ն է պետք ատել միմյանց։ Մեզանից և ոչ մեկը իրավունք չունի միայն իրեն վերագրել մտքերի մաքրություն։ Հանուն ճանապարհի, որը ես եմ ընտրել, ես կարող եմ մերժել ուրիշների կողմից ընտրված ուղին։ Ես կարող եմ վիճարկել նրա մտքերի շարժը։ Մտքերի ընթացքը միշտ չէ, որ ճիշտ է լինում։ Բայց եթե մարդը ձգտում է նույն աստղին, իմ պարտքն է հարգել նրան, քանզի մենք եղբայրներ ենք Հոգով։
- Ինչպես ցանկացած մարդ, ես ծարավ եմ, որ ինձ հասկանան, քո կողքին ես ինձ մաքուր եմ զգում, ես գալիս եմ քեզ մոտ։ Ինձ ձգում է այն տեղը, որտեղ ես ինձ մաքուր եմ զգում։ Դու ինձ ճանաչում ես ոչ թե իմ արած դատողություններով և կատարած գործողություններով, այլ ինձ տեսնում ես այնպիսին, ինչպիսին ես կամ։ Ու, քանի որ դու ինձ ընկալում ես այնպիսին, ինչպիսին ես կամ, հենց այդ պատճառով էլ, անհարժեշտության դեպքում, դու հաշտվում ես իմ դատողությունների և գործողությունների հետ։
- Շնորհակա՛լ եմ քեզ, որ դու ինձ ընդունում ես։ Իմ ինչի՞ն է պետք ընկեր, ով ինձ կդատի։ Եթե ինձ այցելել է իմ ընկերը և, եթե նա կաղում է, ես նրան կնստեցնեմ սեղանի մոտ և չեմ պահանջի, որ նա պարի։
Աղբյուրներ
[խմբագրել]- Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Նամակ պատանդին» – grqamol.am