Ղևոնդ Ալիշան
Արտաքին տեսք
Քերովբե Պետրոս Մարգարի Ալիշանյան կամ Ղևոնդ Ալիշան (հուլիսի 6, 1820 — նոյեմբերի 9, 1901), բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մի ուրանար զերկիրդ և զազգդ սիրուն,
Ծառն արմատով է ծառ՝ տունն հիմամբ է տուն[1]։ - Չկա ավելի պատվական արարած, քան մարդը, որի համար ստեղծվել է ամեն բան[2]։
- Թշնամուն ջախջախելու համար հարված և հանճար է պետք[3]։
- Արծիվ միտքը արծվի թև ալ կուզե[3]։
- Տիտղոսներս՝ հայ և քահանա, շքանշաններս՝ Կապաս և Գոտիս[4]։
- Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող. այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով[4]։
- Հաջողությունն շատ հեղ երկնից շնորհք մ'է, բայց առանց երկրիս վրա աշխատելու՝ վերեն հաջողություն չիջներ։ Մանավանդ թե հաջողությունն պատրաստ է իբրև զարև և զանձրև, բայց եթե ագարակն սերմանված չէ՝ ի՞նչ բուսցընեն երկնից՝ շող ու ցողն[4]։
- Հավատարիմն Աստծո և իր անձին՝ հավատարիմ է և հայրենյաց։ Անհավատարիմն հայրենյաց՝ չէ հավատարիմ և իր հոգվույն և ոչ երկնից։ - Ամենեն սուրբ և ազնիվ գործ և աշխատանք երկրիս վրա՝ երկնից և հայրենյաց համար եղածներն են[4]։
- Հայրենյաց հրեղեն հոսանքեն չհալող սիրտն՝ շատ այլանդակ այլանյութ պիտի ըլլա[5]։
- Ազգային հիշատակարանք - անոնք են բնիկ նշանք հայրենյաց - անոնք են յուրաքանչյուր ազգի հայրենյաց ամենեն ազդու և զորավոր արձանագրությունք, միանգամայն և ամենեն սիրելի և սրտառուչ բաներ երկրիս վրա[5]։
- Այսպես է կենաց ընթացքն - երբեմն լույս և երբեմն մութ, և միշտ հարկ է երթալ, ինչվան որ հասնինք արարչադիր կետը։ -Սակայն ով որ զերկիրս հստակ մի կու ճանչնա այն տաճարին՝ որո վերնահարկն է երկին, միշտ անխռով կերթա, խաղաղ կապրի[5]։
Քաղվածքներ Ղևոնդ Ալիշանի մասին
[խմբագրել]- Ալիշան սիրտ մըն էր, բայց շատ մեծ սիրտ մը։
- Այդ սիրտը ամբողջապես լեցված էր երկու պարզ ու մեծ զգացումներով՝ Աստծո սերն ու ազգին սերը[6]։
- Ալիշանը բանաստեղծ էր, որ գիտություն կըներ։ Այս կնշանակե, թե գիտությունը կժողվրդականացներ։
- Իր թանգարանին, իր մագաղաթներու մատենադարանին և առհասարակ հայրենի բոլոր ավերակներուն մենությանը վերև կախված էր իր հսկայական տավիղը, և ահա Խորենացիին խոսքը երգի կը փոխվեր, Եղիշեի աղաղակը՝ դյուցազներգության, Եզնիկի մտածումը՝ երևակայության, Շնորհալիի աղոթքը՝ օրհներգության, ավերակների տրտմությունը՝ արցունքի, անցյալ նշույլը՝ հրդեհի[6]։
- Հայր Ղևոնդ Ալիշանը դարուս հայկական հանճարի ներկայացուցիչն է։ Իբրև բանաստեղծ՝ բոլոր բանաստեղծների նահապետն է, իբրև եկեղեցական՝ մի Շնորհալի է, իբրև գիտնական՝ մի հանրագետ է[6]։
- Նա Վենետիկի բնակիչ չէ, այլ Ս. Ղազարի, ուր նա ապրում է իր երևակայական հայրենիքում, իր կարմրիկ Ավարայրում, ուր, ավա՜ղ, դարերը անընդհատ թարմացնում են արյունը, իր Տղմուտի ափերում, որ հազար հինգ հարյուր տարի է՝ էլ վճիտ չի հոսում։ Նա ապրում է իր զարմանալի խոհերով, որոնք թանձրանում, ծնունդ են տալիս «Այրարատին», «Սիսուանին», «Շիրակին», ուր ավերակների ծուխն ավելի է, քան ջրաշատ Հայաստանի աղբյուրների ջրերը։ Վաղ առավոտից նա ոտքի վրա է և երերալով եկեղեցի է գնում՝ մրմնջալով Շնորհալու «Զարթիքը» և ուշ գիշերին անկողին է մտնում՝ մրմնջալով իր այրված սրտի զեղմունքը.
- «Ով դու ի վաղուց մոռացված հայրենիք,
- Ով դու իմ սրտիս անմոռաց տեղիք...»[6]:
- Իր հատորների և մեր հոգիների մեջ վերակերտեց նա Հայաստան աշխարհը և պատեց մի վիպական, բանաստեղծության մթնոլորտով՝ գեղեցիկ, հրապուրիչ, առասպելական, բայց և իրական[6]։
- Հայաստանը ոչ ոք այնպես չգիտե, ինչպես նա, ոչ ոք այնքան չի սիրել, որքան նա՝ այս մեծ հայրենասերը։ Իրականությունը նրա գրչի տակ երազ է դարձել, երազը իրականություն։
- 90-ական թվականների՝ մեր սերնդի համար նա ամենահմայիչ անունն էր, նրա՝ Նահապետի սքանչելի բանաստեղծությունները... Մենք անգիր գիտենք, մեր դասագրքերի զարդն էին[5]։
- Չափաբերական քերթվածոց մեջ արժանահավատ վարպետը ախոյան չունի[6]։
- Ալիշանը հայ կլասիկ գրականության և առանձնապես ազգային հերոսական բանաստեղծության նշանավոր ներկայացուցիչներից է։ Նա առաջիններից մեկն էր, որ մեր նոր գրականության պատմության մեջ վեր հանեց հայ ժողովրդի փայլուն սխրագործությունները և վառ հույսեր տածեց գալիք բախտավոր ապագայի նկատմամբ[6]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2008.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 266.
- ↑ 3,0 3,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 97. ISBN 99930-2-263-2.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 47։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 46։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 45: