Հուդա Իսկարիովտացի (պատմվածք)
Արտաքին տեսք
«Հուդա Իսկարիովտացի», ռուս էքսպրեսիոնիստ գրող Լեոնիդ Անդրեևի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարակվել է «Հուդա Իսկարիովտացին և ուրիշներ» խորագրի ներքո։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հուդայի պատմածներից դուրս էր գալիս, թե իբր ինքը գիտի բոլոր մարդկանց, և իր իմացած ամեն ոք կյանքում ինչ֊որ վատ արարք, անգամ հանցանք է գործել։ Իսկ ահա, ըստ նրա, լավ մարդիկ են կոչվում նրանք, որոնք իրենց գործերն ու մտքերը թաքցնել գիտեն. բայց եթե նման մեկին գրկես, գուրգուրես ու մի լավ հարցուփորձ անես, նրանից, ինչպես թարախը ծակված վերքից, ամեն տեսակ խաբեություն, կեղտ ու սուտ կհոսի։
- Մինչև վերջ չլսելով՝ Հուդան կտրուկ շրջվեց ու նրբանցքով սլացավ ներքև՝ հեռացող ամբոխի հետևից։ Բայց շուտով քայլերը դանդաղացրեց ու գնաց անշտապ՝ մտածելով, որ շատվորը դանդաղաշարժ է, և մենակ գնացողն անպայման կհասնի։
- Համբերատար մարդը լավ է հզորից, իր բարկությունը զսպողը՝ մեծազոր քաղաք գրավողից։
- Բայց ժամանակին ի՞նչ է պատահել։ Մերթ գրեթե կանգ է առնում, այնպես որ ուզում ես ձեռքերով բոթել, ոտքով խփել, մտրակել, ինչպես ծույլ ավանակին, մերթ էլ կարծես լեռան կատարից խելագարի պես շնչակտուր սլանում է վար, և ձեռքերդ իզուր կառչելու տեղ են փնտրում։
- Այդ պահին, դուռն ուժգին շրխկացնելով, ներս մտավ Հուդա Իսկարիովտացին։ Բոլորը զարհուրած ոտքի ցատկեցին և սկզբում նույնիսկ գլխի չընկան, թե եկողն ով է, իսկ երբ նկատեցին ատելի դեմքն ու շեկ խուլավոր գլուխը, աղմկեցին։ Իսկ Պետրոսը, ձեռքերը բարձրացնելով, գոչեց.
- -Հեռացի՛ր։ Մատնի՛չ։ Հեռացի՛ր, թե չէ կսպանեմ։ Բայց ուշադիր նայելով Մատնիչի դեմքին ու աչքերին՝ կարկամեցին՝ վախեցած փսփսալով.
- - Ձեռ քաշեք նրանից։ Նրա մեջ սատանա է բուն դրել։
- Սպասելով մինչև կլռեն՝ Հուդան բարձր գոչեց.
- -Ուրախացե՛ք, կարիովտացի Հուդայի աչքեր։ Սառնասիրտ մարդասպանների տեսաք հենց նոր. ահա վախկոտ դավաճանները ձեր առջև են։ Ո՞ւր է Հիսուսը։ Ձեզ եմ հարցնում. ո՞ւր է Հիսուսը։
- Իսկարիովտացու խռպոտ ձայնի մեջ տիրական մի բան կար, և Թովմասը հնազանդ պատասխանեց.
- -Ախր ինքդ էլ գիտես, Հուդա, որ վարդապետին երեկ երեկոյան խաչեցին։
- -Իսկ դուք ինչպե՞ս թույլ տվիք։ Ո՞ւր էր ձեր սերը։ Դու՝ սիրելի աշակերտդ, դու՝ վեմդ, ո՞ւր էիք դուք, երբ խաչի հանեցին ձեր ընկերոջը։
- -Իսկ ի՞նչ կարող էինք անել, ինքդ դատիր,-ձեռքերը տարածեց Թովմասը։
- -Դո՞ւ ես, Թովմաս։ Էդպե՜ս, էդպե՜ս,-գլուխը թեքեց կարիովտացի Հուդան և հանկարծ ցասումով վրա տվեց,-սիրող մարդն իր անելիքը ուրիշից չի հարցնում։ Նա անում է ձեռքի եկածը. լաց է լինում, կծոտում է, խեղդում է թշնամուն ու նրա ողերն է ջարդում։ Երբ սիրո՛ւմ է։ Երբ որդիդ խեղդվում է, մի՞թե ջուրը նետվելու և որդուդ հետ խեղդվելու փոխարեն գնում ես քաղաք ու անցորդներին հարցնում՝ Որդիս խեղդվում է, ի՞նչ անեմ։
- Պետրոսը Հուդայի բուռն ճառին խոժոռ պատասխանեց.
- -Ես սուրը մերկացրի, բայց նա ինքն ասաց՝ հարկավոր չէ։
- -Հարկավոր չէ՞: Եվ դու ենթարկվեցի՞ր,-ծիծաղեց Իսկարիովտացին:-Պետրոս, Պետրոս, մի՞թե նրան կարելի է լսել։ Մի՞թե նա մարդկանցից, պայքարից բան է հասկանում։
- -Նրա խոսքը չպահողը գեհենի կրակի բաժին կդառնա։
- -Բա էլ ինչո՞ւ չդարձար։ Ինչո՞ւ, Պետրոս։ Հրեղեն գեհե՜ն. գեհենն ի՞նչ է։ Թող որ գեհենի բաժին դառնայիր. ինչի՞դ է պետք հոգին, եթե չես համարձակվում ուզածդ ժամանակ նետել կրակը։
- -Լռի՛ր,-ճչաց Հովհաննեսը՝ ոտքի կանգնելով,-նա ի՛նքն էր կամենում այդ զոհը։ Եվ այդ ինքնազոհաբերումը սքանչելի է։
- -Մի՞թե զոհը կարող է սքանչելի լինել, ի՞նչ ես խոսում, սիրելի՛ աշակերտ։ Որտեղ զոհը, այնտեղ էլ՝ դահիճը, և մատնիչներն են այնտեղ։ Ինքնազոհաբերումը մեկի տառապանքն է, իսկ մյուսների՝ խայտառակությունը։ Դավաճաններ, դավաճաններ, ի՞նչ բերիք դուք երկրի գլխին։
Աղբյուրներ
[խմբագրել]- Լեոնիդ Անդրեև, «Հուդա Իսկարիովտացի» – grqamol.am