Ես՝ քեզնից առաջ
Արտաքին տեսք
«Ես՝ քեզնից առաջ» կամ «Ես մինչ քեզ» (անգլ.՝ Me Before You), Ջոջո Մոյեսի նովելներից։ Տպագրվել է 2012 թվականի հունվարի 5-ին Մեծ Բրիտանիայում։ Շարունակությունը, վերնագրված «Քեզնից հետո», լույս է տեսել 2015 թվականի սեպտեմբերի 25-ին «Pamela Dorman Books» ընկերության միջոցով[1][2]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Առաջարկը բավականին խելքին մոտ էր։ Պարտեզը իսկապես հիասքանչ էր։ Ջերմաստիճանի աննշան բարձրացումից ամեն ինչ հանկարծակի կանաչով էր ծածկվել։ Ասես անհայտությունից ծլել էին նարգիզները՝ իրենց դեղին սոխուկներով ավետելով մոտալուտ ծաղկունքի մասին։ Ծառերի դարչնագույն ճյուղերին արդեն հայտնվել էին առաջին բողբոջները։ Բազմամյա բույսերը ճիգերի գերլարումով փորձում էին ճեղքել մութ և կպչուն հողը։ Ես բացեցի դուռը, և մենք դուրս եկանք։ Ուիլը իր անվասայլակով գալիս էր յորքյան ավազաքարից պատրաստված ուղով։ Ուիլը ձեռքով նշան արեց, որ նստեմ մի թուջե նստարանի, որի վրա բարձ էր դրված։ Մի որոշ ժամանակ մենք երեսներս պարզել էինք արևի թույլ ջերմացնող շողերին՝ դալար ցանկապատի վրա նստած ճնճղուկների գզվռտոցին ականջալուր։
- — Ի՞նչ է պատահել։
- — Ի՞նչ նկատի ունեք։
- — Լռակյաց եք դարձել։
- — Կարծեմ թե Ձեր ուզածն էլ հենց դա էր։
- — Բայց ոչ այսքան։ Դա ինձ վախեցնում է։
- — Ամեն ինչ կարգին է,— ասացի ես և հետո ավելացրի,— ընկերոջս հետ խնդիրներ ունեմ, եթե իրոք ցանկանում եք իմանալ։
- — Հա՜,— ասաց նա,— այն վազո՞րդը։
- Աչքերս բացեցի, որպեսզի համոզվեմ, որ նա ինձ չէր ծաղրում։
- — Ի՞նչ խնդիր կա,— հարցրեց նա,— դե՛, պատմի՛ր քեռի Ուիլին։
- — Ո՛չ։
- — Հիմա մայրիկս այնպես կանի, որ այդ հավաքարարները ամենաքիչը ևս մեկ ժամ խելագարի պես վազվզեն ամբողջ տնով մեկ։ Ինչ–որ բանից, միևնույնն է, պիտի խոսեք։
- Մեջքս ուղղեցի և նստեցի տեղս՝ դեմքով թեքվելով դեպի Ուիլը։ Նրա տնային անվասայլակը կառավարման կոճակով հնարավոր էր բարձրացնել այնքան, որ նա կարողանար խոսելիս հավասարվել մարդկանց հասակին։ Նա հաճախ չէր այդպես անում, քանի որ դրանից գլխապտույտ էր ունենում։ Սակայն հիմա այդպես էր արել, ուստի ստիպված էի նրան ներքևից վերև նայել։ Կծկվեցի վերարկուիս մեջ և աչքերս կկոցելով նրա վրա՝ ասացի.
- — Դե՛, շարունակե՛ք, ի՞նչ եք ցանկանում իմանալ։
- — Որքա՞ն ժամանակ է՝ միասին եք։
- — Վեց տարուց մի փոքր ավելի։
- Նա զարմացավ։
- — Բավականին երկար ժամանակ է։
- — Այո՛, ասացի ես,— քիչ չէ։
- Կռացա և ուղղեցի Ուիլի ծնկներին գցած շալը։ Արևի շողերը շատ խաբուսիկ էին. դրանք խոստացվածից պակաս էին ջերմացնում։ Մի պահ հիշեցի Փեթրիքին, որ այս առավոտ ուղիղ ժամը 6:30 պիտի գնար վազելու։ Գուցե ես է՞լ պիտի սկսեի վազել, որ մենք էլ վերածվեինք լայկրայից մարզահագուստ հագած զույգի։ Կամ էլ բոլորածալերով զարդարված ներքնազգեստնե՞ր պիտի գնեի ու համացանցում սեքսին վերաբերող խորհուրդնե՞ր կարդայի։ Բայց հաստատ գիտեի, որ ո՛չ մեկն էի անելու, ո՛չ էլ՝ մյուսը։
- — Ի՞նչ մասնագիտություն ունի։
- — Նա անձնական մարզիչ է։
- — Այդ պատճառով էլ վազում է։
- — Այդ պատճառով էլ վազում է։
- — Իսկ նա ինչպիսի՞նն է։ Երեք բառով, եթե այդպես ավելի հարմար կլինի Ձեզ։
- Մի պահ մտածեցի։
- — Դրական, հավատարիմ և օրգանիզմում ճարպի քանակով տարված։
- — Ստացվեց յոթ բառ։
- — Դե ուրեմն չորս բառն իմ կողմից նվեր։ Իսկ նա ինչպիսի՞նն է։
- — Ո՞վ։
- — Ալիսիան,— իսկ և իսկ նրա պես նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ։
- Ուիլը խոր շունչ քաշեց, հայացքը հառեց վեր՝ մի բարձր սոսու վրա։ Նրա մազերը ընկել էին աչքերին, իսկ ես շտապեցի դրանք մի կողմ տանել։
- — Շքեղ։ Սեքսուալ։ Ուշադրության կարոտ։ Շշմելու աստիճան անինքնավստահ։
- — Իսկ ինչո՞ւ պիտի անինքնավստահ զգա իրեն,— բառերս առանց մտածելու ինքնին դուրս թռան բերանիցս։
- Կարծես թե բառերս զվարճացրին Ուիլին։
- — Գուցե զարմանաք,— ասաց նա,— բայց Լիզայի նման աղջիկները այնքան են հույսը դնում արտաքին տեսքի վրա, որ շուտով նրանց թվում է՝ ուրիշ ոչ մի արժանիք չունեն։ Իրականում արդարացի չեմ։ Նա որոշ բաներից լավ գլուխ է հանում, օրինակ՝ հագուստի, ինտերիերի։ Նա կարող է ամեն ինչին գեղեցիկ տեսք հաղորդել։
- Հազիվ ինձ զսպեցի, որ չասեմ, որ ցանկացած մեկը կարող էր ամեն ինչին գեղեցիկ տեսք հաղորդել, եթե նրա դրամապանակը ադամանդի հանքից էլ խորն է։
- — Լիզան կարող էր ընդամենը մի երկու բան տեղափոխել սենյակում, և այն միանգամայն նոր տեսք էր ստանում։ Երբեք չէի կարողանում հասկանալ, թե դա ինչպես էր հնարավոր:— Ուիլը գլխով ցույց տվեց տան կողմը և ասաց,— Ալիսիան է զբաղվել կցաշենքի ամբողջ արտաքին և ներքին հարդարանքով։
- Մտովի վերհիշեցի նրբաոճ հարդարանքով հյուրասենյակը և հանկարծակի հասկացա, որ նրա հետ կապված ամեն բան մի փոքր ավելի խրթին էր դարձել։
- — Ինչքա՞ն ժամանակ էիք միասին։
- — Ութ–ինը ամիս։
- — Այդքան էլ երկար չէ։
- — Ինձ համար երկար է։
- — Ինչպե՞ս եք ծանոթացել։
- — Մի ընթրիքի ժամանակ։ Մի խայտառակ ընթրիքի ժամանակ։ Իսկ դո՞ւք։
- — Վարսավիրանոցում։ Ես վարսահարդարն էի, նա՝ հաճախորդը։
- — Հա՜: Երևի Դուք էլ հատուկ առաջարկի մե՞ջ էիք մտնում։
- Երևի թե այդ պահին ապուշ կտրած նայեցի Ուիլին, որովհետև նա գլուխը տարուբերեց և հանգիստ տոնով ասաց.
- — Լա՛վ, կարևոր չէ։
- Տնից դեռ լսվում էր փոշեկուլի բութ դզզոցը։ Տների մաքրությամբ զբաղվող ընկերության չորս կանայք նմանօրինակ խալաթներ էին հագել։ Ես զարմացած մտածում էի, թե նրանք երկու ժամ ինչ պետք է անեին այդ փոքրիկ կցաշենքում։
- — Դուք նրան կարոտո՞ւմ եք։
- Տնից լսվում էր այն չորս կանանց զրույցի ձայները։ Նրանցից մեկը բացել էր պատուհանը, և ծիծաղի մերթընդմերթ պոռթկումները պայթում էին նոսր օդում։
- Ուիլն ասես կենտրոնացել էր հեռվում գտնվող ինչ–որ բանի վրա։
- — Կարոտում էի,— հանկարծ ասաց նա և շրջվեց դեպի ինձ, հետո ավելի չոր ավելացրեց,— բայց երկար մտածելուց հետո հասկացա, որ նա և :Ռուփերթը հիանալի զույգ են։
- Ես գլխով արեցի և ասացի.
- — Նրանք մի անիմաստ հարսանեկան արարողություն կանեն, մեկ կամ երկու գազանիկ կունենան, ինչպես Դուք եք ասում, քաղաքից դուրս տուն կգնեն, իսկ հինգ տարի էլ չի անցնի, և Ռուփերթը կսկսի սիրահետել իր քարտուղարուհուն։
- — Հավանաբար Դուք իրավացի եք։
- Ես արդեն իմ դերի մեջ էի։
- — Նա կսկսի ամբողջ ժամանակ ամուսնու հետ կոպիտ լինել՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու, հետո կսկսի նրա նյարդերը սղոցել Ձեր այդ խայտառակ ընթրիքների ժամանակ և նրան ամոթահար անել իր ընկերների առջև, բայց Ռուփերթը չի ցանկանա թողնել նրան, որպեսզի ստիպված չլինի ալիմենտ վճարել։
- Ուիլը շրջվեց և նայեց ինձ, իսկ ես շարունակեցի.
- — Կսկսեն վեց շաբաթը մեկ սեքսով զբաղվել։ Ռուփերթը կպաշտի իր երեխաներին, բայց իրականում մատը մատին չի տա, որպեսզի օգնի նրանց մեծացնել։ Ալիսիան միշտ հարդարված մազերով կլինի, բայց դեմքի թթված արտահայտությամբ,— ես շրթունքներս իրար սեղմեցի,— անդադար ակնարկներով խոսքերից։ Կսկսի տարվել պիլատես վարժություններով կամ էլ շուն կամ ձի կպահի և կսիրահարվի իր ձիավարության մարզչին: :Ռուփերթը քառասուն տարեկանը լրանալուն պես կսկսի մանրաքայլ վազքով զբաղվել, գուցե Հարլի Դևիդսոն մոտոցիկլ կգնի, որը Ալիսիան պարզապես կատի, իսկ Ռուփերթը ամեն օր կգնա աշխատանքի, կնայի իր գրասենյակի երիտասարդ տղաներին, բարերում ականջալուր կլինի, թե որտեղ գնացին զվարճանալու և կհասկանա, որ ինչ–որ կերպ նրան կարողացել էին մատների վրա ֆռռացնել, բայց այդպես էլ երբեք չի հասկանա, թե ինչպես։
- Ես թեքվեցի։ Ուիլը զարմացած ինձ էր նայում։
- — Կներե՛ք,— ասացի ես,— չգիտեմ, թե բերանիցս ոնց թռավ։
- — Սկսում եմ մի փոքր խղճալ Վազորդին։
- — Նա կապ չունի,— ասացի ես,— պատճառը երկար տարիներ սրճարանում աշխատելն է։ Այնքան բան եմ տեսել ու լսել։ Մարդիկ նման են միմյանց: :Կզարմանաք, եթե իմանաք, թե ինչեր են կատարվում։
- — Դրա համա՞ր չեք ամուսնացել։
- Աչքերս թարթեցի։
- — Միգուցե։
- Չէի ցանկանում խոստովանել, որ ոչ ոք երբևէ ինձ ամուսնության առաջարկություն չի արել։
- Հնարավոր է՝ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ Ուիլի հետ շատ բան չէինք կարող անել։ Բայց իրականում օրերն Ուիլի հետ միանգամայն տարբեր էին՝ կախված նրա տրամադրությունից, և որ ամենակարևորն էր՝ կախված նրա ցավերի ուժգնությունից։ Օրեր էին լինում, որ գալիս էի և տեսնում Ուիլին ծնոտը դուրս ցցած նստած, իսկ դա նշանակում էր, որ ինձ հետ խոսել չէր ցանկանում, ոչ էլ՝ այլ մեկի հետ, որից հետո ես սկսում էի զբաղվել տնային գործերով՝ փորձելով կանխագուշակել նրա ցանկությունները, որպեսզի ավելորդ հարցերով չանհանգստացնեմ նրան։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Moyes writes sequel to 'Me Before You'։ USA Today։ Վերստացված է՝ հունիսի 1, 2015։
- ↑ http://www.penguin.com/newsroom/pamela-dorman-booksviking-publish-jojo-moyes-sequel/
Աղբյուրներ
[խմբագրել]- Ջոջո Մոյես «Ես մինչ քեզ» – grqamol.am