Jump to content

Արշավիր Դարբնի

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Դարբնի Արշավիրից)
Արշավիր Դարբնին

Արշավիր Դարբնի (Արշավիր Միքայելի Մնացականյան, հունվարի 16, 1910 — նոյեմբերի 17, 1980), հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։ Հայրը դարբին էր, որից էլ մակաբերել է Դարբնի գրական անունը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ավանակին ծեծում են ոչ միայն կենդանի ժամանակ, այլև մահվանից հետո։ Չէ՞ որ նրա կաշուց թմբուկ են պատրաստում[1]։
  • Մրցության մեջ փիղը հզոր հետ էր ընկնում մոծակից,
    Որովհետև նա չէր կարող անցնել ամեն մի ծակից[2]։
  • Եթե ամենքս լինենք պահանջկոտ, շիտակ, անաչառ, ձախորդն իր համար չի գտնի երբեք «հարգելի պատճառ»[3]։
  • Նա է ճակատին դափնիներ կրում, ով վերադասում քեռիներ ունի[3]։
  • Եթե կուզ ունես՝ համարվիր կուզիկ, և արդար խոսքը տար սուսիկ-փուսիկ[3]։
  • Իրար գովում են գորտն ու ագռավը։ Ամենից առաջ հենց այդ է ցավը[3]։
  • Էլ ինչպե՞ս օգնես բութ ապերախտին, երբ ինքն է քացով զարկում իր բախտին[3]։
  • Երբ առյուծը կարիք ունի նապաստակի գովք ու ծափին, այն ժամանակ նապաստակը ո՛չ մի բանից չի սարսափի[3]։
  • Մեծամիտները և անճարները, դուրս գալով շարքից, խոսում են միայն եղած ու չեղած անցյալի փառքից[3]։
  • Թե մեղավորներին միշտ արդար դատեն ու մորթին հանեն, գող աղվեսները դժվար թե թառից մի փետուր տանեն[3]։
  • Եթե աշխարհի հինավուրց ու նոր արխիվներն անթիվ երկար փորփորենք, հաշիվը մեկ է՝ էշերի մասին չեն կարող գտնել և ոչ մի օրենք[3]։
  • Լինում են դեպքեր, երբ վերադասում դժգոհ խոսում են մի ինչ-որ ծեղից...Եվ հավկուր մարդիկ, ծեղի հետ մեկտեղ, հաստ գերաններ են դուրս հանում տեղից[3]...
  • Նախօրոք նշենք՝ հենց որ վարիչի խելքն է կարճանում, գործը կաղում է, և հաստիքները շատ են ուռճանում[3]։
  • Եթե ամենքին չբացես սիրտդ՝
Բարությամբ լցված,
Աղետ ու փորձանք կլինեն միայն
Քո ճամփին ցցված[4]։
  • Բարի լինենք...
Բա՜րի, բա՜րի,
Երբ մահանանք՝
Թո՛ղ մեզ հիշեն հազար տարի...
Ամեն գարնան վարդեր դնեն
Մեր մարմարե շիրմաքարին[4]։
  • Ինչ որ ունես սրտիդ խորքում՝ դու անվարան տուր մայր հողին, կյանքը կյանք չի, թե կապված չես քո մայր հողին[4]։
  • Որքան էլ հեռու, որքան էլ ծանր ու ոլոր լինի քո կյանքի ուղին, դու չես մոլորվի, երբ կապված լինես քո բորբ դրոշին ու քո մայր հողին[4]։
  • Աշխարհում սիրիր ու պաշտիր միայն պայծառը, ջինջը, մաքուրն ու լավը, եթե ուզում ես, որ կյանքի ծովում դեպի ծաղկած ափ լողա քո նավը[4]։
  • Ծերուկ գուսանից ես մի գեղեցիկ լեգենդ եմ լսել. մարդ քարանում է, երբ սրտում չունի ոչ կարոտ, ոչ սեր[4]...
  • Աշխարհը ծով է, մարդը՝ նավաստի, որը լողում է հավատով խորին։ Ո՛չ փոթորիկը, ո՛չ ալիքները նրան չեն հաղթի ու չեն մոլորի[4]։
  • Թե հարկ լինի՝ կյանքդ զոհիր հանուն հողի և հավատի, թող քո արյան գնով ծաղկեն ավազները անապատի[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ա. Մ. Մանուկյան և Մ. Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 19. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա. Մ. Մանուկյան և Մ. Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 35. ISBN 99930-2-276-4. 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Արշավիր Դարբնի, «Աղվեսը դրախտում», Երևան, «Հայաստան», 1969
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Արշավիր Դարբնի, Երգեր այգաբացի, Երևան, «Սովետական գրող», 1978:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արշավիր Դարբնի հոդվածը նաև Վիքիպեդիայում: