Jump to content

Արհամարհանք (վեպ)

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Արհամարհանք (Մորավիա)ից)

«Արհամարհանք» (իտ.՝ Il disprezzo), իտալացի գրող Ալբերտո Մորավիայի վեպը (1954)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մեր զգացմունքների կատարյալ և խոր ներդաշնակությունը ուղեկցվում էր այն մթագնությամբ կամ, եթե կուզեք, բանականության այն լռությամբ, որի պայմաններում դադարում է ամեն մի դատողություն, և սիրած մարդու գործողություններն ու բնավորությունը գնահատելիս ենթարկվում ես միայն սիրո ձայնին։ Մի խոսքով, ինձ թվում էր, թե ՆԱ ոչ մի թերություն չունի, և, կարծում եմ, որ այդ նույն ձևով էլ ՆԱ էր ինձ պատկերացնում։ Կամ, գուցե, ես նրա թերություններն էի տեսնում, իսկ նա` իմը, բայց սիրո կատարած ինչ-որ մի հրաշագործ կերպարանափոխության շնորհիվ այդ թերությունները մեր երկուսին էլ թվում էին ոչ միայն ներելի, այլև սիրելի, կարծես դրանք ոչ թե թերություններ էին, այլ առաքինություններ, թեև արտասովոր բնույթի։
  • Որքան ավելի մեծ է երջանկությունը, այնքան ավելի քիչ է դա նկատելի։
  • Ես ինձ հաշիվ չէի տալիս, թե որքան եմ երջանիկ։ Ինձ թվում էր, թե անում եմ այն, ինչ բոլորն են անում. սիրում եմ իմ կնոջը, և նա էլ սիրում է ինձ, և այդ սերը ինձ թվում էր շատ բնական, նորմալ, այնպիսի մի սովորական բան, որն իրենից առանձին արժեք չի ներկայացնում, կարծես դա օդի նման մի բան է, որը մենք շնչում ենք, որից այնքան շատ կա մեր շուրջը և որը մեզ համար թանկ է դառնում միայն այն ժամանակ, երբ այլևս չի բավարարում, և մենք սկսում ենք շնչահեղձ լինել նրա բացակայությունից։
  • Մեզ համար կյանքը պարտականություն է...ամենից առաջ՝ պարտականություն։
  • Այդպես դեռևս խաղաղ ու պարզ երկնքում փոփոխված ու ճնշող օդի ծանրությունը ազդարարում է մոտալուտ փոթորիկ։
  • Ամուսինների փոխադարձ սիրո ապահովությունը զրկում է նրանց հարաբերությունները ամեն տեսակի կրքերից։
  • Միտքը, որքան էլ ուզում է տրամաբանական թվա, խաբում է մեզ ավելի հաճախ, քան թե անորոշ և աղոտ զգացումը:շ
  • Սերը, իհարկե, ամենից առաջ զգացմունք է, բայց նաև մարմինների անարտահայտելի, գրեթե հոգեկան մերձեցում։
  • Մեկ-մեկ, երբ միտքդ զբաղված է լինում որևէ կարևոր հարցով, պատահում է, որ ձեռքիդ տակ եղած բանը,- գիրք, խոզանակ, կոշիկ,- ինչ-որ տեղ ես դնում, իսկ հետո զուր տեղը ժամերով փնտրում, մինչև որ գտնում ես այնպիսի մի աներևակայելի տեղում, որ մտքովդ էլ չէր անցնի` պահարանի վրա, սենյակի ամենահեռավոր անկյունում կամ էլ սեղանի դարակում։
  • Ըստ երևույթին, ինձ մոտ այն պատրանքն էր, թե ժամանակի ընթացքում ամեն ինչ ինքն իրեն կլուծվի` առանց իմ կողմից որևէ ջանք գործադրելու։ Իսկապես էլ ժամանակի ընթացքում ամեն ինչ լուծվեց, բայց ոչ այնպես, ինչպես ինքս կուզեի։
  • Եվ ինչպես նա, ով հանկարծ նկատում է, որ ինքը անդունդի եզրին է կախվել, ես ցավագին մի թախիծ զգացի, երբ մտածեցի, որ մեր մոտիկությունը առանց պատճառի դարձավ օտարություն, անէություն և բաժանում...
  • Ես պարզ զգում էի, որ հակառակ իմ կամքին` սկսել եմ նախանձել նրանց, ովքեր հեռու են կանգնած այդպիսի հոգսերից, ովքեր հարուստ են և արտոնյալ։
  • Սերը օժտված է մի մեծ հատկությամբ. նա ոչ միայն գիտե հուսալ, այլև մոռանալ։
  • Կյանքում միշտ հեշտությամբ է մոռացվում այն, ինչը մարդ չի ուզում հիշել։
  • Սցենարիստը այն արվեստագետն է, որը իր ամբողջ հոգին դնում է ֆիլմի մեջ, չստանալով որևէ մխիթարանք ու հոգեկան բավարարվածություն այն զգացումից, որ ֆիլմում նա ինքն իրեն է արտահայտել։
  • Ինչպիսի տղամարդ էլ ուզում է լինի, միշտ էլ գտնվում է մի կին, որը նրան գնահատում է և սիրում, հետևապես, սխալ է, երբ դատում ես ուրիշների զգացմունքների մասին, ելնելով քո իսկ չափանիշներից։
  • «...Վաղուց է, ինչ Էմիլիան ինձ չի սիրում, նա այլևս երբեք ինձ չի սիրի»։ Այդ միտքը ինձ այնպիսի մի խոր, գրեթե ֆիզիկական ցավ պատճառեց, որ ես նույնիսկ դեմքս ծռմռեցի։
  • Սակայն մարդը միշտ հույսով է ապրում, նույնիսկ այն ժամանակ, երբ համոզված է, որ այլևս հուսալու ոչինչ չկա։
  • ...Կինը միշտ էլ կարող է պատրվակ գտնել` մերժելու համար։
  • Անհայտ դժբախտության կանխազգումից մարդ իրեն մի տեսակ անհանգիստ է զգում, չնայած հոգու խորքում մինչև վերջին րոպեն էլ հույսը չի կտրում, որ այդ նախազգացումը կարող է նաև խաբուսիկ լինել։ Իսկ անխուսափելի դժբախտությունը, ընդհակառակը, մարդու մեջ որոշ ժամանակ առաջ է բերում ճնշող դժնդակ մի հանգստություն։
  • Ես նկատել եմ, որ մարդու մեջ ինչքան ավելի շատ է լինում կասկածը, այնքան ավելի հաճույքով է նա ձեռքը գցում մտքի կեղծ տրամաբանական փաստարկին, հույս ունենալով բանականության օգնությամբ պարզել այն, ինչը պղտորում ու մթագնում է զգացմունքը։
  • Երբեմն կարելի է լինել անսահման հավատարիմ և, այնուամենայնիվ, չսիրել...Դեռ ավելին, որոշ դեպքերում հավատարմությունը ինքնասիրության վրեժի, փոխհատուցման մի ձև է...Հավատարմություն և ոչ թե սեր։
  • Կարելի է երևակայությամբ պատկերացնել անհամար տհաճ հեռանկարներ և հանոզված լինել, որ իրականում հենց այդպես էլ նրանք կկատարվեն։ Սակայն երբ մեր այդ ենթադրությունները կամ, ավելի լավ է ասենք, մեր համոզվածությունը հաստատվում է, դա մենք այնքան անսպասելի ենք համարում և ընդունում ցավագին, որ թվում է, թե այդպիսի բան մեր մտքով երբեք չէր անցել։ Փաստորեն ես վաղուց արդեն գիտեի, որ Էմիլիան այլևս ինձ չի սիրում։ Բայց երբ այդ լսեցի նրա բերանից, թվաց, թե արյունը երակներիս մեջ կանգ առավ։
  • - Ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ, ինչպիսին էլ ուզում է լինի դա...Ամենավատ ճշմարտությունն ինձ համար ավելի գերադասելի է, քան կեղծիքը...Բացի դրանից, եթե դու ինձ ճշմարտությունը չասես, ով գիտե, թե ես ինչեր կարող եմ մտածել...մտքովս կարող է հազար ու մի բան անցնել։
Ռիկկարդո Մոլտենի
  • Երբեմն խիղճը նույնպես խաբում է։
Ռիկկարդո Մոլտենի
  • - Ես արհամարհում եմ քեզ... ահա թե որն է քո հանդեպ ունեցած իմ զգացմունքը, և ահա այն պատճառը, որի հետևանքով ես այլևս քեզ չեմ սիրում... ես արհամարհում եմ քեզ և քո ամեն մի շփումից զզվանք եմ զգում... ահա թե որն է ճշմարտությունը... ես քեզ արհամարհում եմ... նողկում եմ քեզանից...
Էմիլիա
  • Ժամանակակից աշխարհը այնպես է կառուցված, որ ոչ ոք չի կարող անել այն, ինչ կուզենար, ընդհակառակը, պետք է անի այն, ինչ ուրիշներն են ուզում... Որովհետև ամեն ինչի հիմքում փողն է ընկած. փողից է կախված և այն, ինչ անում ենք, և այն հանգամանքը, թե ինչ ենք մեզնից ներկայացնում, ինչ ենք ուզում դառնալ, փողից են կախված մեր աշխատանքը, մեր լավագույն ձգտումները, փողն է ընկած նույնիսկ մեզ համար սիրելի մարդկանց հետ ունեցած հարաբերությունների հիմքում։
Ռիկկարդո Մոլտենի
  • Այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինչպես պետքն է չգիտեք, թե ինչ եք ուզում, ավելի լավ է մոռանաք այդ իդեալների մասին կամ ծալեք ու մի կողմ դնեք... Բայց երբ զգաք, որ ձեր ոտքի տակ արդեն ամուր հող կա, այն ժամանակ իսկույն հիշեցեք իդեալի մասին...
  • Ուզու՞մ եք իմանալ, որն է հաջողության գաղտնիքը... Կանգնել կյանքի հերթում և սպասել մինչև ժամանակը հասնի, ճիշտ այնպես, ինչպես կայարանի տոմսարկղի առաջ են հերթ կանգնում... և մեր հերթը ամպայման կգա, եթե համբերությամբ սպասում ենք և ոչ թե մի հերթից վազում մյուսը... Այո, հերթը անպայման նաև մեզ կհասնի, և տոմսեր վաճառողը յուրաքանչյուրիս կտա իր պահանջած տոմսը... Ինքնըստինքյան հասկանալի է, ըստ մեր արժանիքների...
Բատտիստա
  • Բավական է ձեռնամուխ լինես, և բոլոր դժվարություններն իսկույն հարթվում, գնում են։
Էմիլիա
  • Առանց հոգեբանության բնավորություններ չեն լինում։
Ռայնգոլդ
  • Բոլոր նրանց համար, ովքեր քաղաքակրթված չեն, քաղաքակրթությունը կարող է թվալ (իսկ հաճախ պարզապես թվում է) բարոյական նեխվածություն, անբարոյականություն, անսկզբունքայնություն, ցինիկություն...
Ռայնգոլդ
  • Ես ուզում էի ինքնասպան լինել, որպեսզի գոնե մահվանից հետո գտնեմ այն մաքրությունը, ինչը ապրելու ժամանակ բացակայում էր ինձ մոտ։
  • Ուժեղ զգացմունքները լավ են նրանով, որ իրենք իրենց, առանց մեր կամքի և գիտակցության, անցնում են գործողության։
  • Արհամարհանքը գնում է մարդու հետևից, որտեղ էլ ուզում է նա թաքնված լինի, քանի որ նա արդեն մտել է մարդու հոգու մեջ և մարդու հետ էլ լինում է ամենուրեք։
  • Ես նման էի այն մարդուն, որը տեսնելով վերին աստիճանի հաճելի ու տպավորիչ մի երազ, քնից արթնանում է, բայց դեռ երկար ժամանակ շարունակում է երանությամբ վայելել այդ երազի առաջացրած զգացումները։
  • Խորհրդածությունները լինում են կամ գործողությունից առաջ, կամ նրանից հետո։ Այն, ինչը մեզ ղեկավարում է գործողության ընթացքում դրանք խեհերն են, որոնք արդեն անցել են և, մոռացվելով, մեր հոգում դարձել են լոկ կիրք։
  • Ես երբեք այնքան մոտիկ չեմ եղել բանականությունս կորցնելու վիճակին, որքան այն ժամանակ էի, երբ մի կողմից նողկանքով էի լցված իրականության հանդեպ, իսկ մյուս կողմից կարոտով` դեպի զգայապատրանքը։
  • Անկախ այն բանից, թե որքան է սիրում կինը իր ամուսնուն, ցանկացած սխալը՝ նույնիսկ ամենաչնչինը, կարող է պատճառ հանդիսանալ, որ իր ամուսնու հանդեպ տածած սերը վերափոխվի արհամարհանքի։
  • Միշտ չէ, որ անմեղությունը կարողանում է համոզիչ լինել։
  • Երեխաները լացի են դիմում, ծառայեցնելով այն որպես շրջապատի վրա բարոյական ճնշում գործ դնելու ծայրահեղ փաստարկ կամ միջոց։ Այդպես են անում նաև կանայք, ինչպես և առհասարակ բոլոր թուլակամ և փոքրոգի մարդիկ։
  • Սոսկալի շոգ էր, իսկ շոգը բթացնում է վիշտը, որը, ինչպես և ուրախությունը, իր կողքին ուրիշ զգացում չի հանդուրժում։ Թաղման օրը հեղձուցիչ տոթ էր, երկինքը ծածկված էր ամպերով, օդը խոնավ էր ու կանգնած, քամու նշույլ անգամ չկար։ Երեկոյան, երբ թաղումն արդեն վերջացած էր, մտնելով այժմ արդեն մեկընդմիշտ դատարկ ու այլևս պետք չեկող մեր բնակարանը և դուռը փակելով իմ հետևից, ես նոր միայն զգացի, որ Էմիլիան իսկապես մեռել է և որ երբեք այլևս ես նրան չեմ տեսնի։ Բնակարանի բոլոր լուսամուտները լայնորեն բացված էին՝ գոնե օդի մի չնչին հոսանք ստեղծելու համար, բայց, չնայած դրան, միևնույնն է, ես զգում էի, որ շնչահեղձ եմ լինում։ Իրիկնային մթնշաղով պարուրված բնակարանի շողշողուն հատակի վրայով ես անընդհատ այս ու այն կողմ էի քայլում և անցնում սենյակից սենյակ։ Հարևան տների լուսաողող պատուհանները, որտեղից երևում էին նաև սենյակներում գտնվող նրանց բնակիչները, իմ մեջ կատաղի մի զգացում էին առաջացնում։ Նրանց լույսերը ինձ հիշեցնում էին մի այնպիսի աշխարհ, որտեղ մարդիկ ապրում էին խաղաղ, սիրում էին միմյանց, և ոչ մի թյուրիմացություն չէր մթագնում նրանց կյանքը, մի աշխարհ, որտեղից ինձ թվում էր, թե ես վտարված եմ հավիտենապես։ Նորից այդ աշխարհը վերադառնալու համար ես պետք է բացատրվեի Էմիլիայի հետ, համոզեի նրան, կրկին ստեղծագործեի սիրո մի հրաշք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ սիրուց հրդեհվի ոչ միայն մեր սիրտը, այլև մենք նույնպես սիրով հրդեհենք ուրիշինը։ Սակայն այդ այլևս հնարավոր չէր։ Ինձ թվում էր, ես արդեն խելագարվում եմ, երբ սկսում եմ մտածել, որ Էմիլիայի մահը, թերևս, իմ հանդեպ ունեցած նրա անբարյացակամության վերջին ու վճռական դրսևորումն է։
  • Ես երբեք այդ քեզ չեմ ների, երբեք չեմ ների այն, որ դու կործանեցիր իմ սերը... Ես քեզ այնպե՜ս էի սիրում... Ոչ ոքի, բացի քեզանից, ես չեմ սիրել և այլևս չեմ էլ սիրի... Իսկ դու քո բնավորությամբ ամեն ինչ կործանեցիր... Մենք այնքա՜ն երջանիկ կարող էինք լինել միասին... Մինչդեռ ամեն ինչ հիմա դարձավ անհնարին... Ինչպե՞ս ես ուզում, որ ես մոռանամ այդ... Ես ինչպե՞ս կարող եմ չվրդովվել քեզ վրա։

Աղբյուրներ

[խմբագրել]