Այրվող այգեստաններ
Արտաքին տեսք
Այրվող այգեստաններ, Գուրգեն Մահարու վեպը:
Քաղվածքներ
[խմբագրել]- Ո՛չ, ժողովրդականություն չի վայելում թուրքական սեֆերբերլիքը, որը թարգմանի՝ զորահավաք: Ժողովրդականություն չե՛ն վայելում նրանց քայլերգերը: Եղբա՛յր, վանեցին չի ուզում կռվել: Վանեցին ոսկերչություն անի, վանեցին արհեստներ և առևտուր ծաղկեցնի, վանեցին «Արցունքի հովիտ» բեմադրի, ախպորս ասեմ՝ ժրաջան մրջյունի նման աշխատի՛, կյա՛նք ստեղծի, վանեցին չի ուզում կռվել: Եվ որո՞ւ դեմ: Իսկ ռուսական բանակի մեջ հայ զինվորներ կան, նրանք ոչ միայն չեն փախչում բանակից, այլև կամավոր են գնում: Որեմն՝ հայի դե՞մ պիտի կռվի: Չի՛ կռվի: Դատարկ խոսքեր են: Եվ ոչ թե որովհետև վանեցին վախկոտ է, ո՛չ, ի՞նչ վախ, աննպատակ, անմիտ, խենթ կռիվ է: Իսկ վանեցին խենթ չէ…[1]
- Ունայնություն ունայնությանց և խաբեություն խաբեությանց: Պարզվեց, որ գոյություն չունի ո՛չ քաղաքակիրթ Եվրոպա, ո՛չ փոքր ազգերի իրավունք և արդարություն մանավանդ: Խաբեցին մեզ,- մտածում է Արամը, հետո անդրադառնում – ո՞վ խաբեց մեզ, մենք մեզ խաբեցինք[2]:
- Չկա ազատություն առանց արյան,— գրեցին նրանք իրենց դրոշակին, իսկ երբ նրանց հարցրին,— իսկ կա՞ արյուն առանց ազատության,— նրանք չպատասխանեցին, բայց պատասխանը որոշ էր,— ինչքա՜ն ուզես…
- Եվ եղավ արյուն ու չեղավ ազատություն: Չթերագնահատենք մեր գործը, ազատություն եղավ, ազատություն՝ երևակայության, կամայականության, փառասիրության: Երևակայիր որքան ուժ ունես[3]:
- Ի՞նչ է կյանքը, գործչի կյանքը: Նա հիշեց տասնյակ դեմքեր և անուններ, որոնց հետ նստել էր ու կանգնել, սուրճ խմել…Նրանք հիմա չկան: Ինչպես ընդունված է ասել, նրանք ընկան ազատության ճանապարհին և իրենց արյունով և այլն, և այլն, և այլն: Ազատության ճանապարհը չի փակվել, բա՜ց է ազատության ճանապարհը, նա նոր զոհեր է պահանջում: Եվ ահա հերթը հասել է իրենց: Ի՜նչ զարմանալի, ի՜նչ սարսափելի բան: Մեռնել և չիմանալ, թե ինչպես վերջացավ այն գործը, որին դու տվիր քո… կյանքը: Մեռնել և դառնալ հոդվածի վերնագիր, դառնալ նկար՝ կախվել սենյակների պատերից:Լավ հեռանկար է, խոսք չկա[4]:
- Առաջ կար մի սուլթան Համիդ և հայությունը, մեծ-փոքր, նրան էր հայհոյում: Համիդին թաղթից գլորեցին, հիմա ո՞ւմ հայհոյես, այնքան շատ են համիդները[5]:
- Կա՞ աշխարհի վրա մի երկիր, մի ազգություն, որ մեկ, միայն մե՛կ կուսակցություն ունենա և մե՛կ սրտով, մե՛կ հոգով և մե՛կ վճռով լուծի ազգային բոլոր խնդիրները, և չի՞ լինի, որ Վանում նույնպես մեկ կուսակցություն լինի երեքի փոխարեն և այդ մեկ կուսակցությունը ժողովրդին առաջնորդի դեպի երջանիկ ապագա:— Տրամաբանական հա՛րց[6]:
- Կռվեցե՛ք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ: Նրանք, որոնք ընկան, ազատվեցին ամեն պատասխանատվությունից: Իսկ նրանք, որոնք կենդանի մնացին, հրամեցեք, պատասխան պիտի տան և՛ մեռածների համար, և՛ իրենց: Ավելի լավ չէ՞ր մեռնել և սրբանալ, քան ապրել և…[7]
- Այս Մհերը հայ ժողովրդի առասպելական դյուցազներից է. նա իրեն արգելափակել է այս ժայռերում և երդվել է աշխարհ դուրս չգալ, մինչև աշխարհի երեսից չվերանան բռնությունն ու անարդարությունը: Որքան ես հասկանոմ եմ այս երկրի գործերից, այս Մհեր կոչված ազնիվ ջենտլմենը երկար, շատ երկար պիտի սպասի իր քարակուռ բանտում…[8]
- Այս ի՞նչ համերգ է: Բեմ է մտնում երկարահասակ, գունատ դեմքով, սքեմավոր մի անձնավորություն, դատարկ ձեռքով: Ասես հոգնած ու ձանձրացած, նա նստում է մի բարձրության վրա և ծոցի գրպանից հանում մի անծանոթ, երկարավուն գործիք: Այս ի՞նչ գործիք է, դա էլ հայտնի չէ փարիզեցուն: Ի՞նչ է անելու այս տարօրինակ վարդապետը: Նա գործիքի սուր ծայրը դնում է շրթունքներին և մեղրամոմե բարակ մատները շարժում: Դահլիճը խլրտում է, ծփում ու օրորվում հայ երգի անխոսք հնչյուններից: Այդ հնչյունները… նրանք մերթ գահավիժում են անդնդախոր, մերթ մագլցում երկնամերձ լեռներն ի վեր, հետո իջնում ու թավալվոմ հովտե հովիտ ու դաշտից դաշտ ու արտից արտ: «Հո՜լ արա, եզո ջան»:- Դահլիճում սավառնում է դարավոր, բայց միշտ նոր մի ժողովրդի հոգու և ոգու պատմերգությունը, երազներն ու սերերը, մարտնչող թախիծը, խոնարհ հպարտությունը…[9]
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979, էջ 364-365:
- ↑ Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979, էջ 398:
- ↑ Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979, էջ 399:
- ↑ Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979, էջ 403:
- ↑ Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979, էջ 414:
- ↑ Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979, էջ 467:
- ↑ Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979, էջ475:
- ↑ Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979, էջ 478:
- ↑ Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979, էջ 604-605: