Ամանոսի լեռների առասպելը

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Ամանոսի լեռների առասպելը, իրապատում վիպակ, որն Արևմտյան Հայաստանում 1915-1920 թվականներին ծավալված իրադարձությունների մասին է։ Վիպակում արտացոլված են հայ ֆիդայինների մարտական գործողությունները Յոզղաթից մինչև Ամանոսի լեռները։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Անդորր էր։ Ձորից բարձրացող վաղ գարնան զեփյուռը սվսվում էր բացվող թփերի արանքում, որսորդի շան նման հոտվտում ու գնում կորչում կանեփի բարձր թփուտների մեջ։ Մանուշակը բացվում էր։ Չաթ լեռան ստորոտին դեղնապսակ գորգի նման աչք էին շոյում ձնծաղիկների բույրերը։ Գարունը զգեստավորում էր բնությունը, նուրբ ճաշակով զարդարում թուփ ու ծառ` գործն իմացող հմուտ նկարչի նման։
  • Գարունը գույներ էր շաղում չորս դին, անտառն աղմկում աշխույժով։ Ձնծաղիկները լայն բացել էին իրենց սպիտակ վեղարները, թրթռում էին թաց հողի վրա դողդողալով։ Սրանց կողքին երկչոտ գլուխներն էին տատանում կապույտ մանուշակները, այս սարավանդի ներքևում տարածվում էր Աղդաղի մարգագետինը, ուր արածելու էին դուրս եկել շրջակա գյուղի անասունները։
  • Մռայլ ժպիտ գծվեց հայդուկի դեմքին։ Ի՞նչ իմանա այս բարի, պարզամիտ Ասոն, թե Իշխան Ինջեյանի գերդաստանը միշտ մահը գերադասել է թուրքի առաջ ծնկի գալուց։ Այդ ընտանիքը ապավեն է եղել թույլին ու զրկվածին, հալածվածին ու հանիրավի ճնշվածին։ Եվ մերժելով թուլամորթ ստրկամտությունը` խրախուսել է արարքներն ու չարի դեմ ուժեղ բազուկը։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հ. Ա. Հակոբջանյան, Ամանոսի լեռների առասպելը, Իրապատում վիպակ, Երևան, Հայաստան, 1990, 134 էջ: