Եղիշե Չարենց
Արտաքին տեսք
Եղիշե Չարենց (իսկական անունը՝ Եղիշե Սողոմոնյան, մարտի 13, 1897 — նոյեմբերի 27, 1937), հայ անվանի բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած[1]։
- Մեծերը փառքի հետևից չեն վազում։ Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում[2]։
- Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
Այժմ կեսօր է արդեն,- ժա'մ է դառնաս իմաստուն[3]։ - Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում[3]։ - Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։ - Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է։ Առանց դրա՝ իսկական գրող չկա[4]։
- Դասագրքում տեղ գտնող հատվածը գեղեցիկ մղումներ տալու հետ միասին պետք է գտնվի արվեստի բարձր աստիճանի վրա։ Սա է հիմնականը[4]։
- Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը։ Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ[4]։
- Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ։ Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել[5]։
- Եվ ես՝ որպես հայ գրող, պատկանում եմ «փոքր» ազգության և գիտեմ, որ եթե իմ ստեղծագործական գործունեությունը հոգեբանորեն սահմանափակեմ ազգային ներփակված շրջանակներում, ապա շատ ողորմելի կլինի նրա դիապազոնը և ազդեցության ոլորտը[6]։
- Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին... Որպես օրինակ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով[6]...
- Եվ ես տեսնում եմ, որ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են մեր միջնադարյան աշխարհիկ բանաստեղծները՝ «այդ հանճարեղ ճորտերը», չի կարելի գտնել ուրիշ մի գրականության մեջ, իհարկե, ոչ թե նրանց հանճարեղության, այլ գույների ու երանգների, ձևի ու նյութի մշակման ինքնատիպության իմաստով[6]։։
- Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ[6]։
- Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ... Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն[6]։
- Աշխարհում չկա ավելի դաժան բան, քան անճաշակ մարդուն լավ ստեղծագործության արժեքը հասկացնելը[6]։
Քաղվածքներ Չարենցի մասին
[խմբագրել]- Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց մահկանացուն։ Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է։
- ...Չարենց անունը դարձել է մեր խղճի ու արժանապատվության խորհրդանիշը։ Ու քանի դեռ շարունակվում է Նաիրյան պատմությունը, այդ անունը ժողովուրդը միշտ էլ կպարզի իբրև դրոշ... Չարենցը լեգենդ էր[7]...
- Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին»։ Երբեք բերանացի չեմ սովորել՝ պարզապես գիտցել եմ։ Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ։ Դա մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթ, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն։ Իսկ ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»։ Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է։ Պոեմ էլ չէ, վեպ՝ նույնպես, որովհետև իրենց ծավալով, մոնումենտալությամբ հանդերձ դրանք կյանքը ներկայացնում են այս կամ այն մասշտաբով։ «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է։ Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին։ Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է։ Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է։ Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաաստված լինել[8]։
- Այսօր, հատկապես առայժմ, գոնե Եղիշե Չարենցն՝ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ[7]։
- ...Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորությամբ, ըմբոստ ու եռուն։ Բոլոր ազգերի գրականությունները գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպելը» և «Տաղարանը»... «Ես իմ անուշ Հայաստանին»[7]։
- ...Հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված՝ հայրենասիրության տեսակետից։ Դա եզակի, աննախընթաց բան է[7]։
- ...Չարենցը Հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ, և նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա։ Նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ[7]։
- Չարենցն անպայման տաղանդ է, նա բարձրանում է, ավելի խոշոր ու մեծ դառնում[7]։
- ...Մեր գրականությունը իսկապես առաջ շարժող գրողները քիչ են հայտնի։ Հիշենք Չարենցին։ Ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Միության մասշտաբով այդ խոշորագույն բանաստեղծը գրեթե անծանոթ է ռուս ընթերցողների լայն շրջանին[7]։
- Չարենցը ուժի բանաստեղծ էր։ Համեմատական և խիստ բնական հանգստի պահերն իսկ նրա համար հավասար էին մահվան։ Այդ պատճառով էլ նրա գրական ամբողջ կյանքը նման է վազքի՝ մի հանգրվանից դեպի մյուսը։ Նա, ինչ խոսք, կառուցել է նաև վանքեր ու բերդեր։ Բայց, ընդհանրապես, նա շինարարն է ԻՋԵՎԱՆԱՏՆԵՐԻ։ Ընստ որում, այդ իջևանատները նա շինում էր այլոց համար, որովհետև ինքն իր իսկ իջևանատներում ընդամենը գիշերում էր, որովհետև շտապում էր կառուցել նոր իջևանատուն։ Այս իմաստով՝ նա «զարմանալի թեթև, զարմանալի անփույթ»-ի մեկն էր՝ մի զուտ մոցարտյան կամ պուշկինյան բնավորություն։
- Մոցարտյան կամ պուշկինյան բնավորության տակ ընդգծելու համար ասենք նաև, որ Չարենցը ՇԱՏ ԷՐ ՏԱՐԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՇԱՏ ԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԵՑ ՕՐԵՐԻՆ։ Ժամանակի նախօրինակ անզգացողությունը հատուկ է միայն նրանց, ովքեր հենց իրենք մարմնավորված ժամանակ են[9]։
- Եղիշե Չարենցը՝ ղարսեցի այդ գանգրահեր թխաչյա տղան, հասնելով լիրիկայի ամպամերձ բարձունքններին, իր յուրաքանչյուր տողով, իր սրտի յուրաքանչյուր թելադրանքով պատկանում է հարազատ հայ ժողովրդին։ Լինելով մեծ Հոկտեմբերի զավակ, նրա զինվորն ու բանաստեղծը՝ Չարենցը պատկանում է հայրենիքի բոլոր ժողովուրդներին, ամբողջ աշխատավոր մարդկությանը։ Չարենցի զրնգուն բանաստեղծությունները կհնչեն անդադար[9]։
- Ա. Սուրկով
- Վառվեց ու գնաց։
- Այդպես եղավ այդ զարմանալի ինքնատիպ, զարմանալի մեծ բանաստեղծը, մեր փոթորկաշունչ դարի շռնդալից երգիչը, Կարս քաղաքի անտաշ քարե մի տնակում ծնված ու մեր սերնդի աչքերի առաջ վսեմ լեգենդ դարձած Եղիշե Չարենցը[9]։
- Հայ ժողովուրդը դարեր է ապրել, որ Չարենցի նման հսկա է երկնել[9]։
- ...Նրա պոեզիան փոխվեց հենց իր հայրենիքի պես։ Հենց Չարենցի մոտ է, որ ամենից առաջ պոեզիայում երևացին Հայաստանի նոր մարդիկ[9]։
- Նա բազում գետեր ու առուներ է ընդունել իր մեջ և վերածվել է մի վիթխարի ջրվեժի, որ կոչվում է Չարենց։ Նա համագումարն է արևելահայ, ռուսական, ապա համաշխարհային պոեզիայի լավագույն տրադիցիաների։ Այս ամենով հանդերձ Չարենց է, գրական շեշտված, մեծ անհատականություն, էպոխայի նշանավոր երևույթ[10]։
- Եղիշեն նրանցից է, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում։
- Եղիշեի նման հոգիները ասուպների նման են, գալիս են անհայտության խորքերից և մի կարճ րոպե շանթարձակ լույսով ողողելուց հետո իրենց ճանապարհը անհետանում են նույն հեռուներում, որտեղից եկել են։ Նման տեսնողներից էր Դանթեն[11]։
- ...Չարենցը, Չարենցը...
- «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում»...
- Անոր չհանդիպած՝ արդեն գիտեի իր այս քերթվածը։ Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ։ Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված։ Զայն մինչև այսօր կնկատեմ մոր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը։ «Հայր մեր»-ին նմանող աղոթք մը[11]։
- Նա ապրում էր մեր ժամանակակիցների հետ և մեջ... Բայց միաժամանակ նա նրանց մեջ միակն էր, որ ապրում էր նաև ապագայում և անցյալում։
- Չարենցը հեղափոխության ոչ միայն մեծատաղանդ երգիչն էր, այլև մեծատաղանդ հեղափոխական էր երգի մեջ։ Դա պաշտոնների համատեղություն չէր, այլ տարերքների համընկնում։
- Հեղափոխությունը նրա համար ոչ թե կեցվածք էր, ինչպես շատերի համար, այլ պարզապես կեցություն[12]։
- ...Մեծ բանաստեղծի ստեղծագործական ուղիները երբեք նման չեն քանոնով քաշված ուղիղ գծերի։ Այդ ճանապարհները ամենից ավելի հիշեցնում են հորիզոնով ձգվող լեռնաշղթաների վայրիվերումները՝ կատարներ, խորություններ ու անդունդներ։
- Եղիշե Չարենցի ստեղծագործական լեռնաշղթայում այդ կատարներն ու խորությունները, թռիչքներն ու անդունդները շատ են ընդգրկված[12]։
- ...Քնքշությունը Տերյանի, Թումանյանի սիրտը մեծ,
- Վեհ քնարը Պուշկինի, Մայակովսկու խոսքը,-
- Դու ձուլեցիր քո սրտի քուրայի մեջ, հրի մեջ,
- Կռելով մեր դպրության ազնիվ մետաղը մաքուր[11]։
- ...Չարենցը մեռած - ո՛չ բարեկա՛մ -
- Չարենցը լույս է, ոգի ու սեր,
- Չարենցը ձայն է
- Ու խոսքի հորդող գետ է անեզր,
- Չարենցը սիրտ է հրակարմիր,
- Սրտի տրոփ է մրրկահարվող,
- Չմարող բոց է արարչագործ[11]։
- Չարենց մեծագույն դեմքերեն էր մեր ազգային բանաստեղծության և մեծագույն քերթողն էր Խորհրդային Հայաստանին, այնքան ջերմ հայրենասեր, որքան համոզված համայնավար հեղափոխական երգիչ[12]։
- Չարենց այն նոր գրողն էր, որ ցեղային ու համամարդկային ձգտումներն ու աշխարհայացքները կուզե իր գործին մեջ միացնել։ Կարելի է ըսել, որ այդ կարգի հայ գրողներուն ամենատիպիկն է[12]։
- Մեր առջև մի գործ է («Երկիր Նաիրի»), որը ստեղծված է գոգոլյան ռիթմով. եթե պոեմ, համենայնդեպս, էպոս, որը հայ գրականության համար բացառիկ գրական նշանակություն ունի[12]։
- Ինձ թվում է, որ խորհրդային գրականության, խորհրդային պոեզիայի առաջին հիմնադիրների մեջ է նա՝ մեծատառով գրվող այդ բանաստեղծը։ Նրա խիստ ուժեղ տաղանդը երևում է և՛ կերպարի կերտման, և՛ թեմայի լայնության, և՛ նրբարվեստ լիրիկայի, և՛ իր Նաիրի երկրի անցյալի ու ապագայի մասին արած խորհրդածությունների մեջ[13]։
- Նրա բանաստեղծական բերքը հիանալի է։ Նրա բանաստեղծություններն ու արձակը, իրավամբ, մտան համաշխարհային գրականության մեջ[4]։
- Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք է՛լ ավելի ենք սիրում դրանք...
- Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահպանի իր երիտասարդությունը[4]։
- Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-1937 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը։
- Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին[14]։
- Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը։
- Ի՞նչ կարող ես գրել հրաշքի մասին։ Նաիրին ծնեց Չարենցին։ Պատռվեց հողը, կանաչ ծիլը բացեց աչքերը ու նայեց շուրջը։ Ժայռակոփ պատկերներ և սեպգրեր տեսավ, տեսավ ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ՝ բայց ծով արյան ու ծավ ցավերի մեջ։ Սիրտը մղկտաց։ Բարձրացրեց գլուխը՝ տեսավ շողացող Արևը։ Հուսադրվեց։ Շարժեց արմատները, զգաց, որ հիմքը բազալտ է։ Թինդ առավ։ Եվ իր բազալտե հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց։ Բարձրացավ ժամանակի սամումը, երկինքը սևակնեց ու բոցավառվեց։ Ու նա որոտաձայն կանչում էր Մհերին՝ փնտրելով Ագռավաքար տանող ճամփան... Չարենցը լեգենդ էր։ Ի՞նչ գրես լեգենդի մասին։ Գուցե կանխորոշվա՞ծ էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն... Ո՞վ գիտե։
- Ինձ մինչև օրս էլ անհավանակն է թվում, որ «Դանթեական առասպելը» գրված է տասնութամյա պատանու ձեռքով։ Անհավանական ու զարմանալի։ Հիրավի, որտեղի՞ց այդքան կյանքի իմացություն, խորասուզումների այդպիսի կարողություն, խորհրդածությունների այդպիսի ներհունություն, այդպիսի լեզու և, վերջապես, այդպիսի անթերի կատարում... Տառապանքն է երևի, որ ժամանակից շուտ ոտքի է հանել պատանու հոգում նիրհող ուժերը։
- Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպել»-ը և «Տաղարան»-ը, լիրիկական մի շարք բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ խորքով «Ես իմ անուշ Հայաստանին»։ Ինձ համար, առանց չափազանցության, բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից։ Դա եզակի, աննախընթաց բան է։ Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական, համաշխարհային գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններ այդպիսի թափով, այդպիսի ընդարձակ խոսքով գրված բան գոնե ես չեմ հիշում։
- «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծությունը 16 տողանի արձանագրություն է՝ փորագրված վիթխարի ժայռի վրա, որը կտակված է դարերին։
- Չարենցն այն երևույթներից է, որոնց մոտից անտարբեր անցնելը նախ մեղք է, և հետո, վերջապես, հանցանք։ Իսկ ես մեկից ավելի պատճառներ ունեմ չկարենու անբարբառ անցնել Եղիշեի մոտից, մանավանդ, երբ այդ երջանիկ օրերի հիշողությունը ծանրանում է գրչիս ծայրին։ Եղիշեի կյանքի ընկերը չկարողացա լինել. բուռն էր նրա ապրելակերպը և դրանով ներհակ իմ ըմբռնած կենցաղավարության ձևերին, բայց եղա նրա ստեղծագործության ընկերը, որովհետև չէր կարելի մի սիրտ ունենալ և չզգալ ու չենթարկվել նրա լայնաշունչ բանաստեղծությանը, թեև երբեմն ուլրտա-ժամանակակից, բայց երբեմն էլ Եզեկիելի մարգարեությունը հիշեցնող բիբլիական շեփորումին, որի համատարած նվագը թե' մեռնող անցյալի հուսահատ կանչը եղավ և թե' նոր ծագող վաղվա ուրախության աղաղակը։ Եղիշեն գրել էր մի փոքրիկ թատերգություն, ավելի շուտ մի քաղաքական պամֆլետ, որի կարճ տողերում և փոքրաթիվ էջերում կարողացել էր ամփոփել իր ժամանակի շունչը, երբեմն հասնելով նույնսիկ Արիստոֆանի ամեն ինչ ձաղկող հումորին, ամե'ն ինչ բուժող Ռաբելի ծիծաղին, ամե'ն դիմակ պատռող Դանթեի ակնարկին... Այդ պամֆլետը կոչվում էր «Կապկազ թամաշա»։ Եվ 1926 թատերաշրջանում, Թիֆլիսի Հայկական Դրամատիկ բեմի վրա ինձ վիճակվեց բեմադրել այդ գործը և ինքս անձնավորել այդ գործի գլխավոր կերպար՝ Ղարայի դերը։ Ահա այդ կարճատև փորձերի ընթացքում ճանաչեցի ու հասկացա Չարենցին։ Մեր ազգի մեծագույն ու արժեքավոր մի հատվածի կործանումին ականատես այդ մարդը՝ աշխարհասասան մի ցասումի համառ կուտակումն էր, ինչպես և չտեսնված մի վրեժի ամենակործան պոռթկումը։ Քիչ է պատահել ինձ որևէ գործի վրա աշխատել հեղինակի ներկայությամբ, ինչպես և նրա մասնակցությամբ։ Եվ ահա այդտեղ, խաղարկելիս գործը կամ այն վերլուծելիս, ակամայից խուզարկեցի ու վերլուծեցի բանաստեղծ բարեկամիս սիրտը, մի ավելորդ անգամ ևս զարմանալով կենսունակության վրա բազմաչարչար ժողովրդիս, որ իր բազմադարյան գոյոթւյան ընթացքում կարողացել է միշտ ծնունդ տալ իր հավաքական պոռթկումը աշխարհիս չորս ծագերին խոսող բանաստեղծների։ Չարենցի նման մարդիկ եթե գնում են էլ՝ մնում են մի՛շտ։
- Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ։ Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում։
- Վահրամ Փափազյան
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 18. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 37. ISBN 99930-2-276-4.
- ↑ 3,0 3,1 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90-91։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 91։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 86։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 88-89։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 87:
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 87-88։
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 88:
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 89:
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 89-90։
- ↑ Եղիշե Չարենցի տուն թանգարան, Երևան, «Պերա Պրինտ» ՍՊԸ, 2008, 104 էջ, ISBN 978-99941-874-0-9