Jump to content

Քաոս (վեպ)

Վիքիքաղվածք-ից

«Քաոս», Ալեքսանդր Շիրվանզադեի վեպը։ Գրվել է 1898 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր[1]։
  • Ո՛վ չէր ճանաչում կալվածատեր ու հանքատեր Մարկոս Ալիմյանին - այդ վաթսունհինգ տարեկան, կլորիկ մարմնով, ուռած թշերով, եռանդուն ու աշխույժ ծերունուն և չէր լսել նրա բազմավաստակ կյանքի խրատական պատմությունը։ Ուղիղ հիսուն տարի առաջ, թողնելով իր աննշան ծննդավայրը, եկել, հաստատվել էր այն փոքրիկ, աննշան ծովեզրյա քաղաքը, որին վիճակված էր մոտիկ ապագայում ստանալ համաշխարհային հռչակ՝ իր ստորերկրյա գանձերի շնորհիվ[1]։
  • ...Ամենքն աշխատում էին որսալ նրա հայացքը, որպեսզի բարևեն խոնարհ և արժանանան նրա արհամարհական պատասխանին։ Այնինչ Մարկոսը, այդ նախկին ջրկիրը, դռնապանը, ինքը ոչ ոքի բարևին չէր սպասում, բացի մեկից և այդ մեկը երկրի իշխանն էր - նահանգապետը։ Քսանուհինգ տարի էր, որ վերադարձնում էր իր ինքնասիրության ու պատվի կորուստները, ընդունելով ուրիշներից այն, ինչ որ ինքը քսանուհինգ տարի շարունակ շռայլել էր իրենից մեծերին ու զորավորներին[2]։
  • Հայրը ժողովեց վերջին ուժերը և արդեն սառչող շրթունքների միջից արձակեց.
-Անիծվի՛ս, եթե վերջին կամքս չես կատարի՜լ...
Այդ վայրկյանին նա սոսկալի էր, ինչպես ինքը մահը, սոսկալի մեղսագործ որդու համար[3]։
  • Պարզ էր, որ աներոջ մահը մազու չափ չէր խլրտում նրա [Իսահակ Մարութխանյանի] ազգակցական զգացումների նիրհը։ Պարզ էր նաև, որ եթե բոլոր ներկա եղողները րոպեաբար և տեղն ու տեղը մահանան, դարձյալ նրա աչքերը չպիտի թրջվի։ Իսկ իր կնոջ հեկեկանքներին ու արցունքներին նա նայում էր արհամարհանքով։ Այնինչ պճնազարդ Մարթան` թաշկինակն աչքերին սեղմած, շարունակ հեկեկում էր բավական վարպետորեն։ Եվ Իսահակն ավելի, քան ուրիշ մեկը նրա որդիական ողբի մեջ զգում էր հոգու անսահման կեղծիք և տեսնում էր, որ կինը թաշկինակի տակից գողտուկ դիտում է բոլորին, որ իմանա՝ ինչ ազդեցություն է գործում իր ողբը շրջապատողների ու մանավանդ այն եղբոր վրա, որի ձեռքումն էր հոր կտակը։ Եվ ոչ ոք չէր լալիս անկեղծորեն, բացի այրիից[4]։
  • Ոչ, ոչ. նա չէր սիրում իր կնոջը և վաղուց է եկել այն եզրակացության, որ երբեք չի սիրել նրան և ոչ էլ սիրվել նրանից։ Դա մի սխալ էր, մի անզգուշություն, որ նա գործեց առանց ինքն իրեն հաշիվ տալու, առանց իր զգացմունքների խորքը վերլուծման ենթարկելու, ինչպես արել և անում են շատ շատերն իրենց երիտասարդ հասակում[5]։
  • -....Դու գրում էիր, թե մեր ժամանակներում արդար աշխատանքով երբեք չի կարելի հարստանալ։ Դու մեղադրում էիր մեր հորը՝ աշխատավորներին հարստահարելու, ագահության և ժլատության մեջ, իսկ ես պատասխանում էի, թե Մարկոս Ալիմյանի հարստությունն ուրիշի քրտինքի արդյունքը չէ, այլ բախտի բերմունք, բնության մի պարգև, վիճակախաղ... Ես պաշտպանում էի, դու հարվածում էիր, ասա՛, այժմ ո՞վ է մեզանից ավելի արժանավոր ճառանգ, ե՞ս՝ իմ շռայլ ու զեխ աննապատակ կյանքով, թե՞ դու՝ քո տնտեսական ախարհայացքով և գրքերից քաղած փիլիսոփայությամբ[6]։ - Միքայելը Սմբատին
  • Տասնուիններորդ դարը, սիրելիս, խաբեբայության դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել։ Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ[7]։ - Մարութխանյան
  • Ատելով կնոջն ու նրանից ատվելով, զգալով իր անթույլատրելի մոլորությունը, հորից անիծված, մորից, եղբայրներից ու բոլոր մերձավորներից հեռու, նա ուներ միայն և միայն մի սփոփանք` զավակները, ու նրանց մթնոլորտումն էր մոռանում իր հոգու կսկիծը[8]։
  • Իսկական կարոտությունը դռնեդուռ չի ընկնում, ձայն չի հանում, չի գոռում ու լալիս ուրիշների մոտ, այլ միայն զգում է, միայն տառապում[9]։
  • Սև քաղաքը, արդարև, սև էր, որպես կախարդական մի աշխարհ, որ կրում էր իր վրա աստվածային անեծքի դրոշմը[10]։
  • -Սիրում եմ այդ տեսակ մարդկանց.... դիզում են, դիզում, էլի քաղցած են... Միայն ծույլերը կարող են նրանց ագահ համարել... Ունես, աշխատիր կրկնապատկել, եռապատկել, տասնապատկել։ Քոնը քիչ է, խլիր հարևանիցդ, ընկերիցդ, եղբորիցդ։ Ճանկերդ սրիր ու ընկիր աշխարհի հոգին հանիր, մի՛ նստիր ու պառավ կնոջ պես սրան ու նրան նախանձիր[11]։ - Մարութխանյան
  • -Փո՜ղ, փող ու փող,- գոչեց նա՝ ընկնելով մի տեսակ ինքնամոռացության մեջ։ Նա է աշխարհի հավատը, սերը, աստվածը[12]։
  • Այո՛, դա մի ամայի դաշտում բուսած մի հատիկ մանիշակ է։ Ոչ վառվռուն վարդ, որ հենց առաջին անգամից գրավում է անցորդի հայացքն իր գույնով և ոչ էլ գոռոզ շուշան, ինչպես է օրիորդի անունը, այլ իսկ և իսկ մանիշակ, հրապուրիչ ինքն իր հեզությամբ և նուրբ վարմունքով[13]։
  • Ատում եմ նրա երեսի ու մազերի գույնը, քիթը, բերանը, առոգանությունը, սովորություները, ատում եմ նրա լեզուն, ավանդությունները, նախապաշարումները, ազգականներին, և բոլորը, ինչ որ կապ ունի նրա ծագման հետ։ Այս ատելությունը հասկանալ չի կարելի, այլ միայն զգալ, միայն զգալ...[14] - Անտոնինա Իվանովնան Սմբատի մասին
  • Այժմ միայն նա է կարող ապրել, ով ունի երեք ժամանակակից զենքերից մեկը - փող, տաղանդ և հնարամտություն[15]։ Ալեքսեյ Իվանովիչ
  • Ժամանակն ու տարածությունը սիրո, եթե կարելի է այսպես ասել, սղոցներն են[16]։ - Ալեքսեյ Իվանովիչ

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 3։
  2. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 4-5։
  3. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 10:
  4. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 12։
  5. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 28։
  6. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 41։
  7. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 46։
  8. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 59։
  9. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 97։
  10. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 126։
  11. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 131։
  12. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 132։
  13. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 146։
  14. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 199։
  15. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 274։
  16. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 275-276։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Քաոս (վեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: