Jump to content

Վահան Տերյան

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Վահան Տէրեանից)
Վահան Տերյանը

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28, 1885 — հունվարի 7, 1920), հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես եմ, դու ես, ես ու դու,
    Գիշերում այս դյութական,
    Մենք մենակ ենք, - ես ու դու,
    Ես էլ դու եմ՝ ես չկամ...
  • Երկու ուրվական[1]։
  • Ինչ-որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք[2]։
  • Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է[3]։
  • Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել[4]։
  • Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը[5]։
  • Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է[6]։
  • Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
  • Գարուն, 1908
  • Եթե սեր չկա, ինչի՞ համար
    Պիտի չարչարվեմ չար աշխարհում[7]։
  • Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
    Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
    Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
    Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
  • Շշուկ ու շրշյուն[8]։
  • Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է[9]։
  • Փառքը հաճախ մարդու արժանիքի ցուցանիշը չէ[9]։
  • Թեթև փառքը հաջողություն է։ Հաստատուն փառքը ձեռք է բերում միայն վաստակներով, իրական ծառայություններով[9]։
  • Կան տաղանդի տեր մարդիկ՝ օժտված ընդունակություններով դեպի գիտությունը, պոեզիան, արվեստը ընդհանրապես, կան մարդիկ էլ՝ մարդկայնության տաղանդի տեր։ Ես ուզում եմ ասել, մոտավորապես, որ Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ X-ը՝ տաղանդավոր մարդ[10]։
  • Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ։ Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել հանճարեղ մարդ[10]։
  • Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը[10]։
  • Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ[10]։
  • Չէ՞ որ մարդիկ երկուսով միշտ ավելի մոտ, ինտիմ և անկեղծ են, քան երբ նրանք երեքով են՝ անկախ հարաբերություններից[10]։
  • Իմացե՛ք միայն՝ իմ սիրտը անկեղծ սրտի ողջույնին կրկնակի ողջույնով է պատասխանում[10]։
  • Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն, ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ։ Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն[10]։
  • Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է։ Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ ու ճկուն լեզուն է։ Լեզուն ազգի հոգին է[11]։
  • Մի ընդհանուր իդեալ, որ գերիշխող է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները. դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են[11]։
  • Եվ հիրավի, որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև... կամ համաքայլ ընթանալ ժամանակի հետ, կա՛մ կուլ գնալ դաժան մրցակցությանը[11]։
  • Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է[11]։
  • Անձրև է։ Ցեխ։ Գիշեր։ Միայնություն։ «Հեռվություն»։ Ի՜նչ սարսափելի հեռվություն։ Մարդ կարողանար սպանել այս միայնությունը։ Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, Մարթա։ Հանդիպում ես, ծանոթանում ես, բաժանվում։ Հավիտենական շրջապտույտ։ Եվ հոգումդ վերստին ամայություն է ու միայնություն։ Եվ թախիծ։ Հոգնածություն, մահացու հոգնածություն։ Ինձ թվում է, թե ես մեռնում եմ։ Ուզում եմ, որ երբ մեռնեմ, և շուրջս մահվան լռությունը տիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ, բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, ի եղանակ նվագի անլինելիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին։ Որ շուրջս ծաղկեն փաղաքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի։
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը։ Հավերժորե՜ն, հավերժորե՜ն։
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից։ Այս սարսափելի հոգնածությունից։ Այս տաղտուկից[12]։
Հատված Տերյանի՝ 1910 թվականի ապրիլի 7-ին գրված նամակից
  • Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը։ Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը... Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի և երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը։ Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ ու ինքնակոչ թամադա եք դարձել, և կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, և դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն ավելի տաք...
Հոգևոր Հայաստան

Քաղվածքներ Վահան Տերյանի մասին

[խմբագրել]
  • Թախիծը օտար չէ մեր հոգուն։ Վ. Տերյանի թախիծը գալիս է ոչ թե օտար նախնիքներից, այլ ծննդավայրից՝ չքնաղ Ջավախքից, որը պարուրված է երազային մշուշով։
Նրա բանաստեղծությունները շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ[13]։
  • Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում... Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք... Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ... Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն... Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի... 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։
Հովհաննես Թումանյան
  • Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր։ Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը։ Վահանի երևումով մեր քնարերգության մեջ նոր էջ բացվեց, նոր մեկնակետ՝ սիմվոլիզմը, որից ծայր առան նոր բանաստեղծներ, որոնք ավելի կամ նվազ շնորհքով սկսեցին նմանվել և կրկնել այս անգերազանցելի տաղանդին[13]։
  • Վ. Տերյանը պատանեկության և վաղ երիտասարդության ամենասիրելի բանաստեղծն է, նրանց քնարական զգացմունքների արտահայտիչը, նրանց երազական սիրո և թախծի նուրբ երգիչը[13]։
  • Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը։ Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն։ Հայ բառերին կարծես երաժշտություն ներշնչեց...։ Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ և անխառն գեղեցկություններ։
Հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալու իր մեծատաղանդ բանաստեղծով՝ համարելով նրան իր գրականության անմահ փառքերից մեկը, միշտ սիրո, միշտ գուրգուրանքի և ափսոսանքի արժանի[13]։
Ավետիք Իսահակյան
  • Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը՝ ութսուն էջանոց փոքրադիր «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում։ Կան գրողներ, որ աշխատում են տասը և ավելի տարիներ, հրատարակում են մի քանի գրքեր և, այնուամենայնիվ, դեռ կոչվում են սկսնակ կամ, զիջողաբար, երիտասարդ գրող։ Դրանք այն մարդիկ են, որ իրենց սևագրություններն անում են հասարակության առաջ՝ հրատարակություններով։
Բոլորովին այլ էր Վահան Տերյանը. նրա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ. այդ գրքից հետո նրան չէին ասում «սկսնակ» կամ զիջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետև նա, իրոք, բանաստեղծ էր «կամոքն Աստծու»[14]։
Ստեփան Զորյան
  • «Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։
Ստեփան Զորյան
  • [Տերյանի լեզուն] բնավ նման չէր մինչ այդ եղած մեր պոետիկ լեզվին — ա՛յնքան հեռու էր գավառական երանգից և ա՛յնքան նուրբ ու պայծառ, որն ստեղծվել էր, կարծես, հատկապես նվիրական, ինտիմ զգացմունքներ արտահայտելու համար։ Նա ինձ թվում էր մի այլ աշխարհի լուսեղեն լեզու[15][16]։
Ստեփան Զորյան
  • Մի տարի է մոտ, որ ես թանգարանից՝ Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով։ Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ, և բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց։ Բայց դեռ չեմ վերջացրել և չեմ էլ շտապում։ Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանու՞մ եք, իսկական ձեռագրերը... նրա ձեռքով գրված այդ թերթիկները... Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում... կարծես՝ արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում... Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով... Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը։ Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր։ Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա. հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել...
-Օ՜, հեռու ընկե՛ր իմ... Վահա՛ն Տերյան...[17]
Եղիշե Չարենց
  • Նա փորձեց հայ պոեզիայի սեփականութունը դարձնել այն ամենը, ինչ ձեռք էր բերել եվրոպական պոեզիան վերջին տասնամյակի ընթացքում[17]։
Վալերի Բրյուսով
  • ...Նա բանաստեղծ էր, խոշոր բանաստեղծ, ուստի և հարազատ ոչ միայն արյունակից սրտին։ Բանաստեղծ մնում է այստեղ մեզ հետ նաև փոքրածավալ այս «արևի կտոր» Ռուսթավելի Շոթայի կերտվածքի մասնակի թարգմանության մեջ[17]։
Նիկողայոս Մառ
  • Ով մի անգամ խմել է Վ. Տերյանի բանաստեղծական բաժակից, նա երբեք ու երբեք չի մոռանա նրա երգերի մեղմությունը, նրա հուզիչ աշխարհի ջերմությունը, նրա բանաստեղծությունների հմայիչ նվագակցությունը[18]
Գեղամ Սարյան
  • Բանաստեղծի մեծությունը նրա հոգու խորության մեջ է, նրա ժողովրդի խորության մեջ է, նրա ժողովրդի էության մեջ, և դա պայմանավորում է նրա համամարդկայնությունը...
Վահան Տերյանը անմահ է...[9]
Հովհաննես Շիրազ
  • Այո՛, այսօր էլ մեր հոգին կարոտ է Վ. Տերյանի լուսեղեն երգին։ Այն անհրաժեշտ է մեր բարդ ու տագնապալի դարաշրջանի մարդուն։ Եվ այժմ էլ նա մշտապես այցելում է մեզ՝ շռայլորեն պարգևելով կաոտանք ու սեր, անմար երազներ ու ցնորքներ։
Սա է բանաստեղծի իսկական անմահությունը[9]։
Էդվարդ Ջրբաշյան
  • Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ՜, հեռու ընկեր իմ, օ՜, Վահան Տերյան...[9]
Եղիշե Չարենց
  • Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,

։։Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։ ։Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա, ։Քամին բերե թող մահվան բոթ, ու անձրևը լա։ ։Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին ։Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին։ ։Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր ։Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...

Եղիշե Չարենց
  • Նրանք ասում են, որ դու անցել ես,

։Ու հնացել ես, ու հեռացել, ։Որ լքել են քեզ ու մոռացել ։Օրերում այս խենթ ու դարձդարձիկ. ։Բայց տե՛ս - կանչում է ահա մի ձեռ ։Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ. ։― Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր...

Եղիշե Չարենց

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 9. ISBN 99941-33-16-0. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 112. ISBN 99930-2-276-4. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 113. ISBN 99930-2-276-4. 
  4. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-276-4. 
  5. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  6. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 135. 
  7. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2. 
  8. Վահան Տերյան։ Ոսկի հեքիաթ։ Վերստացված է՝ 2011-12-27։
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 83։
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84։
  11. 11,0 11,1 11,2 11,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 85։
  12. Վաչե Պարտիզունի, Տերյանի կենսապատումը, Երևան, 1984, էջ 188։
  13. 13,0 13,1 13,2 13,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 81:
  14. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 81-82:
  15. Ստ. Զորյան, Հուշերի գիրք, էջ 187-188։
  16. Վաչե Պարտիզունի, Տերյանի կենսապատումը, Երևան, 1984, էջ 176։
  17. 17,0 17,1 17,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 82։
  18. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 82-83։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահան Տերյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝