Jump to content

Ոսկե հորթը

Վիքիքաղվածք-ից
Եվգենի Պետրովն ընթերցում է «Ոսկե հորթը» գիրքը անգլերեն թարգմանությամբ

«Ոսկե հորթը» (1931), գիրք Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի հեղինակությամբ։ Այն «Տասներկու աթոռ» վեպի շարունակությունն է։ Գրքի հիման վրա հետագայում նկարահանվել է «Ոսկե հորթը» կինոնկարը։

Մասն առաջին ― Անտիլոպի անձնակազմը

[խմբագրել]

Թե ինչպես Պանիկովսկին խախտեց կոնվենցիան

[խմբագրել]
  • Փողոցն անցնելիս շուրջդ նայիր (Փողոցային շարժման կանոններից)
  • -Փրկչի տաճարը կարտոֆիլի պահեստ, - ցածրաձայն ասաց հետիոտնը։ Անցնելով ֆաներե կամարի տակով, որի վրա գաջե թարմ լոզունգ կար՝ «Ողջույն կանանց և աղջիկների 5-րդ օկրուգային կոնֆերանսին», նա հայտնվեց Երիտասարդ Ձիրքերի բուլվար անունը կրող երկար ծառուղու սկզբին։ - Չէ, - ասաց նա դառնությամբ, - սա Ռիո-դե-Ժանեյրո չէ, սա շատ ավելի վատ տեղ է։

Մասն երկրորդ ― Երկու կոմբինատոր

[խմբագրել]

Հոմերոսը, Միլթոնը և Պանիկովսկին

[խմբագրել]
  • Պանիկովսկին, որը շոգի պատճառով կացնավորի հաստ կուրտկան փոխել էր ծալովի օձիք ունեցող չթե վերնաշապկով, գոռոզ էր պահում իրեն։ Նա շատ էր հպարտանում իրեն տրված հանձնարարությամբ։
    - Միայն գողություն, - ասում էր նա։
    - Միայն կողոպուտ, - առարկում էր Բալագանովը, որը նույնպես հպարտ էր կոմբինատորի վստահությամբ։
    - Դուք խղճուկ, չնչին արարած եք, - հայտարարեց Պանիկովսկին, զզվանքով նայելով զրուցակցին։
    - Իսկ դուք հաշմանդամ եք, - նկատեց Բալագանովը։ - Հիմա պետը ե՛ս եմ։
    - Ո՞վ է պետը։
    - Ես եմ պետը։ Ինձ է հանձնարարված։
    - Ձե՞զ։
    - Ինձ։
    - Քե՞զ։
    - Բա էլ ու՞մ։ Վայթե քե՞զ։
  • Բալագանովը հարգանքով նայեց եռանկյունուն։ Պանիկովսկու փաստարկներն առանձնապես համոզիչ չէին թվում, բայց եռանկյունու մեջ այնպիսի ճշմարիտ անհուսալիություն էր զգացվում, որ Բալագանովը տատանվեց։ Պանիկովսկին, այդ բանը նկատելով, չհապաղեց․
    - Գնացեք Կիև, - ասաց նա անսպասելի կերպով։ - Եվ այն ժամանակ կհամոզվեք, որ ես իրավացի եմ։ Անպայման մեկնեցեք Կիև։
    - Ի՞նչ Կիև, ինչ բան, - փնթփնթաց Շուրան։ - Ինչո՞ւ։
    - Գնացեք Կիև և այնտեղ հարցրեք, թե մինչև հեղափոխությունը ի՞նչ էր անում Պանիկովսկին։ Անպայման հարցրեք։
    - Ի՞նչ եք կպել ինձանից, - մռայլ հարցրեց Բալագանովը։
    - Չէ, դուք հարցրեք, - պահանջում էր Պանիկովսկին։ - Գնացեք և հարցրեք։ Եվ ձեզ կասեն, որ մինչև հեղափոխությունը Պանիկովսկին կույր էր։
    Հեղափոխությունը որ չլիներ, բա ես կլինեի՞ լեյտենանտ Շմիդտի զավակը, ինչ եք կարծում։ Չէ՞ որ ես հարուստ մարդ էի։ Ընտանիք ունեի և սեղանի վրա նիկելե ինքնաեռ։ Իսկ ի՞նչն էր ինձ կերակրում։ Կապույտ ակնոցը և ձեռնափայտը։
    Նա հանեց գրպանից արծաթե աղոտ աստղիկներով սև թուղթ սոսնձած կարտոնե մի պատյան և ցույց տվեց կապույտ ակնոցը։
    - Ահա այս ակնոցով, - ասաց նա հառաչելով, - տարիներ շարունակ ես կերակրվել եմ։ Ակնոցով և ձեռնափայտով դուրս էի գալիս Կրեշչատիկ և լավ հագնված որևէ պարոնի խնդրում էի օգնել խեղճ կույրին փողոցն անցնելու։ Պարոնն արդեն զրկվում էր ժամացույցից՝ եթե ժամացույց էր ունենում, կամ դրամապանակից։ Ոմանք իրենք հետ դրամապանակներ էին ունենում։
    - Բա ինչո՞ւ թողեցիք այդ գործը, - հարցրեց Բալագանովը աշխուժանալով։
    - Հեղափոխությունը, - պատասխանեց նախկին կույրը։ - Առաջներում ես Կրեշչատիկի և Պրորեզնայա փողոցների անկյունում կանգնած քաղաքապահ ոստիկանին ամսական հինգ ռուբլի էի վճարում և ինձ ոչ ոք ձեռք չէր տալիս։ Ոստիկանը նույնիսկ հետևում էր, որ ինձ նեղացնող չլինի։ Շա՜տ լավ մարդ էր։ Ազգանունը՝ Նեբաբա, Սեմյոն Վասիլևիչ։ Վերջերս ես նրան հանդիպեցի։ Այժմ նա երաժշտական քննադատ է։ Իսկ հիմա՞։ Մի՞թե կարելի է միլիցիայի հետ։ Դրանցից վատ խալխ ես չեմ տեսել։ Դրանք մի տեսակ գաղափարական են դարձել, մի տեսակ կուլտուրտրեգերներ։ Եվ ահա, Բալագանով, օր ծերության ստիպված եղա աֆերիստ դառնալ։ Բայց այս արտակարգ գործի համար կարելի է գործի դնել իմ հին ակնոցները։ Դա ավելի հաստատ բան է, քան կողոպտելը։

Վասիսուալի Լոխանկինը և նրա դերը ռուսական հեղափոխության մեջ

[խմբագրել]
  • - Վասիսուալի։ Ես դեռ երեկ տեղյակ եմ պահել քեզ։ Ես քեզ այլևս չեմ սիրում։
    - Բայց ե՛ս։ Ես ախր սիրում եմ քեզ, Վառվառա։
    - Դա քո մասնավոր գործն է, Վասիսուալի։ Ես գնում եմ Պտիբուրդուկովի մոտ։ Այդպես է պետք։
    Կինը փոքր-ինչ մտածեց, չկիզված սպիտակ թևին հագցրեց վայր ընկնող ուսակապը և հանկարծ ձայնը գցեց գլուխը։
    - Դու իրավունք չունես այդպես խոսելու Պտիբուրդուկովի մասին։ Նա բարձր է քեզանից։
    Լոխանկինն այդ չհանդուրժեց։ Նա ցնցվեց, ասես էլեկտրական հոսանք անցավ նրա ամբողջ երկարությամբ՝ շալվարակից մինչև կանաչ գուլպաները։
    - Դու էգ ես, Վառվառա, - ծոր տվեց նա, - դու պոռնիկ ես։
    - Վասիսուալի, դու հիմար ես, - հանգիստ պատասխանեց կինը։
    - Դու էգ գայլ ես, - շարունակեց Լոխանկինը նույն ծորուն եղանակով։ - Ես քեզ արհամարհում եմ։ Սիրեկանիդ մոտ ես գնում ինձանից։ Ինձանից Գնում ես Պտիբուրդուկովի մոտ։ Զզվելի, դու այժմ ինձանից գնում ես այդ որորմելի Պտիբուրդուկովի մոտ։ Ահա թե ում մոտ ես գնում ինձանից։ Դու ուզում ես տռփանքի անձնատուր լինել նրա հետ։ Քավթառ էգ գայլ և այն էլ զզվելի։
    Իր վշտով արբեցած, Լոխանկինը նույնիսկ չէր նկատում, որ խոսում է հնգոտնյա յամբով, թեև իր օրում բանաստեղծություն չէր գրել և չէր սիրում կարդալ դրանք։
    - Վասիսուալի, վե՛րջ տուր միմոսությանը, - ասաց էգ գայլը, ուղեպարկը կապելով։ - Նայիր, թե ումն ես դու նման։ Գոնե լվացվեիր։ Ես գնում եմ։ Մնա՛ս բարով, Վասիսուալի։ Քո հացի քարտը թողնում եմ սեղանի վրա։

Մասն երրորդ ― Մասնավոր անձ

[խմբագրել]

Նրան սիրում էին տնային տնտեսուհիները, տնային սպասուհիները, այրիները եւ նույնիսկ մի կին ― ատամնատեխնիկ

[խմբագրել]
  • ― Երեկ փողոցում ինձ մոտեցավ մի պառավ եւ առաջարկեց պրիմուսի մշտնջենական ասեղ գնել։ Գիտեք, Ադամ, ես չգնեցի։ Մշտնջենական ասեղ ինձ պետք չէ, ես չեմ ուզում հավիտյան ապրել։ Ես մեռնել եմ ուզում։ Ինձ մոտ առկա են սիրահարության բոլոր գռեհիկ նշանները․ ախորժակի բացակայություն, անքնություն եւ ոտանավորներ հորինելու մանիակային ձգտում։
  • ― Գիտեք, Զոսյա, ― ասաց նա վերջապես, ― ամեն մի մարդու, նույնիսկ պարտիականի վրա, ճնշում է երկու հարյուր տասնչորս կիլո քաշով մթնոլորտային սյունը։ Դուք այդ չե՞ք նկատել։
Զոսյան չպատասխանեց։
  • ― Տխուր սիրահա՜ր ― արտասանեց Զոսյան, առաջին անգամ շուռ գալով դեպի Օստապը։
    ― Այո, ― պատասխանեց Օստապը, ― ես տիպիկ Եվգենի Օնեգին եմ, նույն ինքը ասպետ՝ ժառանգությունից զրկված սովետական իշխանության շնորհիվ։
― Ի՜նչ ասպետ եք դուք։
― Մի բարկացեք, Զոսյա։ Ի նկատի առեք մթնոլորտային սյունը։ Նույնիսկ թվում է, թե նա ինձ վրա ավելի ուժեղ է ճընշում, քան ուրիշ քաղաքացիների վրա։ Դա ձեր հանդեպ տածած սիրուց է։ Բացի այդ, ես պրոֆմիության անդամ չեմ։ Դրանից էլ է։
  • ― Ինձ դուր է գալիս ձեր ամուսինը ― ասաց ժառանգությունից զրկված ասպետը։

Տես նաև

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ոսկե հորթը հոդվածը նաև Վիքիպեդիայում: