Jump to content

Մարդկային կատակերգություն (Վ․ Սարոյան)

Վիքիքաղվածք-ից

«Մարդկային կատակերգություն», ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի վեպը, որի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Նա ձեռքով ողջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։
  • — Ապագայո՞ւմ,— հարցրեց Հոմերը։ Նա մի քիչ շփոթված էր, որովհետև ամեն օր, իր ամբողջ կյանքի ընթացքում, շարունակ զբաղված էր ապագայի մասին երազելով, նույնիսկ, եթե ապագա ասելով նա հաջորդ օրն էր հասկանում[1]։
  • — Անշուշտ,— ասաց միսիս Մաքոլին,— դպրոցները երեխաներին փողոցից կտրելու համար են միայն, բայց վաղ թե ուշ նրանք պիտի փողոց գնան, սիրեն կամ չսիրեն այն։ Բնական է, որ հայրերն ու մայրերը իրենց երեխաների համար աշխարհից վախենան, բայց վախենալու բան չկա։ Աշխարհը լեցուն է վախեցած փոքրիկ երեխաներով։ Վախենալով, նրանք իրար են վախեցնում։ Դու փորձիր հասկանալ,— շարունակեց նա,— փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց։ Այս հյուրասենյակում ես ամեն գիշեր քեզ կսպասեմ։ Բայց պարտադիր չէ, որ գաս և ինձ հետ խոսես, եթե ցանկություն չունես։ Ես կհասկանամ։ Ես գիտեմ, որ պահեր կլինեն, երբ քո սիրտը անկարող կլինի քո լեզվին բառեր ներշնչել։
  • Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։
  • Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։
  • Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։
  • Աշխարհում, նախքան ոտքի կանգնելդ, դեռ հաճախ կլսես այդ ծիծաղը։ Ոչ միայն մարդկանց ծիծաղը, այլ նույնիսկ դառը ծիծաղը իրերի, որոնք պիտի փորձեն շփոթեցնել քեզ և շեղել ճանապարհիցդ, բայց, ես վստահ եմ, ուշադրություն չես դարձնի այդ ծիծաղին։
  • Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավը անպարտելի է, իսկ վատը, ի վերջո, պարտվում է և փախուստի դիմում։ Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են։ Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ և վարակից հեռու։ Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա թե անարդար, այդ նպատակին է ձգտում։— Ծերուկը մի փոքր հոգնած էր։— Նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին,— հառաչեց նա։— Ոչ ոք իզուր չի մեռնում։ Մարդիկ մեռնում են՝ ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն ու արդարություն։ Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ։
  • -Հիշեցեք,- ասաց մայրը բոլորին,- ձեր ունեցած ամեն ինչից միշտ պետք է տաք։ Դուք պետք է նույնիսկ խենթորեն տաք։ Պետք է շռայլ լինեք։ Պետք է տաք բոլոր ձեզ հանդիպողներին։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա չի կարողանա ձեզանից գողանալ և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ պիտի ունենաք տալու համար
  • Մենակությունն ու տխրությունը, որ դու զգում ես, զգում ես այն պատճառով, որ այլևս երեխա չես, բայց ամբողջ աշխարհը լեցուն է եղել մենակությամբ։ Մենակությունը պատերազմից չէ։ Պատերազմը չէ, որ ստեղծեց այն։ Ընդհակառակը՝ մենակությունը ստեղծեց պատերազմը։ Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է աստծո շնորհի պակասը»,-պատասխանում է մայրը։
  • Հիմարություն է քննադատել մարդկանց նրա համար, որ նրանք այնպես են, ինչպես, որ կան
  • Իմ թշնամին մարդ չէ, որովհետեւ ոչ մի մարդկային էկա չի կարող իմ թշնամին լինել։ … Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել
  • Նրանք ինձ մոտ կգան, որպեսզի օգնեմ նրանց, ես անպայման կօգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։
  • Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, մի վախեցիր գործած սխալների համար կամ նորերը գործելուց։ Դու բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու։ Եթե ընկնես խաբված կամ հալածված ուրիշներից կամ ինքդ քեզնից, վեր կաց ու ետ մի նայիր։ Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես, այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ պիտի անբաժան լինեն իրարից։ Քո կյանքում դու ոչ մի րոպե չես ունենա ստոր, նենգ կամ փոքրոգի լինելու...

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Վիլյամ Սարոյան, Մարդկային կատակերգությունը, Երևան, 2014
Վիքիպեդիա
Վիքիպեդիա