Jump to content

Հին աստվածներ

Վիքիքաղվածք-ից

«Հին աստվածներ» (Հազարամյակ մը մեզմե առաջ), Լևոն Շանթի դրամաներից, գրվել է 1909, տպագրվել 1912 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Ավերակը այս քարերն են, որ քեզիպեսներն են դարսեր. քանդվեր է անոնց դարսածը։ Բայց ինքը կյանքի մեհյանը խորտակում չունի, ինչպես և ինքը կյանքը։ Կթափին քարերը, կփոխվին անունները բայց իրենք աստվածները կան ու կմնան։
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս մեռան քու աստվածներդ։
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Հոս ու ամեն տեղ, ուր մարդ իր ոտքը կդնե, հոն են անոնք հավերժ ու անմահ։
  • ԻՇԽԱՆԸ - Է, վրադ պիտի չըլլար այդ սև վերարկուն և ես գիտեի իմ ընելիքս։ Քեզի կուտայի իմ տակիս նժույգը, կուտայի քեզի, այ իմ սեփական սուրս, որ երեսուն տարի ծառայեր է ինծի հավատարիմ, և կառնեի քեզ իմ պալատս, իբրև իմ հարազատ որդիս։ Իմ սև նժույգս քու այդ կերպարանքիդ աղվոր պիտի վայլեր, իսկ ձեռքդ, կտեսնեմ, շուտով պիտի սորվեր սուրիս։ Ձիս ու սուրս թե հերիք չեկավ, կուտայի քեզի և աղջիկս…
  • ԻՇԽԱՆԸ -....Կուզեի բանով մը երախտագետ ըլլամ այս անձնվեր, այս քաջ կտրիճին; Ափսոս, այդ սև վերարկուն կկաշկանդե իմ թևերս։ (Մոտենալով աբեղային) Տղաս, քու իշխանդ քու առջևդ շատ աղքատ է ու շատ անզոր քեզի փոխարեն մը ընելու, ինչ որ ըսել կրնամ՝ հոս ներելի չէ, ինչ որ տալ կրնամ՝ քեզի պետքը չէ։
  • ԱԲԵՂԱՆ - Երնեկ բաց ըլլային աչքերդ, որ չտեսնեիր, չտեսնեիր…
  • ՃԳՆԱՎՈՐԸ - (Գլուխը շարժելով) Ա, ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը։ Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս։ Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա։ Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով։ Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի։
ԱԲԵՂԱՆ - Կեցիր, կեցիր, մարդ, քեզի հարց մըն ալ, դուն, որ այդքան իմաստուն ես։
ՃԳՆԱՎՈՐԸ - (Կես մը ժայռին ետևեն) Մարդը իմաստո՞ւն… Ունայնություն։ (Դուրս)։
  • ԱԲԵՂԱՆ – (Մեկ ոտքով կկենա փոսին վրա) Եվ ես կեցած եմ ունայնության փոսին վրա։
ՔՈՂԱՎՈՐԸ - Դուն կեցած ես հիմա երազներու վրա։
ԱԲԵՂԱՆ - Այո։ Եվ փոսը լեցված է։ (Հանկարծ ուրախ ետ կցատկե ու անզուսպ) Հեյ դուն, հեյ, Ճգնավոր, հեյ ունայնություն, փոսդ լեցված է։
  • ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կին ըլլալը՝ հոգ ըսել է, Եղիսա, իսկ մայրը՝ խնամք։
  • ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ կուզիս, կին, ի՞նչ կուզես դուն ինծմե։ Ամբողջ կյանքիս կեսը տառապանք տվիր ինծի, տառապանք ու դառնություն, ջարդեցիր կյանքս, խորտակեցիր երիտասար -դությունս, հիմա ալ մոխի՞րը քրքրել կուզես։
  • ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարտությունը, վարդապետ։ Մենք այդ եկեղեցին չենք շինած քու բարձրյալ Աստծուդ համար, ինչպես որ միշտ կրկներ ես, մի խաբեր քեզի, այդ եկեղեցին շիներ ենք մենք մեզի համար, մեր սիրու Աստծուն համար։
  • ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված)։ Այո։ Ճիշտ է։ Այդ…եկեղեցին նվիրված է հին աստվածներուն։
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Իմ աստվածներունս։
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քու աստվածներուդ։
  • ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչո՞ւ այդպես զարմացար։ Չէ՞ որ շինելն է դժվարը, քանդելը դյուրին է միշտ։
ՎԱՐՊԵՏԸ - Այո, ուրիշի շինածը։ Իր շինածը քանդելը շատ դժվար է, հայր սուրբ։
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հայացքը լուսամուտեն դուրս նետած ու երազկոտ) Դժվար է, դժվար, իհարկե, երբ մանավանդ կապված է անցյալիդ, երիտասարդ օրերուդ, չէ՞, վարպետ։ Դժվար է, իհարկե։
  • ՎԱՆԱՀԱՅՐԸ - Արևը… Մեզի անպատճառ պետք է արև, ուրախ ու տաք արև։ Մենք դեռ արևապաշտներ ենք, արև… Չենք կրնար ապրիլ առանց ախորժելի արևի, առանց ուրախ ու տաք արևի։ Գոնե լուսամուտ մը, գոնե ճեղք մը, գոնե գողունի ներս սպրդած ճառագայթ մը…
  • ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչո՞ւ կվախնաս խավարեն։ Խավարը խավար է կարճատես աչքերուն։ Բոլոր մեծ հղացումները խավարի ծոցեն են գոյացել, բոլոր մեծ խորությունները միայն խավարի մեջ կարելի է տեսնել։ Եվ այդ ձեր պաշտած լույսը միթե ծնունդը չէ՞ խավարի, ծնունդ մը ու մահկանացու մը; Խավարն է միայն, որ կա ու կմնա անմահ ու հավիտյան։
  • ԱԲԵՂԱՆ – Կսխալիս, վանահայր։ Քեզի կըսեմ՝ հին աստվածները կապրին, ու հին աստվածներուն հետն ալ իրենց հին կյանքը։ Երբ մենք հոս, մեր մութ ու նեղ եկեղեցիներուն մեջ գետնատարած կապաշխարհենք, անոնք հոն կապրին ազատ, կապրին տաք ու պայծառ արևին տակ, կապույտ ծովուն վրա, ծփուն օդերուն մեջ, ավազուտ ափին, կապրին իրենց զվարթ ու եռուն կյանքը, լի շարժուն ու հարափոփոխ։ Մենք կաղոթենք, անոնք կապրին։ Այս ծովը, այս սարերը, այս կղզին, անոնցն է այս բոլորը....
  • ԻՇԽԱՆԸ – Ատ ո՞վ է, որ խնայելու մասին կխոսի։ Երբեք, որդիներս, կյանքի կռվին մեջ չխնայեք երբեք և ոչ ոքի։ Խնայելը թուլություն է, մեղքնալը պարտություն։ Զարկեք, ով ձեր դեմն է, ով ձեր ճամփան կգոցե։ Ով որ քեզի կարգելե՝ քու թշնամիդ է։
  • ԶՈՐԱԿԱՆ ՄԸ - (Բաժակը վերցնելով) Կեցցե կռիվը։
ԿՈՂՔԻ ԱՂՋԻԿԸ - Կեցցե կռվողը։
ԴԵՄԻ ԶՈՐԱԿԱՆԸ - Կեցցե գեղեցկությունը։
ՈՒՐԻՇ ՄԸ - Կեցցե սերը։
ԱՂՋԻԿՆԵՐԸ – Կռիվը կյանքն է աշխարհի։
ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Սերը վայելքն է աշխարհի։
  • ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աշխարհիս երեսին եթե տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է՝ պետք է նայիս փակ աչքերով։
  • ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Մեյ մը ատոնց հարցնող ըլլա՝ ով մարդ, ի՞նչ ես գտեր այդ ձախություններու, այդ տաժանակիր աշխատանքի, այդ կարոտություններու, այդ կռվի ու դառնության հովտին մեջ, որուն աշխարհք անունը կուտան։ Այդպես ալ հիմար հաշիվ։ Քանի մը խղճուկ վայելքներու, քանի մը չնչին հաճույքներու համար մարդ առնե ու զոհե իր հանդերձյալ կյանքի հավիտենական երանությունը։
  • ԱԲԵՂԱՆ – Ինծի քաշողը ինքը լույսն է ու գեղեցկությունը, ինծի քաշողը աստվածներն են։
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Բոլոր դևերն ալ երբեմն Աստված են եղած, Աբեղա։ Ընկճված աստվածներն են ատոնք, պետք է, որ ընկճես։
  • Իջեք, իջեք երազներ,

Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
Բախտի կարկաչ ու հույսեր,
Դող ու անցուկ ու կարոտ,
Ծածուկ արցունք վարանոտ,
Խելքի, մտքի հակասում,
Միշտ նոր կյանքի սպասում…

Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Գգվանք, ժպիտ, գույն ու բույր,
Աչեր վճիտ ու համբույր,
Իղձեր անվերջ, անմեկին,
Տագնապ ու տենչ մոլեգին,
Օրոր, գրգիռ ու հույզեր,
Սրտի թրթիռ, երգ ու սեր…

Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
Ցնորքներ վառ ու առկայծ,
Հավատ ուժի, մեծության,
Փառքի, կամքի գոյության,
Շռինդ, թնդյուն, հպարտանք,
Իմաստություն… բյուր պատրանք։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հին աստվածներ (դրամա) հոդվածը նաև Վիքիպեդիայում: