Jump to content

Կյանքի ջութակը

Վիքիքաղվածք-ից

«Կյանքի ջութակը», Կարա-Դարվիշի վիպակը, որն առանձին գրքով տպագրվել է 2019 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ուզում եմ ապրել և ինչո՞ւ չապրել լավ և ճոխ, և եթե հնար կա, եթե դու դա վաստակում ես թեկուզ քո մարմ­նի փաղաքշանքները վաճառելու գնով: Ես հո անառակ կանանցից չեմ, որ դրամի համար շռայլում է իր սերը, վաճառքի հանելով իր մարմինը, անմիտ կերպով ծախսելով իր գեղեցկությունը, առողջությունը,- ես վաճառում եմ, բայց թանկ գնով, իմ բոլոր պահանջներիս բավարարության գնով, տալով միմիայն փշրանքներ: Ո՞վ կմեղադրի ինձ: Հարո՞ւստը, կյանքից լիացածը,- թող մեղադրի,- անկարիք և լիացած կյանքի մեջ հեշտ է մեղադրել, բայց ինչ կանեին այդ հարուստ կանայք, եթե մի օր ընկնեին իմ օրը- օտար քաղաքում անօգնական և անդրամ ընկած լինելով: Վերջապես, մի՞թե այդ կանայք բոլորն էլ սիրով են ամուսնացել և սիրում են իրենց ամուսիններին և մի՞թե դուրսը նոցանից շատերը չեն որոնում արգելված սերը: Իսկ չքավորնե՞րը: Նոքա նախանձով կնայեն ինձ վրա և ատելությամբ կբամբասեն սրտերի խորքերում արդարացնելով ինձ: Բայց ոչ ոք անկեղծ ու համարձակ չի ասի ճշմարտությունը, որ ես ապրել եմ ցանկանում, առողջ և անկարիք ապրել, ինչպես առողջ է իմ մարմինը,- դա իմ իրավունքն է, և ահա իմ ապրուստը խլում է հենց այդ գծուծ և ժլատ Սալարյանը, որ ոչ ինքն էր ուտում, ոչ ուրիշներին տալիս:
Եվ ահա ձեզ հասարակական կարծիք, որ անարդարության վրա է հիմնված: Ուժեղը կթքի, կանցնի, իսկ թույլը կճնշվի և կընկնի: Բայց ես էլ պիտի թքեմ և անցնեմ այդ բարոյականության վրայով, քանի որ ինչքան անարատ և համեստ եղա, այնքան կյանքը ինձ պիտի քշե, ձգե իր խուլ և ետ ընկած անկյունները[1]: Լյուդմիլա Իվանովնա
  • Կյանքը մեր ճանապարհին սփռում է անթիվ հետաքրքիր պատահարներ,- միայն աչալուրջ և ընդունակ պետք է լինել այդ պատահարների մոտով անտարբեր չանցնելու[1]:
  • Երևակայեցեք, եթե դուք մտնեք մի կեղտոտ, անկարգ և մռայլ բնակարան, անշուշտ, այդ տան մարդիկն էլ մռայլ և անհետաքրքիր կերևան, համենայն դեպս ուժեղ կերպով կնսեմանա և նոցա ներքին արժանիքները- վերաբերմունքը և այլն[1]: Լյուդմիլա Իվանովնա
  • Մարմ­նի, օրգանիզմի պահանջը բնության պահանջն է, իսկ բնությունը անարատ է, բարոյական է: Բնությունը ինքը մորալն է: Ես չեմ ցանկանում հպատակվել մարդկանց, մանավանդ այդպիսի ճաղատված և թափված տերևներով կյանքի մորալին: Առողջ կյանքի մորալը այլ բան է ասում և ես գնալու եմ նորա հետևից[1]: Լյուդմիլա Իվանովնա
  • Կինը կյանքի զորեղ շունչն է, կյանքի կախարդական ջութակը, ասում էր նա, և այդ շնչով ես ապրել սկսեցի, այդ ջութակի նվագով հմայվել, թող ուրեմն, այդ ջութակի համար էլ զրկվեմ իմ թանկագին ոսկիներից, որոնք ես պահում էի ինչ որ անորոշ նպատակի համար։
  • Այնտեղ, որ նա կարող էր նույնիսկ փշրանքներ ստանալ կյանքից, նա չէր կռանում, չէր ժողովում այդ փշրանքները, վախենալով գրպանից վայր ձգել իր սիրած կոպեկը։
  • Կյանքը ստեղծված է վայելքի ամար և հիմարը նա է, ով կարող է և իրավունք ունի վայելելու, բայց չի վայելում։
  • Յուրաքանչյուր հետաքրքիր ծանոթություն մի գանձ է։
  • Ոսկի՜... Սալարյանը զգաց դորա հզոր ուժը և ինչպես պատերազմի դաշտի մարտի ավանգարդ առաջ մղեց և անառիկ կնոջ առողջ ու լիքը կուրծքը իսկույն բացվեցավ թոշնած ու անարյուն ծերուկի պռոշների համար)։
  • Կյանքը ինքն է մեզ ամենիս հրում դեպի մեր անելիքը։

Գրքի մասին

[խմբագրել]
  • Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ: Մարդկային հարաբերությունների ենթաշերտերում խմորվող սրացումները ծնունդ են առնում արտաքին աշխարհի ազդակների թելադրանքով և միայն ներքին ընդվզումն է, որ կարող է ձերբազատել զգացմունքները` այդ շղթայազերծման դիմաց վճարելով թանկ գին, որպիսին միայն կարող է լինել այն բանի կորուստը, ինչին ձգտում է մարդը:
Անկում` հանուն թռիչքի. ահա այն ճանապարհը, որ մատնանշում է Կարա-Դարվիշը «Կյանքի ջութակը» ստեղծագործության մեջ: Եվ եթե ինչ-որ ժամանակ մի ինչ-որ գրականագետ «Կյանքի ջութակը» ներկայացնելու էր իբրև «անհատի մեջ նախամարդկայինն առաջին պլան մղելու տենդենց, ջլախտավոր տռփանքներ, բնազդների մանրամասնում», ապա նմանատիպ բնորոշում­ները ոչ միայն կողմ­նակալ, այլև կոպիտ մեկնաբանություն են: «Կյանքի ջութակը» միանգամայն այլ որակական քայլ է, իր ժամանակների համար համարձակ խոսք և անկաշկանդ հայացք կյանքի նրբին, անդրկուլիսային երևույթների վրա, երբ գրողը բարձրաձայնում է այն, ինչի մասին մյուսները մտածում, սակայն լռում են[2]: Հովիկ Չարխչյան

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Կարա-Դարվիշ, Կյանքի ջութակը, Ե., Դարակ, 2019:
  2. Հովիկ Չարխչյան, Կարա-Դարվիշի սիրո ալքիմիան: Կարա-Դարվիշ, Կյանքի ջութակը, Ե., Դարակ, 2019, էջ 6։