Զաբուղոն

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

«Զաբուղոն», Գրիգոր Զոհրապի նովելներից։ Գրվել է 1893 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։
Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։
Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։
Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։
Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։
  • Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։
  • Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։
  • Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու։
  • Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։
Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։
  • Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։
Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝