Երկինքն ընտրյալներ չունի
Արտաքին տեսք
«Երկինքն ընտրյալներ չունի» (գերմ.՝ «Der Himmel kennt keine Günstlinge»), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդը, ով դեռ երկար կյանք ունի ապրելու, ժամանակի վրա ուշադրություն չի դարձնում` կարծելով, որ մի ամբողջ հավերժություն ունի իր առաջ։ Իսկ հետո, երբ սկսում է հաշվել, թե ինչքան է նա իրականում ապրել, պարզվում է, որ ընդամենը մի քանի օր, լավագույն դեպքում` մի քանի շաբաթ։
- Ով ուզում է պահել գնացողին, նա կորցնում է։ Ով պատրաստ է ժպիտով բաց թողնել, նրան փորձում են ամուր բռնել։
- Ես հիմա երջանիկ եմ, ու ինձ համար միևնույն է, արդյոք մենք գիտենք ի՞նչ է երջանկությունը, թե ոչ։
- Միշտ չէ, որ մարդ անում է այն, ինչ ճիշտ է, անգամ եթե գիտի դա։ Կյանքի հմայքը երբեմն հենց դա է։
- Ես առանց ափսոսանքի եմ սիրում։
- Հեռանալը միշտ չէ, որ ամենահեշտ բանն է, երբ քեզ էլ ես հետդ վերցնում։
- Կարիք չկար կյանքի դեմքին նայելու։ Այն միայն զգալու կարիք կար։
- Կյանքը մի մեծ բան է, և մահը նույնպես մեծ բան է, դրանց հետ չեն խաղում։ Քաջություն ունենալն այլ բան է, քան չվախենալը. մեկը վտանգի գիտակցումն է, մյուսը՝ չիմացությունը։
- Ամեն մեկն էլ այստեղ մնալով՝ մի քիչ խելագարվում է։ Բանտա-անկողնային հոգեխանգարմունք։ Համամասնությունները տեղաշարժվում են՝ մանրուքը դառնում է կարևոր, կարևորը՝ երկրորդական։
- Թվում է՝ դա միայն մեռնողի գործն է, բայց միշտ մի փոքր բան մեռնում է նրա հետ։ Մի փոքր հույս երևի։
- Մարդն զգացմունքներով է ապրում, իսկ դրանց դեպքում օրենքն անզոր է։
- Ոչ ոք չի պլստալու, ու ոչ ոք չգիտի՝ երբ և ինչպես դա իրեն կպատահի։ Ո՞վ կարող է չարաշահել ժամանակը։ Ի՞նչ է երկար կյանքը։ Մի երկար անցյալ։ Իսկ ապագան մինչև հաջորդ շունչդ է։ Կամ մինչև հաջորդ ավտոմրցարշավդ։ Դրանից այն կողմ մարդ ոչինչ չգիտի։
- Նա գիտեր, որ անօգնականությունն ամենավտանգավոր բանն էր, որ կար կնոջ մեջ, որովհետև ոչ մի կին իրականում անօգնական չէ։
- Հեշտ է խոհեմ լինել, երբ առողջ ես։
- Դու ինձ չափազանց շատ ես հասկանում, ես էլ՝ քեզ, ու հենց դա է մեր տառապանքի պատճառը։
- Խանդը մի մարդուց չէր սկսվում ու նրանով ավարտվում։ Այն օդից էր սկսվում, որ սիրելի մարդն էր շնչում, ու երբեք չէր ավարտվում։ Նույնիսկ նրա մահով։
- Երբեմն զգեստներն ավելի շատ էին օգնում, քան բարոյական ցանկացած սփոփանք։
- Մենք դատապարտված ենք մահվան։ Բայց ոչ միայն մենք։ Մյուսները նույնպես։ Բոլո՛րը։ Բոլո՛րը։ Ուղղակի միայն մենք դա գիտենք։ Մյուսները՝ ո՛չ։
- Սիրո մեջ ներողության կարիք չկա։
- Զգացողություն ունեմ, թե այնպիսի մարդկանց մեջ եմ, որ կարծում են՝ հավերժ են ապրելու։ Համենայնդեպս, գոնե այդպես են պահում իրենց։ Նրանք պաշտպանում են իրենց ունեցվածքը՝ իրենց կյանքը բաց թողնելով։
- Այնքա՜ն բան կարող էինք լսել, եթե կարողանայինք բավականաչափ լուռ լինել։
- Միայն կինը գիտի՝ ինչքան մխիթարություն կարող է լինել մի գլխարկի ոչնչի մեջ։
- Այս երեկո դու քաղքենիության հյուրն էիր, որ կարծում է՝ կյանքը խոհանոց է, հյուրասենյակ ու ննջարան, ոչ թե մի առագաստանավ՝ շատ-շատ առագաստներով, որ կարող է շրջել բոլոր ակնթարթները։
- Ես ապագա չունեմ, դա գրեթե նույնն է, ինչ ծանրության ուժ չունենալը։
- Փարիզ։ Կամ մի ուրիշ տեղ։ Եթե ոչ մի տեղ տանը չես, կարող ես ամենուր մեկնել։
- - Դու կյանքիս առաջին կինն ես։
- - Առաջինը չեմ, բայց եթե որոշ ժամանակով մոռացել ես մյուսների անունները, արդեն իսկ բավական է։
- Հույս ունենալ-ը, ընդհակառակը, շատ ավելի տխուր բառ է, քան կարծում եք։
- Ոչինչ այնքան էլ վատ չէ, ու ոչինչ՝ այնքան լավ, որքան կարծում ենք։ Եվ ոչինչ վերջնական չէ։
- - Սիրո հակադրությունը մահն է իսկ սերը դառն կախարդանք է, որ կարճ ժամանակով մոռանալ է տալիս մահը։ Դրա համար էլ, եթե ինչ-որ բան հասկանում ես մահից, մի քիչ էլ սիրուց ես հասկանում, սակայն դա նույնպես կես ճշմարտություն է։ Ո՞վ է մահից գլուխ հանում։
- - Ոչ ոք։ Միայն այն գիտենք, որ այն կյանքի հակադրությունն է, ոչ թե սիրո, չնայած սա էլ կասկածելի է։
- Ես երիտասարդ եմ մնալու իմ սիրելիի հիշողության մեջ ու դրանով ավելի ուժեղ եմ լինելու, քան ինձնից հետո բոլոր կանայք որ ավելի երկար են ապրելու, քան ես, ու ծերանալու են։
- Ինչքա՜ն անշնորհք ես դառնում, երբ իրոք սիրում ես։ Ինչպե՜ս է խամրում գերազանցությանդ փայլը։ Որքա՜ն մենակ ես, ու ինչպե՜ս է աբողջ փորձդ գոլորշիանում, և երևում է՝ որքան անվստահ ես։
- Ո՞վ է ասել, թե կյանքը պատիժ չէ, որ մենք ստիպված ենք տանել մի հանցանքի դիմաց, որ մի ուրիշ աշխարհում ենք գործել։ Երևի հենց սա է դժոխքը, ոչ թե այն, ինչ եկեղեցին մահից հետո է կանխագուշակում։
- Ոմանք շատ ուշ են գնում, իսկ ոմանք՝ շատ շուտ, «ճիշտ ժամանակի՛ն գնա»։
- Օդապարիկով կարող ես սավառնել, մինչև որ այն նստի, բայց չես կարող շենքեր կախել դրանից։ Ու երբ այն նստում է, ընդամենը մեռած լաթի կտոր է, այլևս օդապարիկ չէ։
Աղբյուրներ
[խմբագրել]- Էրիխ Մարիա Ռեմարկ, Երկինքն ընտրյալներ չունի, Երևան, 2020։