Գևորգ Մարզպետունի (վեպ)

Վիքիքաղվածք-ից

«Գևորգ Մարզպետունի», նշանավոր գրող Մուրացանի վեպերից է։ Հայ գրականության ամենանշանավոր ստեղծագործություններից է։ Գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, իսկ առանձին գրքի տեսքով դուրս է եկել միայն 1912 թվականին։ Ռուսերեն լեզվով առաջին անգամ թարգմանվել է 1963 թվականին։

Հեղինակը վեպի մեջ նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում. հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն... Վեպը կազմված է իրական փաստերի հիման վրա։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ձեզանից ամեն մինը կարող է ինձ գերազանցել, — հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը. անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարհել։ Երբ ես դժբախտության օրերում ասպարեզ իջա միայնակ գործելու, ինձ հետ ունեի միայն քսան մարդ. շատերն ինձ խելագար համարեցին, իսկ շատերն էլ իմ հանդգնությունը ծաղրեցին։ Դրանց թվում էին և այն իշխանները, որոնք հազարավոր զինվորներով փակվել էին սեփական բերդերում... Բայց ես հույսս դրի Աստուծո և իմ կամքի վրա և, ինչպես գիտեք, հաղթեցի ամեն դժվարության. ցույց տվի աշխարհին, թե ի՛նչ կարող է անել մի մարդը, երբ նրան ոգևորում է զգացմունքներից ազնվագույնը, այն է՝ հայրենիքի սերը։ Ձեզանից ամեն մինը թո՛ղ զինվի այն հավատով, որ ունեի ես դեպի հայրենյացս ապագան, ա՛յն սիրով, որ տածում էի դեպի իմ եղբայրները և այն հուսով, որ դրել էի Աստուծու վրա, և կտեսնե, որ անկարելին կարելի կդառնա, և արգելքները ինքն իրանց կվերանան, և վտանգներն անհետ կկորչեն։ Ամենից ավելի սիրեցեք միությունը, որովհետև դա այն ուժն է, որ լեռներ է պատառում, ամբարտակներ է կործանում, գետերի ընթացքն է կասեցնում։ Սովորեցեք զոհել այդ միությանը ամենը՝ ինչ որ ունիք աշխարհում թանկագին, և նա կբերե ձեզ և ձեր որդոց ա՛յն երջանկությունը, որին շատերն են որոնում, բայց շատ քչերն են ժառանգում...
  • Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է։ Զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ։ Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը։ Ով որ կամենում զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը։ Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնալ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, Աստուծու երկյուղը։
    Եթե այսքան վնասակար են հանդիսանում ազգի և հայրենիքի համար հասարակ ժողովրդի ապականյալ ընտանիքները, որքա՛ն ևս առավել վնասակար ու կործանիչ կարող են լինել իշխող կամ տիրող անձանց ընտանիքները, եթե արատավոր են նրանք։ Ձեզ օրինակ Աշոտ Երկաթի ընտանիք... որքա՜ն ցավերի, արտասվաց և հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում. և որքա՜ն վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենիքին...
    Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցե՛ք իմ վերջին պատվերը և կատարեցեք նրան սրբությամբ. այդ պատվերը ամփոփում է յուր մեջ երկու բառ. «Սիրեցե՛ք միմյանց»։
    Այդ սերը, այո՛, կերջանկացնե ձեզ, կերջանկացնե և ձեր զավակներին։ Նա ուրախության աղբյուր կբխե ձեր ընտանեկան սրահի մեջ և Աստուծու օրհնությունը կիջեցնե Մարզպետունյաց տան վրա, որի ժառանգներն եք դուք...

Քաղվածքներ վեպի մասին[խմբագրել]

  • Ես մնում էի մի տեղական տարեց դասատուի մոտ։ Նրա մոտ կային «Արձագանք» ամսագրի համարները, որի մեջ այն ժամանակ հրատարակվում էր Մուրացանի հիանալի «Գևորգ Մարզպետունի» վեպը։ Իմ տանտերը ոգևորվածությամբ ինձ համար կարդում էր բարձրաձայն՝ հատկապես իրեն դուր եկած էջերը։ Նախկինում նա կարդացել էր այդ վեպն իր համագյուղացիներին, որոնք իր խոսքերով՝ հիացմունքով լսել էին[1]...
Ավետիք Իսահակյան
  • Հայ դասական պատմավեպի գեղարվեստական մնայուն արժեքներից է Գևորգ Մարզպետունի (1896) վեպը, ուր ամբողջական ու վերջավորված արտահայտություն է գտել Մուրացանի պատմափիլիսոփայության գեղագիտական կոնցեպցիան։ 1894-95 թվականներին Թուրքիայում սանձազերծված հայկական ջարդերի անմիջական արձագանքը կա վեպի ստեղծագործական մղումներով, և նրա առաջադրած էթիկական դրույթը միանգամայն ուղղակիորեն է առնչվում ազգային-ազատագրական պայքարի նորագույն գաղափարախոսության հետ։ Վեպի նյութը առնված է 10-րդ դարի Բագրատունիների թագավորական հարստության իրադարձություններից։ Վերակերտելով պատմական Հայաստանի ռոմանտիկական բնանկարը՝ Մուրացանը հանգամանքների դրամատիկ հանգույցի մեջ է առնում Աշոտ Երկաթ թագավորի կերպարը և նրա անձի մեջ ստուգում ընդհանուրի ու մասնավորի էթիկական սկզբունքը[2]...
Սերգեյ Սարինյան
  • Վեպի թեման է հայ ժողովրդի պայքարը արաբական լծից ազատվելու համար, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Աշոտ Բ Բագրատունին (915-928), որ կոչվել էր «Երկաթ», հայրենասեր իշխանների հետ համատեղ դաժան պայքար էր մղում արաբական զորքերի դեմ։ Մուրացանը կարողացել է ընդգծել Աշոտ Երկաթի առաջնային դերը Հայաստանի միավորման մեջ։ Գրողը լավ հասկանում էր, որ երկրի համախմբման գաղափարը՝ նույնիսկ միապետական իշխանության պայմաններում, այն ժամանակվա համար պրոգրեսիվ էր։ Աշոտ Երկաթի պայքարը չէր սահմանափակվում միայն ազգային շրջանակներով։ Նա օգնում էր նաև հարևան Վրաստանին վռնդել զավթիչներին հարազատ երկրից...
Բնագիր տեքստ՝ Тема романа - борьба армянского народа за освобождение от арабского ига - основана на подлинных событиях. Ашот II Багратуни (915-928 гг.), прозванный «Железным», вел совместно с патриотами-князьями ожесточенную борьбу против арабских войск. Мурацан сумел подчеркнуть передовую роль Ашота Железного в объединении Армении. Писатель хорошо понимал, что идея объединения страны, даже при монархическом управлении, для того времени была прогрессивной. Борьба Ашота Железного не была ограничена только национальными рамками. Он помогал и соседней Грузии изгнать захватчиков из родной страны[3].
Յուլիա Վարշամ

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]


Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա