Գագիկ Սիրավյան
Գագիկ Հենրիկի Սիրավյան (1970, հոկտեմբերի 16, Երևան), հայ նկարիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]Իմ ծառերը մարդիկ են։
Ծառի մեջ ես տեսնում եմ «իմ մարդուն»։
Ծառերի հավերժական կերպարը հիացնում ու կախարդում է ինձ։
Նրանց մեջ այնքա՜ն ուժ, ուրախություն ու տխրություն, այնքա՜ն սեր ու հավատ կա։
Ինչպես մարդը՝ նրանք կարող են ճկվել, գալարվել ցավից, լաց լինել վշտից, կարող են ժպտալ և լուսավորվել, թևավորվել ուրախությունից՝ շարժման միջոցով արտահայտելով իրենց զգացումների, տրամադրության փոփոխություններն ու ելևէջները։
Նրանց մեջ ես տեսնում եմ անսահման երջանկության զգացում՝ լուռ, անձայն։
Սա պար է, երանելի պար՝ լցված սիրով, կորուստներով ու հիշողություններով։
Դու «լսում ես», թե ինչպես է ծառը աճում և ինչպես մեռնում քո ձեռքերում...
Դու գիտես ինչ է նա «զգում»։
Ես տեսնում եմ ինչպես են նրանք տառապում։
Ես տեսնում եմ նրանց ցավը, մերկացած զգայարաններն ու նյարդերը, իսկ նրանք՝ իմը։ Ես ապրում եմ նրանց հետ։
Ցավը գեղեցկությունից անբաժան է։
Նրանց մոտ այնքա՜ն հավատ կա։
Ես չեմ դադարում հիանալ ու հմայվել նրանց անսահման վեհությամբ։
Ես զգում եմ նրանց ներքին պայքարը, նրանց ազատության ձգտումը, անվախությունն ու համարձակությունը։
Ես կարծես նկարում եմ ինքս ինձ, նկարում եմ հոգուս ինքնադիմանկարները։
Դու «սպանում ես» ծառին կտավի վրա՝ տալով նրան նոր կյանք։
Զգում ես նրանց շնչառությունը։
Նրանք մեռնում են ու շարունակում ապրել։ Նա «մեռնում է», որ շարունակի ապրել։
Մենք այնքա՜ն բան ունենք սովորելու նրանցից... Ես սովորելու այնքա՜ն բան ունեմ նրանցից...
Մեջբերումներ Գագիկ Սիրավյանի մասին
[խմբագրել]«Գագիկ Սիրավյանի համար, իր սերնդակիցներից շատերի նման, Շորժա-ն ևս դարձավ վճռորոշ յուր արվեստի նկարագրի կայացման համար։ Այդ վայրը վաղուց արդեն չի համարվում լոկ աշխարհագրական տեղանք, այլ գեղարվեստական տեսակետ ձևավորող միջավայր, ուր ստեղծագործ ես-ը մշտապես նորոգվում է` անդադար փոխակերպվող բնության հետ առճակատվելով։ Գագիկը, որպես գեղարվեստական փորձառության տարբերակ, իր առջև ունի հոր՝ Հենրիկ Սիրավյանի բնապաշտական արվեստը, և արդեն իր վաղ շրջանի աշխատանքներում բնության տարրերը օգտագործել է սեփական այլաբանական լանդշաֆտները պատկերելու համար։ Տեղանքը՝ Շորժան, որպես բնության տարրերի եզակի հանրագումար, կիրառվում է որպես ինքնակենսագրական տեսիլքի հաստատուն բաղադրիչ։ Ժայռը, խիտ լեռնային երկինքը, ջրի փայլը, վազող տաքսաները փորձում են խոսել այլաշխարհիկ գերիրականության մասին, դեպի ուր Գագիկը հետևողականորեն ուղղորդում է իր ասելիքի վեկտորը։
«Իմ ծառերը» շարքը նկարչի այսօրվա վերաշարադրումներն են նշվածս միտումների։ Այն տարբերությամբ, որ ծառ-ը ծառայում է միջոց, գաղտնաբառ, անցումային օղակ դեպի այլ նորագոյացումներ։ Մոնդրիանի դեպքում ծառ-ը հանդիսանում է այն բանալին, որի միջոցով բացահայտվում է ուժի, գույնի և գծի հատման պատկերային սահմանը։ Գագիկի պարագայում, եթե շարքերի նախնական տարբերակներում ծառ-ը գտնվում է սեփական իմաստային կամ պատկերային տիրույթում, ապա զարգացման արդյունքում՝ հակառակ մոնդրիանական ծառ-ի ապամարմնականացմանը, այն դառնում է գաղափարական և տեսողական բազմաշերտ գումարելի։
Նկարչի ցանկությունը, ծառ-ն ընդունելով հենակետ վերափոխել այն մարդկային գալարվող մարմինների՝ դիտողին կանգնեցնում է տեսողական երկընտրանքի առջև։ Հետևաբար շարքերը ի ցույց են դնում մտադրությունների և խնդիրների ողջ բարդությունը, որոնց հանգուցալուծմանը հետամուտ է նկարիչը։ Դրանք գնալով ուրվագծվում են և նկարչի արվեստը ձեռք է բերում նկարագիր՝ ստեղծված հստակ գեղարվեստական փորձառության արդյունքում»։
«Գագիկ Սիրավյանի բնանկարներում ես միշտ առանձնացրել եմ ծառերի թեման՝ սկսած մեր ուսանողական տարիներից։ Ծառերը նրա համար ակունքային, շատ նվիրական թեմա են։ Նաև ժառանգական, որովհետև նրա հոր՝ Հենրիկ Սիրավյանի մոտ, բնանկարների շարքեր կան, որտեղ ծառն իր կերպարով, իր կառուցվածքով շատ էական դեր ու նշանակություն ունի։ Գագիկի մեջ դա նույնպես վառ արտահայտություն է գտել, նա ոչ թե արտաքնապես ազդվել է իր հայրիկից, այլ գտել է իր ոճը, իր ինքնուրույն տեսանկյունը, իր ուղին։ Կարող եմ հավաստել, որ Գագիկի մոտ իր այդ բացահայտումը շատ հետաքրքիր զարգացում է ապրում։
Այո, մեծ համոզվածությամբ կարող եմ արձանագրել, որ նա գտել է իր նկարչության ոգեշնչման բանաձևը։ Ծառերի մի քանի տեսակներ կան, որոնք մտածողության իմաստով երբեմն դառնում են ավելի էքսպրեսիոնիզմին հարող։ Այսինքն, եթե արտահայտչականություն ունեն, ապա այստեղ կերպարայինն է սկսում գերակայել։
Ինձ համար Գագիկ Սիրավյանի նման մոտեցումը հետաքրքիր է նաև որպես կոմպոզիցիոն կառուցվածքի բանաձև։ Նա կարծես կտավի մեջ կենտրոն է ստեղծում, հետո ապակենտրոնացնում է կոմպոզիցիան ու նորից հավաքում։ Ծառերի ճյուղերը իրենց արտահայտչականությամբ շատ բնական ու ներդաշնակ բան են ստեղծում։ Նրանք կարող են բաժանել կտավը մանր մասերի, և այդ մասերը գալիս, հավաքվում են մի մեծ ձևի մեջ, այդ ձևը նորից մանր բեկորների է բաժանվում, և այդ յուրաքանչյուր մանր հատվածը կղզիանալով թույլ է տալիս տարբեր գեղանկարչական մակերեսներ ու հարթություններ ստեղծել։ Առաջին հայացքից պայմանական մեկ, երկու հարթություն ենք տեսնում, բայց գույնի բաժանումից ու խորացումից, և ձևի հստակության շնորհիվ կարողանում ենք տեսնել պայմանական մի նոր տարածություն, որը ոչ թե աչքով ես տեսնում, այլ զգայարաններով»։
Աղբյուրներ
[խմբագրել]- Գագիկ Սիրավյան, Կատալոգ, 2014, Երևան։