Բեռնաձիեր
Արտաքին տեսք
«Բեռնաձիեր», Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների ժողովածուն, որ տպագրվել է 1967 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]Ալխո
[խմբագրել]- ....Բայց այդ ճիպտելուն Ալխոն բոլորովին չէր սպասում։ Դրա համար էլ մարդկանց աշխարհը նրան թվում էր անվերջ անըմբռնելի։ Քսան տարի եղավ ահա կրում է մարդկանց ու նրանց բեռը, քսան տարի նրանց ցենտների տակ խորհում է նրանց մասին, բայց բան չի հասկանում ոչ թե այն պատճառով, որ ձի է, այլ որ նրանք կայուն չեն....[1]
- Կանչեց ինքնագոհ աստված Ալխոյի հոր հոր հոր հորը, ասաց. «Ահա՛, Ալխոյի պապ, ես արարեցի քեզ կառուցիկ ու խելոք, փռեցի կանաչ մարգագետինը քեզ համար, հնարեցի գայլը, որ դու վազես ու մնաս կառուցիկ, և մարդը քեզ պահապան, ահա ձի՛, քանի՞ տարվա կյանք ես ուզում»։ Եվ մտածեց Ալխոյի պապի պապը, և որովհետև աստված նրան խելացի էր համարում՝ դարձյալ մտածեց և պատասխանեց մտածված. «Քսան տարվա կյանք, տեր»։ Եվ աստված նրա պատասխանը հավանեց և տվեց քսան տարվա կյանք։ Ախար ինչի՞ համար, այ պա՜պ, քսան տարի, ախար քո ինչի՞ն էր պետք քսան տարին, իմ ինչի՞ն է պետք...[2]
- Գլուխը սեղմել էր հեծվորին, շունչը խփվում էր դեպի երկինք, Ալխոն թռչում էր աստղերի տակ, իսկ ոտքերը չռատվում էին անշավիղ երկրի վրա։ Ոտքերը գետնի վրա անդունդ էին փնտրում՝ ջարդուխուրդ անելու այդ ոստակալած ոսկորները, որ չգիտես ինչի համար դիմանում ու դիմանում են[3]։
- Արածեր Ալխոն կանաչ հովտում, պառկեր կանաչ բուրմունքի մեջ, սպիտակ ամպեր լողային վերևով, լիներ տխուր ու գեղեցիկ։ Ու հետո բսնեին գայլերը. կուշտ ու բարի Ալխոն նրանց չտանջեր, ինքը չտանջվեր, իրեն նրանց տար ուտելու, թող ուտեին[4]։
- Լիներ մի կանաչ հովիտ, մեջը մի հատ աղբյուր։ Անդոն այդ հովտի տեղը չիմանար։ Այդ կանաչ հովտում արածեր մի կարմիր ձի։ Ոչ ոք չիմանար, որ այդ ձին Ալխոն է։ Արածելով պտտվեր հովտում, ջուր խմեր, պոչով քշեր մի երկու հատիկ ճանճը, թախծեր, պառկեր արևի տակ կանաչ հովտում սատկածի պես...
Կայարան
[խմբագրել]- Այն, ինչը կոչում են հակառակորդ՝ հակառակորդ չէր, որովհետև չկար։ Պարանների վանդակում հարթակին մի հաղթանակ կար, մի պարտություն. հաղթանակը տվեցին բաշկիր Մականինին, պարտությունը՝ ինձ, ուրեմն բռնցքամարտել էինք ինքն ու ես։ Բայց ես նրան իմ դեմ չտեսա, իմ ձեռքը նրան չգտավ։ Ըստ երևույթին նա մոտերքում մի տեղ էր, որովհետև նրան ծափահարում էին, բայց չկա՛ր, չկար[5]։
- Ասացին՝ ահա մարզիկները իրենց ուժով անհայտությունից դուրս են քշում իրենց հաղթանակը. ինչպե՞ս թե «պարանների վանդակում մի հաղթանակ կար ու մի պարտություն»[6]։
- Ամերիկայի նախագահ Վիլսոնն ահա իր համար նստել էր իր սպիտակ տանը, աշխարհը փափուկ ու դուրեկան էր, և ուզեց մի որևէ լավ բան անել. և մտածեց ու գտավ մի մեծ Հայաստան ու Մեծ Հայաստանի քարտեզ քաշեց. ու մատիտը թղթի վրա գնում էր հե՜շտ, հեշտ. ու կենսագիրները նայեցին նրա արխիվն ու ասացին. ա՛խ, ինչքան քրիստոնասեր էր։ Իսկ այդ Հիտլերն ինչ արեց. իբր թե իրեն կարգի էր բերել, հիմա էլ հավակնում էր կարգի գցել աշխարհը։ Եվ թուրքական բանակի այն հայ սպան ինչ արեց. եղած գերությունից ազատեց թուրք մինիստր Էնվերին, որ փախավ եղած գերությունից, ուղիղ գնաց ու կազմակերպեց հայ մեծ եղեռնը, հետո, զինվորական պահեստի բանալիներն իր մոտ էին, վերցրեց ու իրեն նախշեց մարշալի զարդերով։ Եվ այդ խաչակիրների այդ արշավանքն ինչ էր. ասացին գնանք ազատենք Տիրոջ աճյունը, գնացին, հասան՝ այնքան պղպեղ ու համեմ կար, այնքան դարչին ու սամիթ կար... Շալակեցին դարչին ու պղպեղ, սամիթ ու ազատքեղ ու գնացին իրենց տները։ Նրանց հարցրին. իսկ Տիրոջ աճյո՞ւնը. նրանք հարցրին. ի՞նչ Տիրոջ աճյուն. նրանց ասացին. դե Տեր Հիսուսի...- իսկ նրանք պղպեղով ճաշ էին ուտում, որ չլսված համեղ էր, և ժամանակ չունեին պատասխանելու պարապ հարցերի։ Եվ՝ այդ փիլիսոփաների, օրենսդիրների, հռետորների և բանաստեղծների Հռոմը, որ Կարթագենին ուղարկեց այնպիսի հուշագիր, ասես Հռոմում չկային փիլիսոփաներ և օրենսդիրներ, հռետորներ և բանաստեղծներ, այլ կային անգրագետ բարբարոսներ. այսպիսի հուշագիր՝ Կարթագեն քաղաքը ծովից տասներեք վերստ ետ քաշեք։ Իսկ այդ չինական պարիսպը, որովհետև երկար է, ամենաերկարն է, էլ ուրիշ այդքան երկար պարիսպ չկա աշխարհում՝ ուզում է տեղ գտնել յոթ հրաշալիքների շարքում։ Իսկ այդ, այդ, այդ Մեսրոպը, այդ Ծմակուտի ձիապանը, որ չի ուզեցել լինել սովորական ձիապան և գնացել տեսել է թե՝ ինքը ձիապան ու նացիոնալիստ է միաժամանակ և բանտարկվել է ու իր բանտարկվելն իրեն դուր է եկել։ Իսկ նրա քննիչներին երևի դուր է եկել իրենց բութ լրջությունը[7]։
- Շատ բարի, ես աշխարհի առաջին հրեշն եմ, հայ մեծ եղեռնը, հրեական սպանդը ես եմ կազմակերպել, ես ուզում եմ որևէ կերպ սկսած լինել համաշխարհային նոր պատերազմը և ծխի ու աղմուկի մեջ թաքուն-թաքուն չքացնել հայ ու հրեա մնացորդները ու հետո երեսպաշտաբար սգավորվել.... Բայց ինչո՞ւ մարդիկ իրենց լավությամբ չեն կանխում հրեշի ծնունդը[8]։
- Գրողը տանի, ես անընդհատ հուսավորվում և հուսաթափվում էի, նա ինձ համար դառնում էր աստված-անասուն, աստված-անասուն, աստված-անասուն... և ոչ մի կերպ չէի հասկանում, որ ոչ աստված է և ոչ էլ անասուն. մարդ է[9]։
Սկիզբը
[խմբագրել]- Մարդիկ եթե չլինեին՝ աշխարհը տխուր կլիներ։ ....Տխուր ու գեղեցիկ կլիներ։ Հիմա ոչ տխուր է, ոչ էլ գեղեցիկ, ոչ էլ գիտես ինչ անես։
- ....Ինչո՞ւ մեր հայ ժողովուրդը, երբ տափաստաններն ազատ էին, չի գնացել, գնացել, գնացե՜լ մինչև մեծ ծովը դեմը կտրի, այլ մնացել է այս ձորի մեջ. որտե՞ղ է վերջանում աշխարհը, ինչո՞ւ է թպրտում, ի՞նչ է ուզում մեր սիրտը[10]։
- ....Մոնղոլի աչքերն ինչո՞ւ են նեղ, թող նեղ լինեն, տեսնում են՝ բավական է, բայց դու չես հասկանա, թե այդ նեղ աչքերի ետևում ի՞նչ նպատակ ունի մոնղոլը քո մասին՝ մտածում է սպանե՞լ թե բարևել։ Թուրքերը մոնղո՞լ են։ Թուրքերը լաց լինո՞ւմ են։ Թուրքերը ծիծաղո՞ւմ են։ Նրանց ծիծաղը նմա՞ն է մեր ծիծաղին թե մի ուրիշ տեսակ է՝ չգիտես ծիծաղ է թե չար միտք. ոչխարը ծարավից իրո՞ք խելագարվում է, իսկ կարո՞ղ է պատահել, որ հին թուրքերի դրոշին խելագար ոչխար էր նկարած և մեր հայերը վախից փախչում էին[11]։
- Այս արձակ ազատության մեջ աշխարհն ինչո՞ւ է հանկարծ այդպես նեղանում, դառնում նեղվածք ու խեղդում[12]։
Մեսրոպ
[խմբագրել]- Հայերին Լեոն է հնարել։ Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել։ էն է Լեոյի ժամանակներն էր, էլի, սարի պես մարդուն տվին աչքիս դեմ շուռ տվին՝ մի ձեն հանող չեղավ։ Հայ կա՞ր՝ որ հայի համար ձեն հանող լիներ — կաթ, ոչխար, ես ինչ իմանամ ուրիշ ինչ։ Մերանը Լեոն գցեց։ Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում՝ դաոնում է մածուն, Լեոն հայերին էդպես է հնարել։ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»— ոչ կատուն է արհեստավոր եղել, ոչ էլ շունը անգլխարկ, գլխարկր շան ինչի՞ն է պետք, այտա, Հովհաննես Թումանյանր նստել ու երեխեքի համար հնարել է։ կարդում են։ էն է մյուս սեղանին էլ Լեոն է նստել ու մեր հայերիս պատմությունր հնարել։ Զարմայր նահապետ, չէ՜ մի, զահրումար նահապետ[13]։
- Մեկ էլ՝ հակառակն էր ասում։ Թե ուրեմն տղամարդ ենք եղել՝ որ թուրքը հազար տարի բկներիս նստած դիմացել ենք։— Պարծենալու բան է,— ասում էր,— պիտի պարծենանք[14]։
- Նա նրանց թուրք էր ասում, որպեսզի նրանք վիրավորվեն, բայց նրանք չէին վիրավորվում, որովհետև ամենևին էլ թուրք չէին։ Նրանց զբաղմունքն այդ չէր, թրքությունը չէր նրանց զբաղմունքը այլ, մերոնց նման, ոչխար, պահելը, խուզելը, թրջվելը, չորանալը, անձրևին ու աշխարհին հայհոյելը[14]։
- -Այ տղա, մեր էս հայ ազգը վայ թե մի մե՜ծ սուտ է,- ասավ։
- Եվ անցնելուց հետո`
- -Այսինքն էնքան էլ մեծ չի, եղած-չեղածն էս է հատել գնացել է՜[15]:
- Եթե աշխատանքը չդառնար աշխօր, սխրանքը՝ շքանշան, գիտելիքը՝ գնահատական, շատ ավելի լավ կլիներ, քանի որ արարքը բեմ չէր հանվի։ Արարքի ետևից բեմ է ելնում արարողը և այնքա՜ն անելիք է մնում չարված[16]։
- Արջն ինչո՞ւ է ուժեղ, որովհետև արջը ծմակ է, ծմակի մի մասն է։ Իր մի մասով ծմակը արջ է, դե հիմա գնա գտիր, թե որտեղ է ծմակը վերջանում ու սկսվում արջը։ Ուզում էի փախչել՝ ծառերը բռնեցին։ Մոշահավը գիտեր արջի մասին ու մի ժամ ինձ մոլորեցնում էր։ Դրա համար էլ արջը ուժեղ է։
- -Լավ,- ասացի ես,- ի՞նչ է դուրս գալիս, ով ուժեղ է` ա՞րջ է։
- -Դու մի քիչ սխալ ես ասում, ճիշտն էսպես կլինի. ով արջ է` ուժեղ է։ Այսինքն սեփական ծմակ պիտի ունենաս[17]։
Նժույգս, նժույգս
[խմբագրել]- Եվ ո՞վ է հնարել այդ հացի կռիվը։ Եվ մարդ ինչո՞ւ չպիտի կարողանա նյարդերը թուլացնել։ Մենք ծառերի պես անջատ կանգնած ենք ամեն մեկս իր համար, յուրաքանչյուրս վերցնում է իր բաժին արևը և գցում է իր ստվերը։ Այդ ինչպե՞ս է լինում, որ անտառի պես լռիկ կեցած աշխարհը դառնում է շնանոց[18]։
- Սերը քաղաք էր, քաղաքային ապրանք էր, մայրս քաղաքին մոտիկ գյուղի, համարյա քաղաքի աղջիկ էր, սերը իրենն էր, իրար համապատասխան էին ինքն ու սերը, իսկ ահա դրանք՝ այդ հաստածնոտ անբաններն էին սիրահարվում որը Թիֆլիս, որը Պոլշա, հայրս էլ՝ պատերազմի ժամանակ՝ Մախաչկալա[19]։
Նարինջ զամբիկը
[խմբագրել]- - Աքսորն ի՞նչ է,- հարցրի ես Մեծ հորեղբորս։
- - Անտառներ են, ամայի ձյուն է, մի հատ արջ ու արաղ[20]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 41։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 43։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 49-50։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 52։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 76-77։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 77։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 91։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 101։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 106։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 118-119։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 121-122։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 129։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 193։
- ↑ 14,0 14,1 Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 194։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 200։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 220։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 223:
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 234։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 237։
- ↑ Հ. Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990, էջ 248: