Ամբոխները խելագարված
Արտաքին տեսք
«Ամբոխները խելագարված», Եղիշե Չարենցի պոեմներից։ Գրվել է 1918 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,- աշխարհներին, արևներին,-
- Հրանման հոգիներին։-
- Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
- Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
- Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
- Ողջակիզվող հոգիներին - ողջո՜ւյն, ողջո՜ւյն։
- Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
- Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված։
- Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝
- Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ։
- Ու ցցված էր ուղիների խաչակնքման սեղմ հանգույցում -
- Կայարանը, որպես մի հարց, որպես հսկա մի քարացում։
- Ուղիների ճամփամիջում հանգույց էր նա կարծես կապված -
- Ու անզիջում կռվում էին ամբոխները խելագարված։
- Կարծես նետված մի հաղթ ձեռքով՝ աշխարհային կամքին հլու՝
- Գնո՜ւմ էին կռվո՜վ, երգո՜վ կայարանը գրավելու։
- «...Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մոտ -
- Մենք մեր սիրտն ենք բերել նորից՝ հուսավառված ու կրակոտ։
- Այստեղ հիմա կռիվ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ,-
- Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա - մահի հանդեպ՝ կարմիր դրոշ։
- Արյունաքամ մա՛յր է մտնում հազարամյա արևը հին.
- Արյունավառ ժպտում է մեզ այս աշխարհը իրիկնային...
- Ու խնդասիրտ կռվում ենք մենք, ե՜րգ ենք ասում կռվում հիմի.
- Կուրծք է տվել աշխարհը ողջ՝ հազարամյա մի թշնամի...
- Բայց անվհատ կռվում ենք մենք, ու մահը՝ սեգ ժպտում է մեզ -
- Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարոտակեզ։-
- Անողո՛ք է երթը այս սեգ, ինչպես կարմիր կարոտը մեր -
- Կրակեցե՛ք, կրակեցե՛ք, խելագարված իմ ընկերներ...»։
- ...Գիշերի՜ դեմ գիշեր է մութ խավարամած նրանց հոգին,
- Որ կարոտով մի կրակոտ սպասում է առավոտին։
- Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր -
- Երկինքնե՜ր կան կապուտաչյա, հորիզոննե՜ր՝ անծա՜յր, անծի՜ր։
- Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ -
- Հազա՜ր բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ։
- Նրանց ձգված մկաններում ո՛ւժն է նստել խոնավ հողի,-
- Եթե ուզեն՝ արևներին նոր տե՛մպ կըտան ու նոր ուղի...
- Եթե ուզեն՝ արեգակնե՛ր կըշպրտեն երկինքն ի վեր.
- Եթե ուզեն՝ վա՛ր կըբերեն երկինքներից արեգակներ...
- Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված -
- Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված...
- Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
- Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված...