Jump to content

Ամանոր

Վիքիքաղվածք-ից
Տոնածառ

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Նոր տարի է գալիս։ Դառնանք ու մաղթենք, որ այս տարին իրենց տուն ու տեղից քշված հայերի համար գաղթականության վերջին տարին լինի, որ նրանք իրենց հող դարձած պապերի հողի վրա տիրաբար քայլեն, ծաղկեցնեն այդ հողը և ապահովեն իրենց սերունդների ծաղկումը։ Նոր տարի է բացվում, բարով է բացվում ու բացվում է բարի[1]...
Համո Սահյան, 1989 թվականի դեկտեմբերի 31
  • Հին տարին արդեն պատկանում է անցյալին։ Լսվում են նոր տարվա ոտնաձայները։ Գալիս է։ Ահա իրար կհանդիպեն հինն ու նորը, որ հրաժեշտ տան իրար։
Չգիտես ո՞ր կողմը, որի՞ն նայես։ Նայում ես գնացողին և ժպտում։ Այդ ժպիտի մեջ կա և՛ երախտագիտություն, և՛ քննադատական մտքեր, և՛ ափսոսանք, և՛ ներողամտություն։ Նայում ես նրա կռացած մեջքին, տեսնում ես նրա խոհուն հայացքը և հասկանում ես նրան։
Նա խրատվել է, իմաստնացել։ Նա գիտե, թե ինչ է արել և ինչ է թողել պակաս։ Կուզեր լրացնել, շտկել, այդ էլ անել։
Բայց... արդեն ուշ է։
Անցածն անցել է։ Պետք է գնալ[2]։
Դերենիկ Դեմիրճյան, «Նոր տարվա խոհեր», 1956 թ., հունվարի 1
  • Հին ոճով ես կասեի՝ շնորհավո՜ր նոր տարի, ցանկանում եմ, որ նա ձեզ բերի նոր բարի։ Անցյալում սպասում էին, որ նոր տարին ինքը բերի։
Եվ ոչինչ չէինք անում, նստում, սպասում էինք, որ նա բերի այդ բարին։
Նա էլ չէր բերում իհարկե։
- Ափսո՜ս, չբերե՜ց։ Էհ, ճարներս ինչ, սպասենք մյուս տարի։
Եվ այդ ամենը այն ժամանակ, երբ բոլոր բարիքները բերողները մենք պիտի լինենք, մեր բախտը կերտողները` մենք, մեր իղձերի կատարողը` մենք։
Եկեք չսպասենք ոչ ոքից, ոչնչից մեր բարիքը, մեր իղձերի կատարումը, բացի մեզանից[2]։
Դերենիկ Դեմիրճյան, «Նոր տարվա խոհեր», 1956 թ., հունվարի 1
  • Իսկապես, ի՞նչ են հին տարին, նոր տարին։ Չկա հին տարին, այդ արծաթահեր կորամեջք ծերունին։ Չկա նոր տարին, այդ առույգ, ուրախ երեխան։ Դրանք մեր պատկերացումներն են, մեր այլաբանությունը, մեր երևակայությունը։ Մենք ենք հնարել ժամանակի չափերը։ Մենք ենք շինում ժամացույցները։ Մենք ենք չափողը, չափում ենք մեր շարժումները, քայլերը, վարմունքները, գործերը։ Մենք մեզ ենք չափում։ Մենք ենք հին տարին, մենք ենք նոր տարին։ Մեր ձեռքն է մեր բախտը, մեր կյանքի տնօրինությունը, մեր իրականության ստեղծողները, մեր կյանքը փոխողները։ Ջանանք է՛լ ավելի լավ, է՛լ ավելի շատ, է՛լ ավելի գեղեցիկ փոխել, կառուցել մեր կյանքը, այնպես, ինչպես երազում ենք, կամենում ենք, ձեռնարկում ենք[2]։
Դերենիկ Դեմիրճյան, «Նոր տարվա խոհեր», 1956 թ., հունվարի 1
  • Նոր տարվա հույսերը նման են Նոր տարվա տոնածառին, որոնք այս գիշեր լուսազարդվում են աշխարհի բոլոր տանիքների տակ։ Ուզում եմ հազար սրտով ցանկանալ, որ այդ հույսերը Նոր տարվա տոնածառի նման մի երկու օր լույս տալով՝ դուրս չնետվեն կմախքացած[1]։
Հովհաննես Շիրազ
  • Մեր դարում, մեր օրերում մաղթանքներ անելը շատ դյուրին բան է, քանի որ մարդանց սրտերում մի իղձ և ցանկություն կա, եթե միլիոնավոր հայերին խնդրենք իրենց սրտի մաղթանքը անեն 1967 թվականին, բոլորը միաձայն և ներդաշնակ կբացականչեն՝ «Թող 1967 թիվը լինի խաղաղության տարի, թող կորչի մեր երկրից պատերազմը»։ Այո՛, չարը կորչի և բարին բուն դնի ոչ միայն մեր սրտերում, այլ բոլոր մարդկության սրտերում, աշխարհից վերանան թշնամությունը, ատելությունը և պատերազմը[2]։
Երվանդ Քոչար, 1966 թվականի դեկտեմբեր
  • Մենք տոկալու և ապրելու ենք, քանի աշխարհը կա, քանի աշխարհում մարդկություն կա և մարդկության մեջ՝ մարդկայնություն։
Այս հավատով էլ ոտք դնենք Նոր տարվա շեմին և բոլոր սրտով բոլորին մաղթենք՝ շնորհավո՛ր Նոր տարի[1]։
Համո Սահյան, 1988 թվականի դեկտեմբերի 31
  • …Ժամը 12-ին։ Հնչեց 12 ժամը։ Հին տարին գնաց, մեռավ անհունի մեջ, նորն սկսվեց։
Մարդկությունը ուրախանում է. ինչի՞ համար, ի՞նչ հույսեր է սպասում, երբ դժգոհ հնի՞ց դիմում է անծանոթին… մահին, վերջին, ապագային, որի ծոցում ով գիտե ի՞նչ դաշույններ կան… Գուցե մեզնից ոմանք չեն հասնելու մյուս տարուն, և շատերս չենք հասնելու, անշուշտ, բայց ուրախանում ենք…
Ի՞նչ բնազդ է[1]
Ավետիք Իսահակյան, «Հիշատակարան», 1926թ. դեկտեմբերի 31, Վենետիկ
  • Սիրելի՛ ազգակիցներ,
Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ։
Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը։
Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք։ Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար` աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք[2]։
Պարույր Սևակ, 1963 թվականի դեկտեմբերի 31-ին սփյուռքահայության համար եթեր հեռարձակված շնորհավորանքի խոսքից
  • Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան։
Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ։ Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի։
Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս։ Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը` որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը[2]...
Պարույր Սևակ, 1963 թվականի դեկտեմբերի 31-ին սփյուռքահայության համար եթեր հեռարձակված շնորհավորանքի խոսքից
  • Հայ մարդը միշտ Նոր տարին դիմավորելիս գինու բաժակը առել է ձեռքը, շշնջացել է՝ խաղաղություն աշխարհին։ Աշխարհում խաղաղությունը երևի ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել։ Դարեր շարունակ Արևելքի ու Արևմուտքի բախման քառուղիներում ընկած Հայաստանն ասպատկվել է, ավերվել, բաժանվել հզորների միջև, բայց, երբ հայ ժողովուրդը խաղաղության կարճատև պահեր է ունեցել, ստեղծագործել է, կերտել արվեստի հրաշքներ, մարդակային մշակույթն ու քաղաքակրթությունը հարստացրել յուր հոգու գեղեցկություններով[2]։
Մարտիրոս Սարյան, 1966 թվականի հունվարի 1
  • Խաղաղություն աշխարհին և աշխարհի հետ՝ Հայաստանին, որ հայ ժողովրդի ընդերքում եղած ստեղծագործական հորդառատ ուժերը նոր հրաշքներ գործեն, որ էլ առավել ծաղկի Հայաստանը, իր գրկում հավաքի աշխարհով մեկ ցրված իր տարագիր զավակներին, որ հավետ հնչի քաղցր ու սրտաբուխ հայոց լեզուն[2]։
Մարտիրոս Սարյան, 1966 թվականի հունվարի 1
  • Երնեկ, թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին։
Երնեկ, թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին վարդ-անդաստան[1]։
Ռափայել Պատկանյան
  • Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր[3]։
  • Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր[3]։
Մետաքսե
  • Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց... այնպե՛ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին,
Եվ այդ աշխարհի բախտի վրայով
Խևորեն ձգված մետաղալարին
Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝
Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ[4]...
Պարույր Սևակ, «Դիմում եմ պահանջելու պես»
  • Վաղը 365 էջանոց գրքի առաջին դատարկ էջն է։ Լա՛վ գրիր այն[5]։
Բրեդ Փեյսլի
  • Կեցցե՛ Նոր տարին և մեզ տրված ևս մեկ հնարավորությունն ամեն ինչ ճիշտ անելու[5]։
Օփրա Ուինֆրի
  • Նոր տարվա գալստյանն անգամ մուկն է ուրախ[6]։
Չինական առած

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ԽՈՍՔԸ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կրթություն շաբաթաթերթ, 2015 հ. 52, էջ 8-9:։
  3. 3,0 3,1 Մետաքսե. բանաստեղծություններ։ Վերստացված է՝ 27 դեկտեմբերի, 2015։
  4. Պարույր Սևակ։ Վերստացված է՝ 27 դեկտեմբերի, 2015։
  5. 5,0 5,1 Quotes About New Year
  6. Цитаты про Новый год
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ամանոր հոդվածը նաև Վիքիպեդիայում: