Ականջդ բեր ասեմ
Արտաքին տեսք
«Ականջդ բեր ասեմ», Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից։
Քաղվածքներ
[խմբագրել]- Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ,
Քան թե արվեստում լինել… տնփեսա…
- ....Եթե մեկից կոչվես մեծամիտ
Եվ կամ անհեթեթ,
Եվ կամ խելագար,
Դու հակառակը չե՜ս ապացուցի՝
Որքա՛ն էլ ջանաս…
- Կարող եմ կյանքում ես շա՜տ բան անել,
Բայց անկարող եմ ինձանից վանել
Իմ երկվորյակին՝
Անկեղծությո՛ւնը։
- Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր ինչ գոհ լինեմ։
Դժգոհ եմ հաճախ,
Ուրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ։
- Ես էլ բառերի լվացարար եմ.
Մաքրում եմ նրանց փոշին դարավոր
Ազատում նրանց կեղտ ու բորբոսից,
Բառակեր ժանգից ու բառաքոսից....
- Այն էլ զգացի, ցավո՜վ զգացի,
Որ կտըրվելուց հետո է միայն
Երևում ծառի բուն հաստությունը։
- Փառքը համ ունի՝
Թթվաշ ու տտիպ,
Որ ախորժակ է գրգըռում միայն՝
Չտալով հագուրդ…
- Եվ արյուն ունի նաև նախանձը.
Արյունն այդ սև է,
Ինչպես արյունը միջատ-մրջյունի…
Պոեմի մասին
[խմբագրել]- «Ականջը...» սկզբնապես գրված է իբրև պոեմ։ Կոչվում էր «Ինքներգություն»։ Հետո դարձրեցի «Մարդերգություն»։ Այնուհետև, նկատի առնելով մեր ընթերցողների ընդհանուր մակարդակը, որոշեցի պոեմի համարակալած գլուխները (1, 2, 3... 24... 37) անջատելով գրել առանձին էջերի վրա, վերնագրել՝ ջանալով նրանց տալ համեմատական անկախություն... Այդ արեցի, ինչ ասել կուզի, ոչ թե գրքի էջերը շատացնելու համար, այլ այն նպատակով, որ ընթերցողը կարողանա ուշադիր կարդալ «անկախացած» հատվածները։ Եվ որովհետև ողջ շարքը (ըստ էության՝ պոեմը) գրված է միևնույն չափով ու տրամադրությամբ, առնված է մեկ ընդհանուր վերնագրի տակ, ապա հույս ունեի, որ նա կընկալվի իբրև ամբողջական գործ՝ շարված ոչ թե իրար հետևից, այլ առանձին էջերի վրա[1]։
- Պարույր Սևակ
- Պոեմ-շարքը մարդերգություն է, բայց ոչ սովորական մարդու գովերգում։ Նրա հերոսը ոչ ես եմ, ոչ դու, ավելի ճիշտ՝ ես եմ ու դու, բայց ոչ միայն ես ու դու, այլ բոլո՜ր նրանք, ովքեր ստեղծագործող են, ովքեր ունեն հատուկ աչք ու ականջ, նյարդային հատուկ համակարգ, ուրիշ հոտոտելիք ու շոշափելիք. այսինքն բոլոր նրանք (կամ միայն նա՛), ովքեր ունեն ոչ թե հին, այլ վե՜ց զգայարան[1]։
- Պարույր Սևակ