Խատուտիկի գինի

Վիքիքաղվածք-ից

«Խատուտիկի գինի», Ռեյ Բրեդբըրիի վիպակը, որն առաջին անգամ լույս է տեսել 1957 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • «Ես ողջ եմ»,- անցավ մտքով։
Մատները դողում էին՝ արյան հոսքից շառագունած, ինչպես նորագյուտ ու նախկինում անծանոթ օտարոտի դրոշի պատառիկներ, և հարց էր ծագում, թե ո՛ր երկրին էր նա պարտավոր հավատարիմ լինել։
  • Խատուտիկի գինի։
Այս բառերը ամռան համն էին լեզվիդ։ Խատուտիկի գինին ամառն էր ինքնին՝ բռնած ու խցանած։ Եվ հիմա, երբ Դագլասը գիտեր իսկապես գիտեր, որ ողջ է և շրջում է աշխարհում ամեն ինչ զզնելու, շոշափելու համար, իսկ և իսկն էր, որպեսզի նրա նոր իմացածի մի մասը՝ բերքահավաքի այդ առանձնահատուկ օրվա մի մասնիկը կնքվեր ու փակված մնար հունվարյան մի օր բացվելու նպատակով, երբ վարար ձյուն կտեղար, և շաբաթներով կամ ամսով արևի երես տեսած չէին լինի, և հրաշքն էլ երևի արդեն մոռացված կլիներ, ու թարմացվելու կարիք կզգացվեր։ Դե, եթե սա պիտի դառնար անակնկալ հրաշալիքների ամառ, նա ուզում էր այդ ամենը փրկել, դրոշմել ցանկացած պահին ոտնաթաթերի վրա խոնավ մթնշաղի գիրկը իջնելու և մատների ծայրով պահուստին դիպչելու համար։
  • Վերցրու ամառը, լցրու գավաթի մեջ՝ իհարկե պստլիկ գավաթի, որից երեխան ամենափոքրիկ տտիպ ումպը կանի, և գավաթը շուրթերիդ մատուցելուն պես քո երակներով ձմռան փոխարեն ամառը կհոսի։
  • Է՛հ, Դագլասը խղճաց Քալիֆորնիայում ապրող տղաներին, որոնք կլոր տարին թենիսի կոշիկներով էին ու ոչ մի պատկերացում չունեին, թե ինչ էր նշանակում ձմեռը թոթափել ոտքերից, դեն նետել ձյունով ու անձրևով լի կաշվե ծանրաքայլ կոշիկները և ամբողջ օրը վազվզել ոտաբոբիկ, իսկ հետո առաջին անգամ կապել թենիսի նոր կոշիկների թելերը, կոշիկներ, որոնցով է՛լ ավելի լավ էր, քան ոտաբոբիկ։ Ամբողջ կախարդանքը հենց կոշիկների նոր զույգն էր։ Սեպտեմբերին այդ կախարդանքը կչքանար, բայց հիմա՝ հունիսի վերջին, դեռ լրիվ ուժի մեջ էր, և նման կոշիկներն ընդունակ էին քեզ թռցնել ծառերից ու գետերից և տներից վեր։
  • Որովհետև անցած տարվա կոշիկների մեջ շունչ չէր մնացել։ Դրանք լավն էին անցյալ ամառ, երբ նոր էր սկսել հագնել։ Բայց ամեն տարի միշտ պարզվում էր ամռան վերջին, որ ի գիտություն քեզ՝ էլ չես կարող դրանցով իսկապես թռչել գետերից ու ծառերից և տներից վեր. կոշիկների շունչը մարել էր։ Մինչդեռ նոր ամառ էր, և նա զգոմ էր, որ հիմա նոր զույգ կոշիկներով ամեն ինչ էլ կանի, ամեն, ամեն ինչ։
  • Գտի՛ր ընկերներիդ, ազատվի՛ր թշնամիներից. սա էր ծտի նման թռչող կոշիկների նշանաբանը։ Աշխարհը շատ արա՞գ է սլանում։ Ուզում ես հասնե՞լ հետևից։ Ուզում ես ճարպի՞կ լինել, ճարպիկ ու ժի՞ր մնալ։ Ուրեմն ծտի նման թռչող կոշիկնե՜ր ունեցիր։ Ծտի նման թռչո՜ղ։
  • Եթե քեզ բան է պետք- մտածեց,- ուրեմն ինքդ էլ դրան հասիր։ Հենց էս գիշեր կգտնենք անտառից դուրս գալու ճանապարհը...
  • Մեծերն ու երեխաները կռվում են, որովհետև տարբեր ցեղից են։ Տեսեք՝ նրանք մեզ նման չեն։ Տեսեք՝ մենք էլ նրանց նման չենք։ Տարբեր ցեղեր, որ «երբեք ի մի չեն գա»։
  • Ինչի՞ համար ենք մինչև օրս մեքենաներն օգտագործել. մարդկանց լացացնելո՞ւ։ Ամեն անգամ, ենց մարդն ու մեքենան կարծես թե հարմարվել են իրար, մեկ էլ հո՛պ, մեկնումեկը մի պտուտակ է ավելացրել, ու ինքնաթիռները սկսել են մեզ ռմբակոծել, ավտոմեքենաներն էլ՝ ժայռի գլխից ցած գցել մեզ։
  • Նա հասկացավ, ու ինքն ու մայրը մենակ են։
Մոր ձեռքը դողաց։
Նա որսաց դողը... Բայց ինչի՞ց էր։ Ախր մայրիկն ավելի մեծ էր, ավելի ուժեղ, ավելի խելացի, քան ինքը, չէ՞։ Տեսնես նա է՞լ էր զգում անորոշ սպառնալիքը, խավարից դուրս սողացող փորձանքը, որ պահ էր մտել ներքևում։ Ուրեմն մեծանալով ուժեղ չե՞ս դառնում։ Մեծ լինելը մխիթարություն չէ՞։ Ուրեմն ապավեն չկա՞ կյանքում։ Ոչ մի քիչ թե շատ հուսալի հենարա՞ն կեսգիշերների վերահաս հարձակմանը դիմանալու համար։
  • Հասկացավ, բոլոր մարդիկ էլ էսպես են, ամեն մեկը՝ մենակ, ինքն իր հետ։ Մեն-մենակ, առանձին բազմության մեջ ու միշտ վախեցած։ Այ, հիմիկվա պես։ Եթե ճչար էլ, օգնություն կանչեր, ի՞նչ օգուտ։
  • Ձեր սերնդի վատն էլ դա է,- ասաց պապը։- Բիլ, քո տեղը ես եմ ամաչում, և դեռ լրագրող ես։ Ինչ որ համ ու հոտ ունի կյանքում՝ հաշվի չես առնում։ Քիչ ժամանակ ծախսել, քիչ ջանք թափել. սա է ուզածդ։- Նա արհամարհանքով բշտեց զամբյուղները։- Բիլ, հասնես իմ տարիքին՝ կհասկանաս. կան փոքրիկ վայելքներ ու մանր բաներ, որ ավելի կարևոր են, քան մեծերը։ ... Քեզ որ մնա, բոլոր մանր-մունր գործերին, բոլոր մանրուքներին վերջ տվող օրենք կհանես։ Բայց էդ դեպքում անելիք չես ունենա մեծ գործերի արանքում և ստիպված կլինես երկար-բարակ գլուխ կոտրել զբաղմունք գտնելու համար, որպեսզի խելքդ հետ չտաս։
  • Յասամանի թուփը խոլորձի թփից լավն է։ Խատուտիկն ու արվանտա՛կն էլ։ Ինչի համա՞ր։ Որովհետև թեկուզ կարճ ժամանակով շեղում են մարդուն և հեռու տանում բոլոր մյուս մարդկանցից ու քաղաքից, քրտնեցնում են և նորից իջեցնում քաջածանոթ հողին։ Եվ երբ ինքդ քեզ հետ ես ամբողջությամբ, քեկուզ կարճ ժամանակով իրոք դու ես, որ կաս սկսում ես խորհրդածել մենակ, ամեն ինչ վերուդիր անել։ Այգեգործությունը փիլիսոփա դառնալու ամենահարմար առիթն է։
  • Նա, ով գլուխ է գցում, թե ինչը ոնց է, ինչպես է կատարվում, կրկեսի ճոճաձողից թրմփում է ցած կամ էլ խեղդվում է՝ ջանալով գլխի ընկնել, թե կոկորդի մկանները ինչ ձևով են գործում։ Կե՛ր, քնի՛ր, շնչի՛ր, Լի, և հերիք է աչքերդ էդպես չռես ինձ վրա, կարծես նո՜ր ես տեսել տանը։
  • Սա՞ է երջանկությունը։ Ո՞ր կոճակին սեղմեմ չտեսնված գոհ, շնորհակալ, աչքս կուշտ ու խիստ երախտապարտ դառնալու համար։
  • Ամենից առաջ հասկանում ես կյանքում, որ հիմարի մեկն ես։ Վերջում էլ հասկանում ես, որ նույն հիմարն ես։ Մտքի հետ էի մի ժամ։ Ու խելքիս հասավ. Լեո Աուֆմանը կույր է, կո՜ւյր... Ուզո՞ւմ եք իսկական Երջանկության մեքենան տեսնել։ Հազարավոր տարիներ առաջ են հորինել, ու դեռ գործում է, միշտ չէ, որ շա՛տ լավ, բայց դե գործում է։ Եվ աչքի առաջ է անընդհատ։
  • Ես չեմ հիշում, որ մեկնումեկը երբևէ հաղթած լինի մի տեղ։ Պատերազմում չեն հաղթում, Չարլի։ Միշտ տանուլ են տալիս, և վերջին տանուլ տվողը հաշվի է նստում ինչ-ինչ պայմանների հետ։ Իմ հիշողության մեջ միայն անհամար պարտություններ են մնացել ու դառնություն և ոչ մի լավ բան, բացի ամեն ինչի ավարտից։ Այ, ավարտը, Չարլի, հաղթանակ էր ինքնին, բայց դա արդեն կապ չունի թնդանոթների հետ։
  • - Մտածում եմ՝ ոնց է Աստված աշխարհը պահում։
- Դե վատ չի, Դագ,- ասաց Թոմը։- Գոնե ջանք է թափում։
  • Ես նրան ասել եմ, որ գլխարկի մեջ ճագար գտնելու հավանականությունը համարյա նույնքան է, ինչքան խելքի կտորի գոյությունը իմ ճանաչած որոշ մարդկանց ուղեղներում, բայց նա էլի ձեռք չի քաշում։
  • Ոչինչ, որ լիարժեք ապրելը սպանում է մարդուն. էդպես տենդահար ավելի լավ է, թեկուզ շուտ մեռնես։
  • - Աշխարհի մասին էլ ոչինչ չգիտեմ։
- Ասում են՝ իմաստությունը դրանից է սկսվում։ Տասնյոթ տարեկանում ամեն ինչ գիտես։ Երբ քսանյոթ ես ու առաջվա պես ամեն ինչ գիտես, ուրեմն դեռ տասնյոթ ես։
  • Ծերերի առավելությունն է, որ թվում են ամենագետ։ Բայց դա ներկայացում է ու դիմակ, ինչպես ամեն մի ուրիշ ներկայացում ու դիմակ։ Յուրայիններով մնալիս մենք՝ ծերերս, աչքով ենք անում իրար ու ժպտում, ասել է թե՝ ո՞նց է դիմակս, ներկայացումս, վստահությունս։
  • Կինը երբեք ապահովագրված չէ բամբասանքից, նույնիսկ իննսունհինգ տարեկանում։
  • Բարությունն ու խելքը տարիքով են պայմանավորված։ Քսան տարեկանում անսիրտ ու թեթևամիտ լինելը շատ ավելի հրապուրիչ է։
  • - Չգիտեմ,- ասաց նա։
- Ես էլ։ Այ թե ինչն է կյանքը դարձնում հետաքրքիր։
  • - Մի բան կա՞, որ լավ վերջանա։
- Շաբաթ օրվա ցերեկույթներին ցույց տված ֆիլմերը։
- Հա, բայց կյանքո՞ւմ։
- Ես է՛ն գիտեմ, որ ինձ շատ լավ եմ զգում իրիկունը քնելիս, Դագ։ Ուրեմն գոնե օրը մի անգամ վերջը լավ է լինում։ Մյուս առավոտ վեր կենալուց հետո մեկ էլ տեսնում ես՝ ամեն ինչ վատ է։ Բայց ես ուղղակի պիտի միտքս պահեմ, որ իրիկունը նորից պառկելու եմ, քնեմ ու մի քիչ պառկած մնամ թե չէ՝ ամեն ինչ էլի լավ է լինելու։
  • Մի կուշտ զռաս՝ ամեն ինչ կարգի է ընկնում։ Էս էլ քեզ լավ վերջանալը։
  • ՀԵՏԵՎԱԲԱՐ ԵԹԵ ՏՐԱՄՎԱՅՆԵՐՆ ՈՒ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵ ԸՆԴՄԻՇՏ ՀԵՌԱՆԱԼ ԿԱՄ ԺԱՆԳՈՏԵԼ, ԿԱՄ ՇԱՐՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ, ԿԱՄ ՄԵՌՆԵԼ, ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ, ԵԹԵ ՄԵԾ ՏԱՏԻ ՆՄԱՆ ՄԵԿԸ, ՈՐԸ ՊԻՏԻ ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵՐ ԿԱՐՈՂ Է ՄԵՌՆԵԼ... ԵԹԵ ԷՍ ԲՈԼՈՐԸ ՃԻՇՏ Է... ՈՒՐԵՄՆ ԵՍ՝ ԴԱԼԳԱՍ ՍՓՈԼԴԻՆԳՍ, ՄԻ ՕՐ... ՊԵՏՔ Է...
  • Լա՛վ հիշեք, ինչ որ ձեզ պետք է՝ կստանաք, եթե իրոք պետք է։ Սա է փորձությունը. հարց տվեք ձեզ. ուզո՞ւմ եմ դա ամբողջ սրտով։ Մինչև օրվա վերջը կապրե՞մ առանց դրա։ Եթե համոզված եք, որ մայրամուտին անշունչ կընկնեք, ուրեմն ճանկեք ձեր ուզածն ու փախեք։
  • Ոմանք շատ վաղ տարիքից են տրտմում,- ասաց,։ Կարծես առանձնակի պատճառ չկա, երևի ուղղակի էդպես են ի ծնե։ Հեշտ են կոտրվում, միանգամից հոգնում են, շուտ են արտասվում, ամեն ինչ մտապահում են և ասածիս պես վաղ տարիքից տրտմում՝ բոլորից էլ վաղ։
  • Ո՞նց շնորհակալ լինեմ պարոն Ջոնասին արածի համար,- խորհում էր Դագլասը։- Ո՞նց շնորհակալ լինեմ, լավության տակից ո՞նց դուրս գամ։ Ոչ մի ձև չկա, ոչ մի։ Տակից դուրս չես գա։ Ուրեմն ի՞նչ անեմ։ Ի՞նչ։ Միգուցե,- էլի էր խորհում նա,- ուրիշի՞ն լավություն անեմ։ Շղթան շարունակեմ, որ չընդհատվի։ Չորս կողմս նայեմ, մեկնումեկին գտնեմ ու ես էլ նրա՛ն լավություն անեմ։ Միակ ձևը դա է...
  • - Մատիտնե՜ր, Դագ, տա՜սը հազար մատիտ։
- Վա՛յ, ձեր ինչն ասեմ։
- Տարբեր գնանոց նոթատետրեր, ծոցագրքույկներ, ռետիններ, ջրաներկ, քանոններ, կողմնացույցներ. հարյո՜ւր հազար հատ։
- Մի՛ նայիր։ Երևի տեսիլք է։
- Չէ,- հուսահատորեն տնքաց Թոմը։- Դպրոցն է։ Արդեն քի՛չ մնաց։ Ախր ինչի՞, ինչի՞ համար են էս քոսոտ խանութները սրանք աչքդ մտցնում դեռ ամառը չվերջացած։ Արձակուրդի կե՜սը փչացրին։
  • Մյուս տարին ավելի հզոր կլինի, օրերը՝ ավելի պայծառ, գիշերները՝ ավելի երկար ու մութ, ավելի շատ մարդ կմեռնի, ավելի շատ երեխա կծնվի, ես էլ՝ էդ ամենի մեջ։
  • Տղաները պապի հետ իջան նկուղ, և քանի դեռ նա խատուտիկի գլխիկներն էր պոկոտում, նայում էին դարակներին հանգրվանած ամռանը՝ խատուտիկի գինու շշերին, որ անշարժ առկայծում էին շարան-շարան։ Քետչուպի այդ շշերը՝ մեկից մինչև իննսունքանիսը համարակալված, մեծ մասն արդեն լիքը, վառվռում էին նկուղի աղջամուղջում՝ յուրաքանչյուրը մատնանշելով ամռան մի կենդանի օր։
  • Իսկ էսպես, թեկուզ ձմեռ էլ լինի, անընդհատ մի երկու րոպեով էլի հայտնվում ես ամռանը, և երբ շշերը դատարկվեն, նոր միայն ամառն ընդմիշտ կհեռանա, ու ոչ ափսոսանք կմնա, ոչ էլ մի քառասուն տարի ոտքիդ տակ ընկնող սրտաշարժ զիբիլ։
  • Մեծանաք՝ դուք էլ կհամոզվեք, որ օրերը մի տեսակ աղոտանում են... մեկը մյուսից չեն տարբերվում։
  • Նա պառկեց անկողնում, իսկ շուրջը քաղաքն էր քուն մտել, և ձորն էր փռվել մթին, և լիճն էր մեղմիկ ծփում ափի մոտ, և ամենքը՝ նրա հարազատները, ընկերները, մեծ թե փոքր քնած էին այս ու այն փողոցի այս ու այն տանը կամ էլ քաղաքից դուրս՝ հեռավոր գերեզմանոցներում։
  • Հունիսյան լուսաբացները, հուլիսյան կեսօրները, օգոստոսյան երեկոները՝ ամեն ինչ կորել էր, վերջացել, ավարտվել, ամեն ինչ ընդմիշտ անցել-գնացել էր, և միայն վերհուշն էր գլխում մնացել։ Հիմա մի ամբողջ աշուն կար առջևում, ճերմակաձյուն ձմեռ, հովիկ-մովիկ ու կանաչոտ գարուն անցած ամառն ամփոփելու, հանրագումարի բերելու համար։ Եվ եթե ինչ-որ բան հանկարծ մոռանար, խատուտիկի գինին նկուղում էր, ամեն շիշը՝ համարակալած, ամեն օրը՝ նշված։ Կարելի էր հաճախ իջնել նկուղ, աչքերը հառել ուղիղ արևին, մինչև որ այլևս չկարողանար նայել, հետո փակել աչքերն ու կեծ-կրակ խայտերը քննել՝ տեսածից մնացած փութանցիկ սպիները, որ պար կբռնեին տաքշող կոպերին, և դասավորել ու վերադասավորել ամեն հուրք ու արտացոլք, մինչև որ պատկերը հստակվի...

Աղբյուրներ[խմբագրել]

  • «Խատուտիկի գինի», Ռեյ Բրեդբըրի, Երևան, 2016։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Խատուտիկի գինի հոդվածը նաև Վիքիպեդիայում: