Մեսրոպ Մաշտոց
Արտաքին տեսք
Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362 — փետրվարի 17, 440), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։
Առաջին նախադասություն գրված հայերենով, թարգմանված Աստվածաշնչից, Սողոմոնի «Առակաց» գրքից
[խմբագրել]- «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ… »
(Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը...)
Քաղվածքներ
[խմբագրել]- Թե հեծեծես, կեցցե՛ս[1]։
Մեսրոպ Մաշտոցի մասին
[խմբագրել]- Մտքով ստեղծող, խոսքով՝ պայծառ, գործով՝ համբերող, սիրով՝ անկեղծ, սովորեցնելու մեջ՝ չձանձրացող, և նրա վարքի մեջ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք չկարողացան տեղ գտնել[2]։
- Մեսրոպ Մաշտոցի տառերը փրկեցին հայ լեզուն և մշակույթը բուզանդական խառնարանի մեջ սուզվելուց, նաև այդ նպատակով հայությունը չհարեց քաղկեդոնականությանը, թեև մնաց մենակ, բայց իր ինքնությամբ, իր մշակույթով, իր ոգով[2]։
- Գուցե մի ուրիշը հանգիստ խղճով շարունակեր իր գործը՝ ուրախ լինելով, որ Աստծո գործը հաստատվեց հեթանոսության բնի մեջ։ Բայց Մեսրոպը մեծ, զգայուն սրտի տեր մարդ էր։ Նա չուրախացավ, ընդհակառակը, հաղթությունը դառը տրտմություն էր նրա համար... Նա զգում էր, որ մարդը գավազանից չէ կրթություն ստանում, համոզմունք կազմում, որ նրան պետք է սովորեցնել, նրա սրտում պետք է մշակություն անել, սերմեր տնկել։ Քարոզչությունը չի օգնում... Առաջ գիրք...
- Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն է, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը[2]։
- Հայոց այբուբենի գյուտը ուշագրավ է նաև այն տեսանկյուից, որ այն իրենից ներկայացնում է մի արտակարգ մշակութային և պատամական երևույթ՝ որպես մինչ այդ գրականություն չունեցող մի ժողովրդի քրիստոնեական ազգային զարգացման փրկության գործողություն, ժողովուրդ, որը նույնիսկ Հայաստանի պետական ինքնուրույնության կորստից շատ քիչ առաջ կարողացավ պահպանել հայկական ուրույն կերպարը օտար ազգերի հետ միաձուլվելու վտանգից և կյանքի կոչեց համեմատաբար հարուստ մի մատենագրություն՝ հատկապես պատմական և աստվածաբանական բովանդակությամբ[2]։
- Հ. Մարկվարտ
- Առաջին մարդը, որ հոգացել է հայերեն գրի ու գրականության կամ, ինչպես այն ժամանակ ասում էին, դպրության մասին, Մեսրոպ Մաշտոցն է։ Նա հիմք է դրել հայ գրականության և հայերեն լեզվով դպրոցի[3]։
- Մեսրոպ Մաշտոցն էր դա։ Զարմանալի անխոնջ, աշխույժ և մինչև իր կյանքի վերջը շարժուն մնացող մի կրոնավոր, որ իր ոգևորությունը գիտեր ներշնչել ամենքին, որ ուներ գրավիչ դառնալու հմայք և թովիչ եռանդ[3]։
- Ահա թե ինչու Մաշտոցն է իսկական հեղինակն ու կազմակերպիչը մեր քաղաքական պայքարի երկու բախտորոշ հաղթանակների՝ ոչ միայն գրերի գյուտի, որի շարունակությունն էր Ավարայրը, այլ նաև Դվինի ժողովի, որ պիտի Քաղկեդոնին ասեր՝ «ոչ»։ Ահա թե ինչու Մեսրոպն է մեր մեծագույն և անբացատրելի քաղաքագետը[3]։
- Հայ ժողովրդի ինքնությանը սպառնացող և հետզհետե կուտակվող ու սաստկացող այդ մոլեգին ամպերի ահեղ ամպրոպի ու որոտի միջավայրում հայ ժողովրդի ծոցից, ինչպես Վահագնը եղեգնի փողից, դուրս եկավ մի նոր վիշապաքաղ ուժ՝ արևային Մեսրոպ Մաշտոցը, որն իր ջերմությամբ ու իր լույսով ցրեց շրջապատի խավարն ու սառնությունը, լույս տվեց հայ ժողովրդին, ջերմացրեց նրա հոգին հայրենասիրության ու ազգային գիտակցության անշեջ հրով[3]։
- Ընդունված է ասել, թե ովքեր որևէ լեզվի այբուբեն են հորինել, մեծագույն հնչույթաբան են եղել. դա ճիշտ է, իհարկե, և առավելագույն չափով վերաբերում է Մեսրոպին։ Բայց Մեսրոպ Մաշտոցը հնչույթաբան չի եղել. նա եղել է իր ժամանակի մեծագույն լեզվաբանը՝ բառիս ամենալայն առումով...[3]
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 140. ISBN 99930-2-263-2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 3։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 4։