Քաջ Նազար (հեքիաթ-կոմեդիա)
Արտաքին տեսք
«Քաջ Նազար», Դերենիկ Դեմիրճյանի դրամաներից։ Գրվել է 1923 թվականին։ Պիեսը վախկոտի՝ բախտի կամ հանգամանքների բերմամբ տիրակալ դառնալու հավերժական թեմայի մշակումներից մեկն է։
Դրամայի մասին
[խմբագրել]- Քաջնազարությունն անցողիկ երևույթ չէ, այն ապրում է բոլոր ժամանակներում, տարբեր տեսակներով ու դրսևորումներով։ Այն երևույթը կա կենցաղում, մարդկային հարաբերությունների մեջ, հանդիպում է ամեն օր մարդկանց մեջ, ճիշտ այնպես, ինչպես համլետյան երկվությունը, որը չի ճանաչում ժամանակ ու տարածություն, ճիշտ այնպես, ինչպես հավիտենական որոնող, երազող Դոն Քիշոտի բարի ոգին[1]։
- «Քաջ Նազարը», ամբողջությամբ ասած, ժողովրդական խոսքի մի անձեռակերտ հյուսվածք է։ Սակայն հիմնականը ժողովրդական լեզվամտածողության վրա հիմնված դարձվածաբանությունն է, բառերի յուրահատուկ շղթայավորումը, բուն հայկական ազգային լեզվաոճական պատկերավորումներից ծնված բառակապակցությունները[1]։։
- Մայա Ավագյան
- «Քաջ Նազարը». ահա մի գործ, մի հեքիաթ-կոմեդիա, փոքր մեծերի և մեծ փոքրերի համար, որ անմիջապես գրավեց հանուրի ուշադրությունը և հիացմունքը, որը հետագայում արժանացավ նաև օտարազգի ընթերցողների, գրականագետների խորին հետաքրքրությանը։ Հայտնությունը միայն Քաջ Նազարի՝ այդ ցնորամիտ ու բախտախնդիր, ապիկար ու զվարճալի, կոպիտ ու դաժան մարդու կերպարը չէր։ Պիեսում հանդես եկան նրանք, որոնց միջավայրում ծնվում է նման մարդը, որոնք օգնում են այդպիսի արարածին՝ ելնել մեծության աստիճաններով, հասնել աշխարհակալության բանդագուշանքին, այդ բթամիտ, վախկոտ հսկաները, քծնության գերագույն մարմնացում-սենեկապետները, մի շարք հիմնական ու էպիզոդիկ, բայց խորապես տպավորվող կերպարներ, որոնք իրենց բնավորությամբ, իրենց հատուկ խոսքով ու ոճով, իրենց արտառոց մտքերով հարստացնում են հեքիաթի բանահյուսական տարբերակը՝ դարձնելով պիեսը մի ինքնուրույն, բարձր արվեստի գեղարվեստական երկ։
- Միայն «Քաջ Նազարով» Դեմիրճյանը կարող է մտնել անմահների շարքը[1]։
- Քաջ Նազարը ինձ համար, որպես մարդ, մի սարսափելի ոչնչություն է՝ իր ծիծաղելի ֆանտազիաներով, որ իբր թե մարդկանց է կոտորում։ Այո՛, նա սարսափելի մարդ է, որը երբ ձեռքին ուժ ու հնար ունենա, մարդկանց իրոք կկոտորի, ինչպես ճանճերի[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- ՆԱԶԱՐ – Բայց մտքումս դրել եմ, պիտի աշխարհքը ջնջեմ, ճանճերից եմ սկսել։
- ՏԻՐԱՑՈՒ – Ժամանակի նշան է։
- ՆԱԶԱՐ – Էդպես է մեր սովորությունը։ Մենք էլ գործ չունենք։ Մեր գործը ջարդելն է։
- ԹԱՄԱԴԱ – Հիմի Աստված որ հաջողի` սաղ աշխարհքը ջարդելու ե՞ս
- ՆԱԶԱՐ – Մտքներս էդ է։
- ՆԱԶԱՐ – Ես չէի կարող սպանել։ Ափսոս։ Հազիվ մի ձի արել, նստել քշում էի։ Վագրին էլ մարդ ձեռ տա՞։ Անվնաս անասուն։
- ՆԱԶԱՐ – Վա՞խ, ի՞նչ բան է վախը։ (Խմում է)։
- ՄԻՆԸ – Բա քաջությունն ի՞նչ տեսակ բան է, որ քաջերը միշտ էսպես են խոսում։
- ՆԱԶԱՐ – Քաջությո՞ւնը... դատարկ բան է քաջությունը։ Ահա էսպես բռնում եմ հսկաներին (Ցույց է տալիս), էսպես խփում, գլուխները թռցնում. դա եղավ քաջությո՞ւն։ Այ քաջությունն էն է, որ իմանաս, թե ի՞նչ բան է վախը։ (Խմում է)։
- ՄԻՆԸ – Այ քաջ։ Բաս էնդուր ես անվախ կռվում, է ՜:
- ՆԱԶԱՐ – Կռի՞վ, ո՞վ է կռվում։ Հենց գիտես թե ե՞ս։ Կռիվը ինքը իրեն-իրեն կռվում է։ Կռվի միջին իսկի միտս էլ չի, թե կռվում եմ։
- ՆԱԶԱՐ – Ի՜ ի՜ ի՜ ա՜յ-շի, ի՞նչ քաջություն, ի՞նչ խելք, ի՞նչ զառաֆաթ։ Բախտն է բանը, բախտը։ Բախտ ունի՞ս, քեֆ արա, քոնն է աշխարհքը։ Քամին կպտտի, կպտտի՝ կբերի հարստությունը գլխիդ կածի։ (Երգում է) Այ, տես, բախտ չի՞։ Կռիվ է։ Կոտորվում են ճանճի պես։ Ասող լինի՝ էդ ո՞ւմ համար եք էդպես կոտորվում։ Իհարկե Նազարի համար։ Նրանք կոտորվում են, մենք ճաշ ենք անուշ անում։ Հիմի կռիվը կվերջանա։ Թե կոտորվեցին՝ ինձ ի՞նչ։ Թե չկոտորվեցին փառք ու պատիվը ո՞ւմ պիտի տան։ Իհարկե Նազարին։ Էստեղ ինչ անի իմ խելքը։ Ի՞նչ անի քաջությունը։ Բախտի բան է։
- ՈՒՍՏԻԱՆ – Ասում ես բախտի բա՞ն, հը՞...
- ՆԱԶԱՐ – Դրուստն ես ուզո՞ւմ։ Մի ժամանակ կար, նեղը որ ընկնում էի վախում էի։ Վերջը տեսա, որ ամեն տեղ էլ դուրս եմ պրծնում։ Հիմի էլ տեսնում եմ, որ հերն անիծած... քե՜ֆ արա, մարդիկ էնքան սարսաղ են, որ ամեն տեղ էլ կպրծացնեն։ Սարսաղ աշխարհք է, սարսաղ մարդիկ։ Աշխարհք էսպես սարսաղ է եկել, սարսաղ էլ պիտի գնա։
- ՆԱԶԱՐ – Ու հիմի, գյադեք, ահա ես իմ բերնով հրամանք եմ անում ձեզ, որ իմ ցեղս սուրբ է, իմացիր, գյադա, որ ժողովուրդը ինձ համար է ծնվում, ինձ համար ապրում, ինձ համար մեռնում։ Ժողովուրդը պիտի աշխատի, ես ուտեմ։ Դրա համար էլ ուզում եմ, որ սրբերի դասը դասվեմ։
Արտաքին հղումներ
[խմբագրել]