Jump to content

Ռուդոլֆ Շտայներ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Շթայներ Ռուդոլֆից)
Ռուդոլֆ Շտայները

Ռուդոլֆ Յոզեֆ Լորենց Շտայներ (գերմ.՝ Rudolf Joseph Lorenz Steiner, փետրվարի 25 կամ 27, 1861մարտի 30, 1925), ավստրիացի փիլիսոփա և ճարտարապետ։

Քաղվածքներ

[խմբագրել]

Ազատության փիլիսոփայություն

[խմբագրել]
  • Անհնար է ամբողջովին հասկանալ մարդուն, եթե նրա մասին դատելիս հիմքում դրվում է տեսակի հասկացությունը։ Ըստ տեսակի դատողություններ անելիս ամենամեծ համառությունը դրսևորվում է այն դեպքում, երբ խոսքը մարդու սեռի մասին է։ Տղամարդը կնոջ, կինը տղամարդու մեջ գրեթե միշտ չափազանց շատ բան են տեսնում մյուս սեռի ընդհանուր բնութագրից և չափից քիչ բան՝ անհատականից։ Գործնական կյանքում դա տղամարդկանց ավելի քիչ է վնասում, քան կանանց։ Կնոջ սոցիալական դիրքը մեծ մասամբ այն պատճառով է այդքան անարժան, որ շատ կետերում, որտեղ պիտի լիներ այդպիսին, պայմանավորված է ոչ թե առանձին կնոջ անհատական հատկություններով, այլ ընդհանուր պատկերացումներով, որոնք կազմվում են կնոջ բնական խնդիրների և պահանջների մասին։ Կյանքում տղամարդու գործելակերպն ուղղորդվում է նրա անհատական ընդունակություններով և հակումներով, մինչդեռ կնոջ գործունեությունը պետք է բացառապես պայմանավորվի այն հանգամանքով, որ նա հենց կին է։ Կինը պետք է լինի տեսակային որակի, ընդհանուր-իգականի ստրուկը։ Քանի դեռ տղամարդիկ են բանավիճում, թե արդյո՞ք կինն «իր բնական հակվածությամբ» ընդունակ է այս կամ այն մասնագիտության, այսպես կոչված կանանց հարցը դուրս չի գա իր տարրական փուլից։ Պետք է կնոջը թողնել դատելու, թե կինն իր բնությամբ ինչ կարող է կամենալ։ Եթե ճշմարիտ է, որ կանայք պիտանի են միայն այն կոչման համար, ինչ նրանց տրված է հիմա, ապա նրանք հենց իրենցով հազիվ թե հասնեն որևէ այլ կոչման։ Բայց նրանք իրեն պիտի կարողանան վճռել, թե ինչն է համապատասխանում իրենց բնությանը։ Ով երկյուղում է, թե մեր սոցիալական վիճակը կցնցվի, եթե կինն ընդունվի ոչ թե որպես տեսակային մարդ, այլ անհատ, նրան պետք է առարկել, որ սոցիալական այն վիճակը, երբ մարդկության կեսը վարում է մարդուն անվայել գործողություն, խիստ կարիք ունի բարելավման[1]։
  • Մարդն ազատ է միայն, եթե իր կյանքի ամեն մի ակնթարթին ի վիճակի է հետևելու ինքն իրեն։ Բարոյական արարքը այն դեպքում է միայն իմ արարքը, եթե այս ըմբռնմամբ կարող է անվանվել ազատ։ Այստեղ նախ խոսքն այն մասին է, թե ինչ նախադրյալների դեպքում է կամեցված գործողությունն ընկալվում որպես ազատ։ Թե ինչպես է զուտ էթիկապես ըմբռնված ազատության գաղափարը իրականանում մարդու էության մեջ, ցույց կտրվի ստորև[1]։
  • Ազատությունից կատարված գործողությունը ոչ թե բացառում է բարոյական օրենքները, այլ ներառում դրանք։ Միայն թե այդ գործողությունն ավելի բարձր է կանգնած սոսկ օրենքների կողմից թելադրված գործողությունից։ Ինչո՞ւ պետք է սիրուց կատարված իմ գործողությունն ավելի քիչ ծառայի համընդհանուր բարօրությանը, քան գործողությունը, որ կատարել եմ միայն այն պատճառով, որովհետև համընդհանու բարօրությանը ծառայելը ես ընկալում եմ որպես պարտք։ Սոսկ պարտքի հասկացությունը բացառում է ազատությունը, որովհետև չի կամենում ընդունել անհատականը, այլ պահանջում է վերջինիս ենթարկումը համընդհանուր որևէ նորմի։ Գործողությունների ազատությունը մտածելի է միայն էթիկական ինդիվիդուալիզմի դիրքից[1]։
  • Բարոյապես ազատ մարդկանց համար բարոյական թյուրըմբռնումը, բախումը բացառված է։ Միայն բարոյապես անազատը, որ հետևում է բնական մղման կամ ընդունված պարտադիր պատվիրանի, միայն նա է վանում իրենից դիմացինին, եթե սա չի հետևում նույն բնազդին և նույն պատվիրանին։ Գործելու հանդեպ սիրո մեջ ապրել և օտար կամեության նկատմամբ դրսևորվող ըմբռնողությամբ թողնել, որ ուրիշն էլ ապրի՝ սա է ազատ մարդկանց հիմնական մոտեցումը։ Նրանք չգիտեն այլ պիտոյություն բացի այն, ինչի հետ ինտուիտիվ ներդաշնակության մեջ է մտնում իրենց կամեությունը։ Թե յուրաքանչյուր առանձին դեպքում նրանք ինչպես կկամեն, նրանց կհուշի սեփական գաղափարային կարողությունը[1]։
  • Ազատ լինել նշանակում է գործողության հիմքում ընկած պատկերացումները (դրդապատճառները) բարոյական երևակայությամբ սեփական անձից ելնելով որոշարկել կարողանալ։ Ազատությունն անհնար է, եթե ինձանից դուրս գտնվող ինչ-որ բան (մեխանիկական պրոցես կամ սոսկ եզրահանգված արտաշխարհային աստված) է որոշարկում իմ բարոյական պատկերացումները։ Այսպիսով, ես միայն այն դեպքում եմ ազատ, երբ ես ինքս եմ այդ պատկերացումների հեղինակը, ոչ թե երբ կարող եմ իրագործել մեկ ուրիշ էակի կողմից իմ մեջ դրած դրդապատճառները։ Ազատ էակ է նա, ով կարող է կամենալ, ինչ ինքն է ճշմարիտ համարում։ Ով այլ բան է անում, քան ինքն է ուզում, նրան այդ այլ բանին մղում են մոտիվներ, որ իր մեջ չեն։ Նման մեկը գործում է անազատորեն[1]։
  • Որոշ հանգամանքներում կարելի է մարդուն դրդել հրաժարվելու այն բանի իրագործումից, ինչ ինքն է կամենում։ Բայց կարգադրել, թե նա ինչ պիտի անի, այսինքն՝ կամենալ այն, ինչ մեկ ուրիշն է ճշմարիտ համարում և ոչ թե ինքը, հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա իրեն ազատ չի զգում։
Արտաքին ուժերը կարող են խոչընդոտել ինձ անելու իմ կամեցածը։ Այդ դեպքում դրանք ինձ պարզապես մատնում են անգործության կամ անազատության։ Եվ երբ դրանք կամենում են ստրկացնել իմ ոգին, գլխիցս հանել իմ դրդապատճառները և դրանց տեղը դնել իրենցը, միայն այդ դեպքում են դրանք մտադիր զրկել ինձ ազատությունից։ Այդ պատճառով էլ եկեղեցին դեմ է ոչ թե պարզապես արարքին, այլ հենց անմաքուր մտքերին, այսինքն՝ իմ գործունեության դրդապատճառներին։ Եկեղեցին ինձ անազատ է դարձնում, երբ իրեն անմաքուր են թվում այն բոլոր դրդապատճառները, որ ինքը չի հաստատել։ Եկեղեցի լինի թե մեկ այլ հանրույթ, դրանք անազատություն են սերմանում, երբ դրանց քարոզիչները կամ ուսուցիչները իրենք իրենց համարում են խղճի տիրակալներ, այն է՝ երբ հավատացյալները ստիպված են իրենց գործողությունների դրդապատճառները ստանալ նրանցից (խոստովանարանից)[1]։
  • Ով ուզում է բնաջնջել մարդու փափագի բավարարումից ստացված հաճույքը, նա մարդուն նախ պետք է դարձնի ստրուկ, որը գործում է ոչ թե այն պատճառով, որովհետև ինքն է կամենում, այլ ընդամենը որովհետև պարտավոր է։ Քանզի կամեցածին հասնելը հաճույք է պատճառում։ Բարի կոչվածը ոչ թե այն է, ինչ մարդը պարտավոր է, այլ այն, ինչ նա կամում է մարդկային ողջ ճշմարիտ բնությունը ծավալելիս։ Ով սա չի ընդունում, նախ պետք է մարդու միջից հանի այն, ինչ նա է ուզում, և ապա նրան դրսից թելադրի, թե ինչ բովանդակություն տա իր կամեությանը[1]։

Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ

[խմբագրել]
  • Որպես օրինակ վերցնենք հետևյալը. գերմաներենում գլուխն անվանում են Kopf, ֆրանսերենում՝ tête, իտալերենում՝ testa և այլն։ Սակայն ի՞նչ է վկայում այդ փաստը։ Թե՛ մարդու և թե՛ կենդանու գլուխը մենք անվանում ենք այն նույն հիմունքով, ինչ կաղամբի գլուխը՝ ելնելով առարկայի կլոր, գնդաձև լինելու հանգամանքից։ Այսպիսով, այն, ինչը գերմաներենում նշանակում է «գլուխ», ոճավորված է ձևի հարաբերությամբ։ Tête, testa բառերը կազմված են «վկայություն տալու» (մի բան վկայելում հաստատելու) հարաբերությամբ։ Այստեղ մարդկային օրգանիզմի նույն անդամը մատնանշելու համար ընդունված է բոլորովին այլ հայեցակետ։ Գերմաներենում ոտքը կոչվում է Fuss, ինչը հարաբերակցվում է «հուն», «ակոս» գաղափարների՝ հողի վրա ոտքի թողած հետքի հետ. սա է այն տեսանկյունը, որով մենք՝ գերմանացիներս, ներայացնում ենք մարդկային օրգանիզմի այս անդամը։ Այնինչ ֆրանսերեն pied բառը կապված է կանգնեցնելու՝ գետնի վրա կանգուն վիճակով պահվելու մատնանշման հետ, ինչը բոլորովին այլ բան է։ Ուստի բառի հետ ունեցած տարբեր արժեքները բխում են տարբեր հայեցակետերից։ Միևնույն իրերը, միանգամայն որոշակի ենթահիմքերից ելնելով, նշանակելու այսձտգման շնորհիվ ժողովրդի բնավորության մե տպավորվում է այն ենթագիտակցականը, որը սովորաբար գրեթե չի գրավում մարդու ուշադրությունը։
  • ... Դա հենց այն է, ինչը հոգու համար հանդես է գալիս որպես հարաբերակցություն լեզվի հետ՝ շատ ավելի ներքնային մի բան, քան մարդու՝ լեզվի հետ ունեցած առօրեական, սովորական, ընդհանուր հարաբերությունը։ Հոգին ներքնորեն շատ լավ է զգում այդ տարբերությունը, երբ ոտքը մի դեպքում մատնանշվում է ինչ-որ բանի վրա կանգնելու, իսկ մի այլ դեպքում՝ հողին հետք թողնելու հիմունքով։ Հոգին զգում է այդ ամենը արտաքնապես՝ վերացականորեն, մինչդեռ մարդն ընկալում է միայն բառի հարաբերությունը մարմնի որոշակի անդամի հետ։ Իր լեզվազգացողությամբ հոգին ներքնորեն շատ է մերձենում այն գոյաձևին, որը նրան հատուկ է ապամարմնավորված վիճակում։ Եվ այն, ինչ մարդն իր սովորական կյանքում բազմիցս առիթ է ունենում ընկալելու որպես լեզվի եզակիություն, լեզուն պատում է լոկ մակերեսային շերտի տեսքով։ Իսկական բանաստեղծն ըստ էության միայն նա է, ով օժտված է լեզվի այդ ներքնային շերտի ավելի նուրբ զգացողությամբ։ Իսկական բանաստեղծը նա է, ով իսկապես համավերապրում է լեզվի իմագինատիվ կողմը, ճիշտ այնպես, ինչպես ճշմարիտ նկարիչ կամ քանդակագործ ըստ էության ոչ թե նա է, ով պարզապես նկարում կամ քանդակում է, այլ նա, ով գիտե ապրել գույների և ձևերի աշխարհում[2]։
  • Արդեն վաղուց են խոսում այն մասին, որ դաստիարակության և դասավանդման մեջ ինտելեկտուալիզմը խեղդիչ ազդեցություն է թողնում։ Մարդ պետք է տեսնի ոչ միայն մեկ ուրիշի մտավոր ակտիվությունը, այլ նաև նրա հոգևոր հարստությունը[3]։
  • Սոցիալական փոխհարաբերությունների համար կարող է առողջարար լինել միայն այնպիսի դրությունը, երբ մարդ գոյություն ունի ոչ թե իր աշխատանքի, այլ հասարակության ուրիշ միջոցների հաշվին։ Աշխատանքն իրական արժեք կստանա միայն այն պարագայում, եթե չվարձատրվի որպես այդպիսին[4]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ռուդոլֆ Շտայներ (1998). Հրաչյա Ստեփանյան, Արա Գուրզադյան. ed. Ազատության փիլիսոփայություն. Սարգիս Խաչենց. ISBN 99930-59-00-6. 
  2. Էդվարդ Աթայան, Անկախության Իմաստը, Հոդվածներ և թարգմանություններ, Սարգիս Խաչենց, Փրիթինֆո, Երևան, 2010, 127-128, ISBN 978-99930-59-79-0: Լեզուն և սոցիալական կյանքի եռանդամությունը (Հատվածներ «Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ» դասախոսությունից, 1919թ.)
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 31. ISBN 99930-2-263-2. 
  4. Էդվարդ Աթայան, Անկախության Իմաստը, Հոդվածներ և թարգմանություններ, Սարգիս Խաչենց, Փրիթինֆո, Երևան, 2010, 127-128, ISBN 978-99930-59-79-0: Սոցիալական կյանքի եռանդամություն, էջ 153


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռուդոլֆ Շտայներ հոդվածը նաև Վիքիպեդիայում: