Jump to content

Եվ այր մի` Մաշտոց անուն

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Եվ այր մի Մաշտոց անունից)

«Եվ այր մի` Մաշտոց անուն», Պարույր Սևակի պոեմներից։ Գրվել է 1952-53 թվականներին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Նրանք ծնվում են, որ ապացուցեն,

Թե հրաշք չկա՜,
Կա միայն կարի՛ք։
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...[1]

  • ...Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,

Իսկ ապրելն... արդեն անկարելի է[2]։

  • Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց։

Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր։
 
Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ,
Որ նո՛ւյնպես չկար[3]։

  • Զորքից հետո

Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում[4]։

  • Մենք բռնությունից խույս էինք տալիս՝

Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ[5] :
 

  • Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,

Ձո՛ւկ,
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից
Իր փորը վառած՝
Կիսաբաց բերնով
Երկընքից անջուր
Գոնե անձրևի շիթ էր պահանջում[5] :
 

  • Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք

Ձևը վարսանդի
Եվ կոչում կարաս,
Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր,
Եվ մկըրտության այդ ջուրը դեղին
Հարբածությունից նույնիսկ առավել
Զարմանք էր ազդում այն գոռոզներին,
Որ մեզ այնուհետ
Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»[6]  :
 

  • Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն,

Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր
Եվ... կոչում Գառնի...[6]
 

  • Արշակները մեր՝

Հայրենի հողին ոտքով շփվելով,
Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում
Եվ ըմբերանում տիրակալներին[6]։
 

  • Ճշտախոս էին աստվածները հին,

Ճշտախոս էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ էին նրանք անվանում,
Իսկ իրենց՝ աստված։
 
Իսկ եբրայեցին ասաց. «Մարդ եմ ես»,
Եվ... դարձավ աստված՝
«Մարդ եմ» ասելով...[7]
 
...Զորավոր էին աստվածները հին,
Այնքա՛ն զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում։
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի՛ ստում՝ պիտի կործանվի՜...[8]

  • Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի

Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,
Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել Նրանց[9]։

  • Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.

Հզոր թե տկար՝
Մարմին էինք մենք։
 
Սակայն Նա եկավ, որ Հոգի՛ դառնա,
Շոշափվո՜ղ հոգի,
Եվ անմե՜ռ հոգի։
 
Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Քիչ թե շատ՝ կար հաց,
Եվ ունեինք ջուր։
 
Սակայն Նա ծնվեց, որ Սնո՜ւնդ դառնա։
 
Ծնվե՛ց, որ ծնե՜նք,
Եղա՛վ, որ լինե՜նք,
Եվ անմահացա՛վ,
Որ անմահանա՜նք...[10]

  • Մաշտո՜ց...

Այսինքըն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու,
Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ։
 
Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
Թե հրաշք չկա՜,
Այլ կա լոկ կարի՛ք։
 
Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...[11]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 322։
  2. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 313:
  3. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 315:
  4. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 316-317:
  5. 5,0 5,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 308։
  6. 6,0 6,1 6,2 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 309։
  7. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 311։
  8. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 311-312։
  9. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 321:
  10. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 323-324։
  11. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 330։

Արտաքին հղումներ

[խմբագրել]