Վահագն Դավթյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Դավթյան Վահագնից)
Վահագն Դավթյան (օգոստոսի 15, 1922 — 1996), հայ բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ավելի հաճելի է նվեր ստանալու հույսը, քան ստացած նվերը[1]։
- Միջնադարում Բագրատունիների օրոք մեր երկիրը, հատկապես քաղաքամայր Անին, այնպիսի ծաղկում էին ապրել, որ արաբները իրենք մեզ շնորհեցին անկախության թագը[2]։
- …Իսկ լքված ու ավերված գյուղե՞րը: Դրանք վերքեր են Հայաստանի մարմնի վրա, որոնց ճշգրիտ ախտորոշումը ոչ մի գիտնական դեռ չի տվել և չի կանխորոշել դրանց բերած արհավիրքների մեծությունը:
- Լքված գյուղերը լոկ լքված տներ, հողեր ու այգիներ չեն. լքված անցյալ է դա, լքված պատմություն, դարերով ստեղծված բարոյականության, աշխատանքային ավանդների լքված սրբություն, լքված բանահյուսություն, կենդանի լեզվի ու ոճերի, իմաստուն ասացվածքների հանգած քուրա և, վերջապես գրողների, բանաստեղծների, արվեստագետների, հայագետների, ազգագրագետների ամայի ծննդատուն… Ես չեմ հավատում, որ ասֆալտի վրա կարող են բանաստեղծներ և առհասարակ արվեստագետներ ծնվել: Ճշմարիտ արվեստագետների կնքահայրը բնությունն է, խոստովանատեղին` լեռը, անտառը, դաշտը, կիրճը, քարանձավը, իսկ բարոյականությունն ու աշխատանքային ազնվությունը` խոստովանահայրը: Վերհիշեցեք մեր արվեստի մեծությունների կենսագրությունները և կհամոզվեք դրանում:
- Ուրեմն գյուղերի պարպումը հոգիների պարպում, հիշողության հանգում է նշանակում նաև…[3]
- Պատմության մոռացությունը ծանր հիվանդություն է, որ խեղանդամում է հոգին, այնտեղից դուրս մղում՝ սրբացած ավանդույթների, բարոյական բարձր ու ստուգված արժեքների կենարար ուժը և ուզածդ ժողովրդի շատ արագորեն կարող է վերածել մի անկազմակերպ, սպառողական հոգեբանությամբ ապրող, հայրենի հողի, մայրենի լեզվի նկատմամբ՝ անտարբեր ամբոխի[3]:
- …Ես խոր հավատ ունեմ հայոց լեզվի նկատմամբ: Այն լեզուն, որ նախագրային շրջանում կարողացել է Գողթան երգեր ստեղծել, այն լեզուն , որ գրավոր դառնալուց անմիջապես հետո կարողացել է Աստվածաշունչ թարգմանել, այն լեզուն, որ այն պահին, երբ թվում էր մահանա պիտի, Չարենց է ծնել, այդ լեզուն չի կարող մահանալ… Իմ ամենամեծ սերերից մեկը հայոց լեզուն է[3]:
Վահագն Դավթյանի մասին
[խմբագրել]Վահագնի բանաստեղծությունները համակված են մի ճնշիչ թախիծով։ Դա մանկական ներքնաշխարհից դուրս եկած և իրական կյանքը տեսած, սակայն այն դեռ չընկալած, այն դեռ գիտակցորեն չճանաչած պատանու թախիծն է, այսինքն ժամանակավոր մի երևույթ, մի անխուսափելի հյուր, որոնք հյուրընկալում են բոլոր սրտերը երջանիկ անգիտությունից դեպի դժվարին գիտակցությունը ընկած ճանապարհին; Այդ այն պահն է, երբ ունեցածդ կորցրել ես և դժվարանում ես հաշտվել այդ մտքին, երբ դեռ չես հասել այն կորցնելու անխուսափելիության գիտակցությանը։
Դա մանկական աշխարհի կորստյան թախիծն է[4]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 8. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 166. ISBN 99930-2-263-2.
- ↑ 3,0 3,1 3,2 Վահագն Դավթյան․ «Ի սկզբանե էր բանն…»
- ↑ Վ. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 57։