Փոքրիկ իշխանը
Արտաքին տեսք
«Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի արիստոկրատ, գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպը, որը հրատարակվել է 1943 թվականին։ Համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը։ Վեպն առաջին անգամ հայերեն է թարգմանվել 1985 թվականին։ Թարգմանիչ՝ Ս․ Հարությունյան[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել։
- Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել։ Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ ես նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ։
- Մեծահասակները թվեր շատ են սիրում։ Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին։ Երբեք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա։ Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ։ Թիթեռներ բռնու՞մ է, թե՞ ոչ»։ Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է։ Քանի՞ եղբայր ունի։ Քաշն ինչքա՞ն է։ Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»։ Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն։
- Երբ մեծահասակներին ասում ես. «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը։ Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»։ Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»։
- Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, որ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։
- Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին։ Երևի ծերանում եմ։
- Ծաղիկները թույլ են ու բարի։ Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ։ Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան։
- Եթե դու մի ծաղիկ ես սիրում միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա. Դա արդեն բավական է։ Դու նայում ես երկնքին ու դու քեզ երջանիկ ես զգում։ Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ տեղ, ապրում է իմ ծաղիկը…»։ Բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն։ Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ…
- Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները։ Հարկավոր է ուղղակի նայել նրանց և շնչել նրանց բույրը։ Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել էր ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ։
- Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը։ Ես չպետք է փախչեի։ Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի։ Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի։
- -Այո, այո, ես սիրում եմ քեզ,-լսեց նա։- Ես եմ մեղավոր, որ դու չգիտեիր այդ։ Բայց դա կարևոր էլ չէ։ Ասենք, դու էլ էիր ինձ նման հիմար։ Աշխատիր երջանիկ լինել…
- Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ։ Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի։ Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի։
- -Այդ դեպքում ինքդ դատիր,-ասաց թագավորը։- Դա ամենադժվար բանն է։ Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է։ Եթե դու կարողանաս ինքդ քեզ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես։
- Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են։
- Այսպիսի փոքրիկ բաներ են… ոսկեգույն, ամեն մի ծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել։ Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ։
- Թագավորները ոչնչի չեն տիրում.. նրանք միայն կառավարում են…
- Նրա աշխատանքի մեջ այնուամենայնիվ իմաստ կա։ Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում։ Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն է մտնում։ Սքանչելի զբաղմունք է։ Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է։
- Միայն նա է, որ ծիծաղելի չէ։ Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում։
- «Իմ ուրախությունն ու գեղեցկություը հավիտենական չեն,-ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը,- և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է։ Իսկ ես նրան լքեցի ու մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա»։
- Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի։
- -Անապատում, այնուամենայնիվ, մարդ իրեն մենակ է զգում,-խոսեց Փոքրիկ իշխանը։
-Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն,-նկատեց օձը։
- «Ի՜նչ տարօրինակ մոլորակ է,-վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը:-Բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով։ Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են… Տանը ես մի ծաղիկ ունեի, որը իմ ուրախությունն էր ու գեղեցկությունը, և նա միշտ առաջինն էր խոսում»։
- Եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար։ Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…
- Եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը ոնց որ արևից, կլուսավորվի։ Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ։ Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ։ Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից։ Եվ հետո նայիր… Տեսնու՞մ ես, այնտեղ արտերի մեջ, հասնում է ցորենը։ Ես հաց չեմ ուտում։ Հասկերն ինձ պետք չեն։ Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում։ Եվ դա շատ տխուր բան է։ Բայց դու ոսկե մազեր ունես։ Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես։ Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին։ Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…
- Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար։ Նրանք հիմա իրերն էլ են պատրաստի գնում խանութներում։ Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն։
- Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն։
- Միայն սիրտն է սրատես։ Ամենագլխավորը աչքով չես տեսնի։
- Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք։
- -Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում,-շշնջաց Փոքրիկ խշխանը։-Նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին, և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնում, և եթե նրանցից տիկնիկը խլեն, երեխաները կսկսեն լալ…
- -Երջանիկ են նրանք,-ասաց սլաքավարը։
- -Ամեն մարդ իր աստղն ունի։ Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս։ Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են։ Գիտնականների համար դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն։ Այն գործարար մարդու համար դրանք ուղղակի ոսկի էին։ Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են։ Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը…
- -Ինչպե՞ս թե…
- -Դու գիշերը կնայես երկնքին, իսկ չէ՞ որ այնտեղ կլինի մի աստղ, ուր ես եմ ապրում, ծիծաղում… և դու կլսես, որ բոլոր աստղերը ծիծաղում են։ Դու ծիծաղող աստղեր կունենաս։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 309.
Աղբյուրներ
[խմբագրել]- Անտուան դը Սենտ-Էքզյուպերի (2001). Փոքրիկ Իշխանը. Երևան: Զանգակ-97. էջեր 63. ISBN 99930 – 2 – 278 – 2:.