Jump to content

Հայը (Դերենիկ Դեմիրճյան)

Վիքիքաղվածք-ից

«Հայը», Դերենիկ Դեմիրճյանի էսսեն։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Հայից... Որքան տարօրինակ, հանելուկային արարած։ Որքան խաբուսիկ։ Երևույթը, ոչ ինքը։ Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը։ Զուր աշխատանք. – որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր։ Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։
  • Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքն ամենից համառ կառչեց նրան։ Որքան անհույս է թվում իր ապագան, բայց և որքան հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է.զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջն է։ (Ապա նայիր, սա՞ է հայը. այս չարչին, այս բուրժուան, արածներից ամենագծուծը և անասուններից ամենագծուծը։ Այսքան անխնա ստորացնել իրան... կարո՞ղ է սա չափել աշխարհիս բարձր բաներըիր գրվանքով և արշինով։ Հանրօգուտ գործի՝ և ոչ մի գրոշ։ Բայց մի օր էլ տեսար՝ մեռավ ու ողջ կարողությունը կտակեց հասարակությանը։ Դե գնա իմացիր, թե ինչ մարդ էր)։
  • Ահա նայիր այս բեռնակրին. ինչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակում։ Վրե՞ժ ունի, ինչ է, իրենից հանելու։ Ու՞մ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքան ուժ, որքան աշխատասիրություն։ Ապա, տար տունդ ծառա։ (Անսիրտ, անշնորհք, ծույլ)։ Ի՞նչ է միտքը. մի փոքրիկ գումար շինե, գնա դուքան բաց անե։ Մարդը իր հացի և գորխի տերն է ուզում լինել, և ոչ թե նրա ծառան։ Եվ արդեն հայ նշանակում է տեր... Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է.ինչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզի։ Ազգը տա՝ ինքը ուտե։ Եվ սովից կմեռնի, անխոս, կասես՝ ջգրու։ Եվ այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազազած՝ հողը քանդում էր, չարչարում, մզում, հոգին հանում։ Ամենաչարքաշ անասունը՝ իր արտի մեջ։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքին բաժին չպիտի թողնե։ Բայց գնա իր խրճիթը. հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը, ինչպես հայր Աբրահամի սեղանից։
  • Տեսե՞լ եք նրա բնակարանը - խլուրդի ծակուռ... բայց անցիր նրա երկիրը. - ինչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքի կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը երբեք չի քարոզել ուրիշներին։ Եվ հավատալի բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմությունն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստաված...
  • Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմյան Հայրիկը, ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։ Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու - անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի է անում։ Մինչ դեռ իր հարևանները այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտությունը», - մտահոգվում է նա։
  • Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման է և անասանելի ըմբոստ, հարվածող է նրա պես։ (Քծնում է, ստրկանում օտարի ոտի տակ, ինչպես իր Ձենով Օհանը, բայց) երբ վրա է հասնում գերագույն վտանգը՝ հերոսանում է հանկարծ և ծարավում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյիր, և կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ Քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միայն սերը կարող է վաստակել՝ հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է ինչպես վարդապետ։ Եթե գժտվեց մեկի հետ՝ ոխակալ է ինչպես ուղտ։ Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե հասարակության, թե պետության և թե գաղափարների մեջ։ Իբրև ժողովական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։
  • Ուր հեղափողություն՝ այնտեղ հայություն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Ասենք՝ ամեն հայ մի փոքր շիրակեցի է, Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։ (Իր օրիենտացիան բացակայի օրիենտացիան է։ Թաթա՞րն իր մոտը՝ սպասեց ռուսին, ռու՞սը եկավ՝ աչքը եվրոպացուն էր։ Եկա՞վ անգլիացին՝ դարձյալ ռուսին էր սպասում։ Ռու՞սն է գալիս՝ չի ընդունում... Ուրեմն իր պետությու՞նն է ուզում ստեղծել, չի՞ ուզում ստեղծել, ի՞նչ իմանաս... Մի ձեռքը ճանկռտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում, հիմքից քանդելու)։
  • Ինչու՞ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում... Ինչու է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ (անհավատալի՝ իր ստորության մեջ), անչափելի՝ իր վեհ թռիչքներում։
Երևի վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասը։ Ոչ հայի ամենամեծ առաքինությու՞նն ես ուզում - ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը - զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում... (Բայց ով է ամենից շատ ջանք թափում փրկելու Էնվերին ու Քեմալին) ։ «Ջարդիր ինձ - աում է նա, - ահա Քո պատիժը և վրեժը» ։ Ինձ թվում է, թե շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքում, շատ խորը թաղված... Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, ճապոնացու պես, որ երբ մեկից խորապես վիրավորվում է՝ կանչում իր բարեկամներին, հայտնում իր վիրավորանքը և վերցնելով դանակը՝ պատռում իր որովայնը։
  • Այդպես է հայը։ Չի ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, հրեն թեկուզ։ Նա մեկուսի խստակյաց, բարի և ազատակյաց է։
  • Երբ նայում են հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկում քարի, աղբի մեջ։ Կեղտոտվում ու թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում, չի ուզում։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Սա Հայկն է, որին զրկել են կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։
«Ոչինչ չեմ ուզում ձեզանից, ասում է նա իր նեղիչներին. - ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացեք, ապրեցեք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ապա ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը - Ազատությունը...»:

Աղբյուրներ

[խմբագրել]