Էմիլ Սիորան
Արտաքին տեսք
Էմիլ Սիորան (1911-1995), ռումինացի փիլիսոփա, էսսեիստ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ճշմարտությունը անձնական ողբերգության մեջ է։ Եթե ես իրոք տառապում եմ, տառապում եմ ավելի, քան անհատը, ես դուրս եմ գալիս իմ ես-ի սահմաններից ու միանում մյուսների էությանը։ Դեպի համամարդկայինը գնալու միակ եղանակը բացառապես մեզ վերաբերող հարցերով զբաղվելն է։
- Մեր բոլոր ձգտումները տառապելու պահանջից են գալիս։ Փրկության որոնումն ինքը տառապանք է՝ բոլորից ամենանրբինն ու լավ թաքցվածը։
- Նույնիսկ Աստծո կողքին դժգոհության ձայներ կային, ինչի ապացույցն հրեշտակների ըմբոստությունն է՝ առաջին ըմբոստությունը։
- Հենց որ սկսում ենք ցանկանալ, ընկնում ենք Սատանայի իրավասության ոլորտը։
- Մեզանից յուրաքանչյուրի ներսում լույսի հատիկ կա, որ մեր ծննդից ավելի վաղնջական է, նույնիսկ՝ բոլոր ծնունդներից։ Դա պետք է պահել, եթե ուզում ենք մի օր միավորվել այն հեռավոր պայծառությանը, որից, հայտնի չէ, թե ինչու, մեզ բաժանել են։
- Գնալ մինչև սեփական արվեստի ծայրակետերը, ավելին՝ սեփական գոյության ծայրակետերը։ Դա է օրենքը բոլոր նրանց համար, ովքեր իրենց թեկուզ մի փոքր ընտրյալ են կարծում։
- Ընտրում ես, վճիռ ես կայացնում, քանի դեռ մնում ես իրերի մակերևույթին։ Հենց գնում ես դեպի խորքը, այլևս չես կարող ոչ վճիռ կայացնել, ոչ ընտրել, կարող ես ընդամենը ափսոսալ, որ հեռացել ես մակերևույթից։
- Խաբված լինելու վախը Ճշմարտության փնտրտուքի ավելի տարածված տարբերակն է։
- Դրախտն այն է, ուր ամեն ինչ գիտեին, բայց ոչինչ չէին բացատրում։ Տիեզերքը՝ մեղքից առաջ, մեկնաբանությունից առաջ։
- Երբեմն ուզում ես մարդակեր լինել ոչ թե սրան կամ նրան խժռելու, այլ՝ փսխելու հաճույքի համար։
- Չուզենալ այլևս մարդ լինել... Երազել անկման մի ուրիշ ձևի մասին...
- Երբեք չեմ հասկանա, թե ինչպես կարելի է ապրել՝ իմանալով, որ հավերժական չես, գոնե՝ հավիտենական։
- Տառապանքը ոչ մեկին ավելի լավը չի դարձնում (բացառությամբ նրանց, ովքեր արդեն իսկ լավն էին)։
- Եթե մահը միայն բացասական կողմեր ունենար, մեռնելն անհնարին կլիներ։
- Որքան մարդն ավելի մարդ է, այնքան պակաս իրական է. սա այն գինն է, որ պետք է վճարի ուրիշներից տարբեր իր էության համար։ Եթե կարողանար մինչև վերջ
խորանալ իր բացառիկության մեջ և ամբողջական, բացարձակ առումով մարդ դառնար, նրա մեջ այլևս ոչինչ չէր մնա, որ հիշեցներ գոյության որևէ դրսևորում։
- Ցանկացած բարեկամություն աներևույթ դրամա է, նրբին վիրավորանքների շարան։
- Գոյություն ունենալը նույնքան անընկալելի վիճակ է, որքան հակառակը։ Չէ, ի՞նչ եմ ասում, ավելի անընկալելի։
- Հրեշը, որքան էլ սարսափելի լինի, մեզ գաղտնի հմայում է, հետապնդում, հանգիստ չի տալիս։ Նա խոշորացված պլանով ներկայացնում է մեր առավելություններն ու թշվառությունը, նա մեզ է հռչակում, մեր դրոշակակիրն է։
- Ակնհայտ է, որ Աստված լուծում էր, և երբեք դրանից ավելի գոհացուցիչ լուծումներ չենք գտնի։
- Երբ ես շատ եմ տանջվում այն մտքից, որ ոչինչ չեմ անում, ինքս ինձ ասում եմ, որ կարող էի արդեն մեռած լինել ու այդ ժամանակ ավելի քիչ կաշխատեի...
- Ավելի լավ է կոյուղում լինել, քան՝ պատվանդանի վրա։
- Չկա ոչ մի ժխտող, որ կարոտած չլինի որևէ աղետալի այո-ի։
- Մենք պիտի ցանկացած հանգամանքում ճնշվածների կողմից լինենք, նույնիսկ երբ նրանք իրավացի չեն, բայց չպիտի մոռանանք, որ նրանք հունցված են նույն ցեխից, ինչ իրենց ճնշողները։
- Առաջընթացը այն անարդարությունն է, որ ցանկացած սերունդ գործում է նախորդների նկատմամբ։
- Համոզմունքներ ունի միայն նա, ով ոչնչում չի խորացել։
- Ժողովուրդը խոր անկում է ապրում, դուրս է գալիս շրջանառությունից այն պահից սկսած, երբ չի հավատում իր լեզվին, երբ դադարում է մտածել, որ իր լեզուն
գերագույն արտահայտչամիջոցն է՝ լեզուն ինքը։
- Գիրքը հետաձգված ինքնասպանություն է։
- Այն վայրկյանը, որ դեռ իմն է, հոսում է, փախչում ինձնից ու անհետանում։ Կվարկաբեկե՞մ ինձ կապվելով հաջորդի հետ։ Ես պատրաստվում եմ դրան. նա այստեղ է, նա ինձ է պատկանում, բայց արդեն հեռու է։ Առավոտից երեկո անցյալ եմ արտադրում։
- Ծառերը մորթվում են։ Տներ են հայտնվում։ Ամենուր մռութներ են, անվերջ՝ մռութներ։ Մարդը տարածվում է։ Մարդը հողի քաղցկեղն է։
- Ինքնասպան լինել, որովհետև այն ես, ինչ կաս. այո, բայց ոչ նրա համար, որ ամբողջ աշխարհը թքում է երեսիդ։
- Չծնվելն անվիճելիորեն լավագույն բանաձևն է։ Ցավոք սրտի, դա ոչ մեկին հասանելի չէ։
- Դեռ մարսած չլինել ծնված լինելու վիրավորանքը։
- - Ձեզ ի՞նչ է եղել, ասեք՝ ի՞նչ է եղել։
- Ոչինչ, ոչինչ։ Պարզապես դուրս եմ ցատկել ճակատագրիցս և այլևս չգիտեմ՝ դեպի ի՞նչը շրջվել, ո՞ւր վազել։
Աղբյուրներ
[խմբագրել]- Էմիլ Սիորան, Ծնված լինելու անհարմարության մասին, Ինքնագիր մատենաշար, Երևան, 2008, թարգմանիչ՝ Նունե Աբրահամյան։