Ադամի օրագիրը

Վիքիքաղվածք-ից

Ադամի օրագիրը, Մարկ Տվենի հրապարակախոսական երկերի ժողովածուն։

Ադամի ընտանիքի արխիվը[խմբագրել]

  • Դա հակառակ էր իմ կանոններին, բայց համոզվեցի, որ կանոններն իրենց ուժը պահպանում են այնքան ժամանակ, քանի կուշտ ես․․․
  • Հիմա, ետ նայելով, տեսնում եմ, որ Եվայի նկատմամբ մոլորության մեջ եմ եղել․ ավելի լավ է ապրել դրախտի սահմաններից դուրս, բայց նրա հետ, քան թե առանց նրա՝ դրախտում։ Մի ժամանակ ես կարծում էի, թե նա անչափ շատ է խոսում, բայց հիմա ինձ համար տխուր կլիներ, եթե այդ ձայնը լռեր և ընդմիշտ հեռանար իմ կյանքից։
  • Իմ միակ ցանկությունը և ջերմեռանդ աղերսանքն այն է, որ մենք կարողանանք այս աշխարհից հեռանալ միասին, և այս աղերսանքը հավիտյան կհնչի երկրի երեսին, բոլոր ժամանակներում այն կապրի յուրաքանչյուր սիրող կնոջ սրտում, և այն կկոչեն Եվայի աղոթք։
  • «Պարբերական կրկնության օրենքի» համաձայն ոչ մի բան չի կարող կատարվել մեկ անգամ, ամեն բան կատարվում է կրկին, կրկին ու կրկին՝ միալար ու միօրինակ։ Բնությունը ինքնատիպ չէ՝ ես ուզում եմ ասել, որ նա համարյա չի կարողանում նոր առարկաներ, նոր գաղափարներ, թատերական նոր տպավորություններ ստեղծել։ Նա ունի հին եղանակների սքանչելի, ամենահրաշագեղ և անսահմանորեն բազմապիսի հավաքածու, բայց երբեք դրանք չի նորոգում։ Նա կրկնվում, կրկնվում, կրկնվում է։
  • ― Ստրուկնե՛ր, ― գոչեց նա։ ― Նայիր դրանց, նրանք ստորանում են հագուստի առջև, ծնվելու պատահականության առջև՝ դարձյալ արծաթազօծ մանկական խաղալիք։ Օ՜հ, աստված իմ, ահա թե ինչ բան է այդ մարդկությունը։ ― Նա ճռնչաձայն ծիծաղեց։ ― Մարդկություն, որն այնքա՜ն բարձր կարծիքի է իր մասին։
  • Եթե դու միայնակ, հակառակ ամբողջ ազգի, ընտրել ես մի ուղի, համարելով, որ այդ ուղին արդար է, նշանակում է դու կատարել ես քո պարտքը և՛ քո նկատմամբ, և՛ քո երկրի նկատմամբ, ու բարձր պահիր գլուխդ։ Դու ամաչելու ոչինչ չունես։
  • Միայն այն ժամանակ, երբ վտանգ է սպառնում հանրապետության բուն գոյությանը, մարդ պետք է պաշտպանի իր կառավարությանը, նույնիսկ եթե այն արդարացի չէ։ Բայց միայն այդ դեպքում։
  • «Եթե նույնիսկ այս պատերազմն անարդարացի է, մենք այն արդեն սկսել ենք և պետք է հասցնենք մինչև վերջ․ այն դադարեցնել, նշանակում է խայտառակվել»։ Արդարև, ոչ մի ջարդարար չէր կարողանա ավելի լավ ասել։ Մենք չենք կարող դադարեցնել նողկալի, թալանչիական արշավանքը, որովհետև հաշտություն կնքել այդ փոքր ժողովրդի հետ, որը միայն մեկ բան է պահանջում՝ պահպանել իր անկախությունը, նշանակվում է խայտառակվել։ Դուք մոռացել եք Ադամի ասույթը, վերհիշեք այն, լավ մտածեք դրա մասին։ Նա ասել է․ «Անփառունակ հաշտությունն ավելի լավ է, քան անազնիվ պատերազմը»։
  • Բժիշկը նրանից չի վախենում և առհասարակ ոչ ոքի նկատմամբ հարգանք չի տածում։ Նա ասում է, թե ամեն մարդ միայն մարդ է, և այն, որ նա հազար տարեկան է, ոչինչ չի փոխում՝ նա մարդ էլ մնում է։

Նամակներ երկրից[խմբագրել]

  • ― Ուրեմն՝ անարդարացի՞ կլիներ պահանջել, որ ճագարը վարվեր հակառակ իր էությանը և դիմադրություն ցույց տար, օ՜ Աստվածային։
― Այո, ոչ մի էակից չի կարելի պահանջել, որ նա վարվի հակառակ իր էության օրենքի՝ հակառակ Աստծու Օրենքի։
  • Յուրաքանչյուր առանձին անհատի մեջ տարբեր աստիճաններով ու երանգներով կներդնեմ բարոյական այն բազմապիսի հատկությունները, որոնք մեկ բնորոշ գծով բաշխվեցին անլեզու կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչների միջև՝ քաջություն, վախկոտություն, կատաղություն, հեզություն, ազնվություն, արդարություն, խորամանկություն, երկերեսանիություն, մեծահոգություն, դաժանություն, չարություն, նենգություն, վավաշոտություն, գթասրտություն, խղճահարություն, անշահախնդրություն, եսամոլություն, քնքշություն, պատիվ, սեր, ատելություն, ստորություն ազնվաբարոյություն, հավատարմություն, երկերեսանիություն, ճշմարտացիություն, կեղծիք․ յուրաքանչյուր մարդ կստանա այդ բոլոր հատկությունները, և դրանցից կկազմվի նրա էությունը։ Ոմանց մոտ հիանալի, վեհ գծերը կգերակշռեն վատ գծերին, և այդպիսիներին կանվանեն «լավ մարդիկ», մյուսների մոտ կիշխեն վատ գծերը, և դրանց կանվանեն «վատ մարդիկ»։
  • Ն իրեն համարում է Արարչի սիրեցյալը։ Նա հավատում է, որ Արարիչը իրենով հպարտանում է, նա նույնիսկ հավատում է, որ Արարիչը իրեն սիրում է, իր համար խելագարվում է, գիշերները չի քնում, որպեսզի նրանով հիանա, այո, այո, որպեսզի արթուն նստի նրա կողքին և պահպանի փորձանքներից։ Նա աղոթում է Արարչին և կարծում է, թե Նա իրեն լսում է։ Հաճելի է, չէ՞։ Եվ դեռ իր աղոթքներն էլ ճոխացնում է ամենակոպիտ, բացահայտ շողողքորթություններով ու ենթադրում է, թե իբր, Նա նման անհեթեթ փառաբանություններ լսելով, բավականությունից մռմռում է։ Ամեն օր նա աղոթում է, աղերսելով օգնություն, ողորմածություն ու պաշտպանություն, և աղոթում է հույսով, ու հավատով, թեև մինչև այժմ նրա բոլոր աղոթքներն անխտիր անպատասխան են մնացել։ Բայց այդպիսի ամենօրյա անպատվությունը, ամենօրյա ձախողումը նրան չի վհատեցնում․ նա շարունակում է աղոթել, ասես ոչինչ չի եղել։ Այդ համառության մեջ համարյա թե հիանալի ինչ֊որ բան կա։ Չզարմանաք․ նա կարծումէ, թե երկինք է բարձրանալու։
  • Ադամն ու Եվան աշխարհ եկան մերկ և չգիտեին ինչ է ամոթը, մերկ և հոգով մաքուր, և այդպես էլ աշխարհ էին գալիս ու այժմ էլ գալիս են նրանց բոլոր սերունդները։ Գալիս են մերկ, մաքուր հոգով, չիմանալով, թե ինչ է ամոթը։ Գալիս են բարոյապես անբիծ։ Անբարոյականությունն ու կեղտոտ մտքերը նրանք ձեռք են բերում տնից դուրս, դա միակ եղանակն է։

Կրոնը բանականության դատաստանի առաջ[խմբագրել]

  • Մարդը «ծիծաղող կենդանի է»։ Բայց, ինչպես մատնանշել է պարոն Դարվինը, կապիկները նույնպես ծիծաղում են, ծիծաղում է նաև ավստրալիական ծաղրակեռնեխը։ Ոչ, մարդը «կարմրող կենդանի է»։ Մյուս կենդանիները չեն կարմրում, ասենք, նրանք դրա պատճառն էլ չունեն։
  • Մենք հետադիմել ու այլասերվել ենք մի հեռավոր նախնիից՝ մի չնչին արարածից, որը գուցե և իր հաճույքի համար լողալիս է եղել ջրակաթիլի լայնարձակ տարածություններում, և ապա՝ միջատից֊միջատ, կենդանուց֊կենդանի, սողունից֊սողուն, ավելի ու ավելի ցած իջել անբիծ անմեղության երկար ուղիով, մինչև որ, ի վերջո, հասել ենք զարգացման ամենացածր աստիճանին և ստացել մարդ անունը։ Մեզանից ավելի ցածր ոչինչ չկա։ Ոչինչ, բացի ֆրանսիացուց։

Աղբյուրներ[խմբագրել]