Տոն, որը միշտ քեզ հետ է
Արտաքին տեսք
«Տոն, որը միշտ քեզ հետ է», Էռնեստ Հեմինգուեյի 1960 թվականի վեպն է։ Ռուսերենից հայերեն է թարգմանել Ռաֆայել Ավագյանը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եթե բախտդ բանել է, և ջահել օրերիդ ապրել ես Փարիզում, ապա հետագայում որտեղ էլ լինես, այդ քաղաքը մինչև քո օրերի վերջը քեզ հետ կլինի, որովհետև Փարիզը մի տոն է, որը միշտ քեզ հետ է։
- Ես միշտ աշխատել եմ այնքան երկար, մինչև որ հաջողվել է որևէ բանի հասնել և միշտ աշխատանքս դադարեցրել եմ այն ժամանակ, երբ արդեն գիտեի, թե ինչ պիտի լինի հետո։ Այնուհետև ես արդեն վստահ եմ եղել, որ գրելու եմ նաև վաղը։
- Կարիքը չի դառնացնում նրան, ով աշխատում է և բավարարություն ստանում աշխատանքից։
- Այն ժամանակ ես հավատում էի, ինչպես և այժմ եմ հավատում, որ աշխատանքը բոլոր փորձանքների համադարմանն է։
- - Ես ցանկանում եմ իմանալ, թե մարդիկ ինչ են գրում,— ասացի ես,— և դա ինձ ետ է պահում նույն բանը գրելուց։
- Ամեն տարի քո մեջ ինչ-որ բան մեռնում է, երբ ծառերից թափվում են տերևները, և նրանց մերկ ճյուղերը ձմեռային սառը լույսի մեջ անպաշտպան օրորվում են քամուց, բայց դու գիտես, որ գարունը անպայման կգա, այնպես, ինչպես վստահ ես, որ սառած գետը կրկին կազատվի սառույցից։ Երբ սառը անձրևները անընդհատ թափվում էին և սպանում գարունը, թվում էր, թե զուր տեղը խորտակվել է մի երիտասարդ կյանք։ Ինչևէ, չնայած այդպիսի օրերին, գարունը վերջ ի վերջո միշտ վրա էր հասնում, բայց սիրտս սարսափ էր պատում, որ գարունը կարող էր և չգալ։
- Երբ գարունը գալիս էր, թող նույնիսկ խաբուսիկ գարունը, այլ հոգսեր չկային, մեկից բացի․ որտե՞ղ երջանկություն վայելես։ Միակ բանը, որ կարող էր փչացնել օրը, մարդիկ էին, բայց եթե հաջողվում էր խուսափել հրավերներից, օրն անսահման էր դառնում։ Մարդիկ միշտ սահմանափակել են այդ երջանկության հնարավորությունը, շատ քչերի բացառությամբ, որոնք նույն բերկրանքն էին բերում, ինչ բերում է ինքը՝ գարունը։
- Բայց Փարիզը հին քաղաք է, իսկ մենք երիտասարդ էինք, և այնտեղ ամեն ինչ պարզ ու հստակ չէր՝ և՛ աղքատությունը, և՛ անսպասելի հարստությունը, և՛ լոսնի լույսը, և՛ արդարությունը կամ չարիքը, և՛ շնչառությունը նրա, ով լուսնի լույսի տակ պառկած էր կողքիդ։
- Ես գտնում էի, որ նկարների կամ գրական ստեղծագործությունների նկատմամբ եղած սերը քիչ է տարբերվում ընտանիքի սիրուց, հետևապես դրանց հասցեին քննադատական դիտողություններ անելը անքաղաքավարություն է։
- Ասում են՝ մեր բոլորիս մեջ թաքնված են հունդերը այն բանի, ինչ մենք անելու ենք, բայց ինձ միշտ թվացել է, որ նրանց մոտ, ովքեր կարողանում են կատակել կյանքի հետ, այդ հունդերը ծածկված են ավելի լավ հողով եւ ավելի առատորեն են պարարտացված։
Աղբյուրներ
[խմբագրել]- Էռնեստ Հեմինգուեյ, Տոն, որը միշտ քեզ հետ է, Երևան, 1966։