Jump to content

Ծերունին և ծովը

Վիքիքաղվածք-ից

«Ծերունին և ծովը», վեպ, որը գրել է ամերիկացի հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը, 1951 թվականին, Կուբայում։ Հրատարակվել է 1952 թվականին։ Այն համարվում է Հեմինգուեյի վերջին ծավալուն գեղարվեստական ստեղծագործությունը, որը հրատարակվել է նրա կյանքի ընթացքում։ Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ Այն մի ծերունի ձկնորսի մասին է, ով պայքարում է մեծ ձկան դեմ՝ ծովի հոսանքից փորձելով դուրս քաշել նրան։ «Ծերունին և ծովը» ստացել է գեղարվեստական գրականության Պուլիտցերյան մրցանակ 1953 թվականին, իսկ 1954 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Հիմա այլևս երազում նա ո՛չ փոթորիկներ էր տեսնում, ո՛չ կանայք, ո՛չ մեծ իրադարձություններ, ո՛չ վիթխարի ձկներ, ո՛չ տուրուդմբոց, ո՛չ ուժի մրցություններ, ո՛չ էլ իր կնոջը։ Նա տեսնում էր միայն հեռավոր երկրներ ու ծովափին մոտեցող առյուծներ։ Կատվի ձագերի նման խաղ էին անում նրանք երեկոյան մթնշաղում, և նա սիրում էր նրանց այնպես, ինչպես այս տղային։
  • Մտքում նա միշտ ծովն անվանում էր la mar, ինչպես իսպաներեն անվանում են նրան սիրող մարդիկ։ Երբեմն նրան սիրողը վատ է խոսում նրա մասին, բայց միշտ ինչպես կնոջ մասին՝ իգական հոդով։ Ավելի երիտասարդ ձկնորսները, նրանք, որոնք իրենց պարանների համար խցանների փոխարեն լողաններ են գործածում և որսի են գնում մոտորային նավակներով, որ գնել են այն օրերին, երբ շնաձկան լյարդը մեծ գին ուներ,— ծովն անվանում են, el mar այսինքն՝ արական հոդով։ Սրանք նրա մասին խոսում են որպես տարածության, ախոյանի, երբեմն նույնիսկ թշնամու մասին։ Իսկ ծերունին մշտապես մտածում էր ծովի՝ որպես կնոջ մասին, որը մեծ շնորհներ է պարգևում կամ մերժում, իսկ եթե իրեն թույլ է տալիս չմտածված կամ անբարյացակամ արարքներ, ճա՛րդ ինչ. այդպես է նրա բնույթը։
  • Հետո Սանտյագոն մի քանի մրցումների էլ մասնակցեց ու շատ չանցած՝ թողեց այդ գործը։ Նա հասկացավ, որ եթե շատ ուզենա, ապա պատահած հակառակորդին կհաղթի, ու եզրակացրեց, որ այդպիսի մենամարտերը վնասակար են իր աջ ձեռքին, որը պետք է ձուկ որսալու համար։ Մի քանի անգամ փորձեց մրցել ձախ ձեռքով։ Սակայն ձախ ձեռքը միշտ դավում էր, չէր ուզում ենթարկվել իրեն, ինքն էլ նրան չէր վստահում։
  • «Չպետք է մտածել ամեն տեսակ դատարկ բաների մասին։ Բախտավորությունն ամեն ձևով է գտնում մարդուն, մի՞թե կճանաչես նրան։ Ասենք, ես ամեն մի ձևով էլ մի քիչ բախտավորություն կառնեի ու դրա համար կվճարեի այն ամենը, ինչ պահանջեին։
  • ― Բայց մարդը նրա համար չէ ստեղծված, որ պարտություններ կրի,— ասաց նա։ — Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել։
  • Վերևում՝ իր խրճիթում, ծերունին նորից քնել էր։ Նա դարձյալ քնել էր երեսն ի վայր, և տղան հսկում էր նրան։ Ծերունին երազում առյուծներ էր տեսնում[1]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Էռնեստ Հեմինգուեյ, Ծերունին և ծովը, Երևան, 2013։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ծերունին և ծովը հոդվածը նաև Վիքիպեդիայում: