Մեծն Գեթսբին

Վիքիքաղվածք-ից

«Մեծն Գեթսբի», 1925 թվականին Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կողմից գրված վեպ, որի հերոսները ապրում են հորինված Ուեսթ-Էգ քաղաքի ծաղկող Լոնգ Այլենդում, 1922 թվականի ամռանը։ Պատմությունը առաջին հերթին վերաբերվում է երիտասարդ և խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիին և նրա սիրուն՝ Դեյզի Բյուքենենին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Թե սիրելվույդ կհուզի, դի՛ր քո ոսկի գլխարկը,
Թե կարող ես դու թռչել, բա՛րձր թռիր վեր այնքան.
Մինչև որ նա կկանչի.
– Ոսկի, սիրուն գլխարկով բարձր թռչո՛ղ սիրեկան,
Ի՛մը եղիր առհավետ…
Թոմաս Փարք Դ՚Ինվիլիե
  • Պատանեկությանս տարիներին, երբ ես առավել խոցելի էի, հայրս ինձ մի խորհուրդ տվեց, որը մինչև հիմա էլ պահում եմ մտքումս. «Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշի՛ր` այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»։
  • Դատողությունների մեջ զուսպ լինելը դարձել է ինձ համար սովորություն, որի շնորհիվ շատ տարօրինակ խառնվածքներ են բացահայտվել իմ առաջ, բայց հաճախ էլ դրա պատճառով զոհ եմ դարձել անուղղելի կպչուն մարդկանց։ Անառողջ ուղեղը անմիջապես որսում է զուսպ լինելու այս հատկությունը, և եթե դա նկատում է առողջ մարդու մոտ, կառչում է դրանից։
  • Երիտասարդների մտերմիկ խոստովանությունները կամ համենայն դեպս դրանց արտահայտման ձևերը, սովորաբար բանագողության նման մի բան են, և որպես օրենք՝ ասելիքն էլ ասում են ոչ լրիվ։
  • Զուսպ դատողություններ անելը անհատնում հույսի գրավական է։
  • Մարդկանց ի ծնե անհավասար է բաշխված հիմնական բարոյական արժեքները զգալու կարողությունը։
  • Եվ ահա իմ համբերությամբ այս կերպ պարծենալուց հետո պետք է ընդունեմ, որ համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Մարդու վարքագիծը կարող է տարբեր հիմքեր ունենալ՝ և՛ կարծր ժայռ, և՛ լպրծուն ճահճուտ, բայց գալիս է մի պահ, երբ ինձ համար այլևս ոչ մի կարևորություն չունի, թե այն ինչի վրա է հիմնված։
  • Եթե մարդու մասին դատելու լինենք ըստ այն բանի, թե նա ինչպես է իրեն դրսևորում, ապա այդ մարդը հիրավի վեհաշուք մի բան ուներ, կյանքի բոլոր խոստումներն ընկալելու մի խորին գերզգայնություն, կարծես նա մասն էր այն բարդ սարքերից մեկի, որը տասը հազար մղոն հեռավորության վրա գրանցում է երկրաշարժերը։ Արագ արձագանքելու այս հատկությունը բնավ չպետք է նույնացնել տկար դյուրազգացության հետ, ինչը ճոռոմ կերպով անվանում են «ստեղծագործական խառնվածք». դա հազվագյուտ մի շնորհ էր հույսի, երազային խանդավառության, որպիսին երբեք չեմ տեսել ուրիշ մեկի մեջ և հավանաբար երբեք էլ չեմ տեսնի։
  • Ամռան հետ կյանքը վերսկսվում է։
  • Կյանքը շատ ավելի լավ ես դիտում, երբ նայում ես մեկ պատուհանից։
  • Բացարձակ ինքնավստահության յուրաքանչյուր դրսևորում ինձ վրա միշտ շշմեցուցիչ ազդեցություն է գործում։
  • – Աչքերս բացեցի, լքված ու մոռացված բոլորի կողմից, և անմիջապես հարցրի դայակին՝ տղա է, թե աղջիկ։ Ասաց՝ աղջիկ է. ես շրջեցի գլուխս ու արտասվեցի։ «Ի՜նչ լավ է։ Ուրախ եմ, որ աղջիկ է։ Հուսով եմ՝ հիմար կլինի։ Այս աշխարհում աղջկա համար ամենալավ բանը գեղեցիկ հիմարիկ լինելն է»։
Դեյզի Բյուքենեն
  • Քամին դադարել էր, գիշերը պայծառ էր, ձայներով առլեցուն, իսկ ծառերի մեջ թռչնաթևեր էին թափահարվում, և հողի հզոր փուքսերը լիարժեք կյանք էին ներարկում գորտերին, որոնց միալառ կռկռոցը տարածվում էր ամենուր։ Շարժվող կատվի ուրվականը թրթռաց լուսնալույսի տակ, և երբ շրջեցի գլուխս, տեսա, որ, մենակ չէի. հիսուն ոտնաչափ հեռավորության վրա՝ հարևանիս առանձնատան առջևի մարգում, ձեռքերը գրպանները դրած մի կերպապանք դիտում էր աստղերի արծաթին տվող տաքդեղահատիկները։ Նրա անկաշկանդ շարժումները, ոտքերի հաստատուն դիրքը խոտի վրա ինձ հուշեցին, որ նույն ինքը՝ պարոն Գեթսբին է դուրս եկել՝ որոշելու իր բաժինը տեղական երկնակամարում։
  • – Մարդիկ ամեն րոպե պատրաստ են քեզ խաբելու. նրանց միակ մտածմունքը փողն է։ Անցյալ շաբաթ մի կին եկավ ոտքերս կարգի բերելու, և երբ վարձը պահանջեց, կարելի էր մտածել, որ կույրաղիքս էր հեռացրել։
Միրթլ Վիլսոն
  • – Ես ամուսնացա, որովհետև կարծում էի, որ նա ազնիվ մարդ է,- վերջապես պատասխանեց Միրթլը:- Կարծում էի գաղափար ունի դաստիարակության մասին, իսկ նա կոշիկիս տակի ցեխն անգամ չարժեր։
  • – Ընդհանրապես երբեք չեմ մտածում, թե ինչ եմ անում, դրա համար էլ միշտ լավ Ժամանակ եմ անցկացնում։
Լյուսիլ Մըք-Քին
  • Եվ զգում ես, որ քեզ հասկանում են այնքան, որքան դու՛ ես ուզում, հավատում են քեզ այնքան, որքան դու՛ ես ցանկանում, և այնպիսի տպավորություն ես թողել դիմացինիդ վրա, ինչպիսին կուզեիր թողնել։
  • – Փոքր հավաքույթներում երբեք քեզ ազատ չես զգում։
Ջորդան Բեյքեր
  • Աստիճանաբար սիրեցի Նյու Յորքը, նրա գիշերների խելացնոր, զգլխիչ բուրմունքը և այն բավականությունը, որ անհանգիստ աչքը ստանում էր մարդկանց ու մեքենաների անվերջանալի փայլատակումից։
  • Կնոջ անազնվությունը երբեք խստորեն չես դատապարտում։
  • – Գեթսբին շատ փափկանկատ է կանանց հանդեպ։ Երբեք ընկերոջ կնոջը հարկ եղածից ավելի չի նայի։
Վուլֆշայմ
  • Նա նայում էր նրան այնպիսի հայացքով, ինչպիսին յուրաքանչյուր աղջիկ կցանկանա, որ երբևէ իրեն նայեն։
  • Մեծ առավելություն է խմող մարդկանց շրջանում չխմելը։ Կարող ես լեզուդ քեզ քաշել, ավելին՝ կարող ես սեփական անկարգությունդ այնպես թաքցնել, որ մարդիկ ոչինչ չտեսնեն ու չզգան։
  • Հարուստներն են հարստանում անընդհատ,
Աղքատները՝ երեխաներ ծնում մինչ այդ…
Պարզից էլ պարզ է մի բան՝
Չիք մեզ համար խնդություն
Առավոտից իրիկուն։
  • Դա նոր նյութական աշխարհ էր, բայց անիրական, որտեղ խղճուկ ուրվականները, օդի փոխարեն երազներ շնչելով, անիմաստ սլկտում էին…նման խարամե երևակայական կերպարանքին, որ, դանդաղ սահելով, առաջանում էր անձև ծառերի արանքից։
  • Ամերիկացիները հեշտությամբ են հաշտվում ճորտ լինելու գաղափարին, բայց համառությամբ չեն ուզում ընդունել իրենց գյուղական ծագումը։
  • Ոչ մի շոշափելի գեղեցկություն չի կարող մրցել այն բանի հետ, ինչ մարդ ի վիճակի է կուտակել իր դիվային հոգում։
  • Նա վաղ էր ճանաչել կանանց, և քանի որ նրանք երես էին տվել նրան, սովորել էր արհամարհել նրանց՝ երիտասարդ կույսերին՝ անփորձության, իսկ մյուսներին՝ չնչին բաների շուրջ բարձրացրած աղմուկի համար, որն իր անսահման եսակենտրոն մտածողության մեջ ընդունում էր հարկ եղածին պես։
  • – Աստված վկա, գուցե իմ գաղափարները ժամանակակից չեն, բայց մեր օրերում կանայք շատ են դես ու դեն ընկնում, շատ են սրա-նրա հետ քարշ գալիս։-Թոմ Բյուքենեն
  • Անկասկած տխուր է նոր աչքերով տեսնել այն, ինչին արդեն վարժվել ես։
  • Այն, ինչ հաճելի էր թվացել ինձ այն ժամանակ, այժմ նեխածի հոտ էր արձակում։
  • Մարդկանց մտավոր և ցեղային տարբերությունը չի կարող համեմատվել հիվանդի ու առողջի միջև եղած ահավոր տարբերության հետ։
  • Պարզամիտ ուղեղի խառնաշփոթության նման խառնաշփոթություն չկա։
  • – Այսօր մարդիկ սկսել են ընտանեկան կյանքի ու նրա օրենքներին հակառակ գալ, իսկ վաղն ամեն ինչ տակնուվրա կլինի, և կամուսնանան սևամորթների հետ։
Թոմ Բյուքենեն
  • – Ես գիտեմ, որ այնքան էլ հանրաճանաչ մարդ չեմ։ Շքեղ պարահանդեսներ չեմ տալիս։ Ինչպես երևում է, մեր օրերում տունդ խոզանոցի պիտի վերածես, որ ընկերներ ունենաս։
Թոմ Բյուքենեն
  • – Նրանք բոլորը ոչնչություն են,- գոռացի պարտեզով մեկ:- Դու ինքդ մենակ արժես այդ անիծյալ խումբը միասին վերցրած։
  • Միայն փշրված երազն էր շարունակում ժամանակ շահել` փորձելով շոշափելի դարձնել այն, ինչ այլևս իրական չէր։
  • Երեսուն տարիս էր լրանում։ Առջևս ձգվում էր նոր տասնամյակի չարաբաստիկ, սպառնալից ուղին։ Երեսուն՝ նշանակում էր մենության մեկ տասնամյակ ևս, ամուրիների նվազող ցուցակ, պակասող եռանդ, նոսրացող մազեր։
  • Մարդկային կարեկցանքը չափ ու սահման ունի։
  • Նրան թվում էր, թե ես շատ բան գիտեմ, քանի որ իմ իմացածը նա չգիտեր։
Գեթսբի
  • – Պետք է մարդուն ընկեր լինել կենդանության օրոք, ոչ թե մահվանից հետո։ Իմ կարծիքով մեռածին ոչնչով չես օգնի։
Մեյեր Վուլֆշայմ
  • Օրհնյալ են այն մեռելները, որոնց վրա է թափվում անձրևը։
  • – Անփորձ վարորդը ապահով է, քանի դեռ չի հանդիպել մեկ ուրիշ անփորձ վարորդի։
Նիք
  • Թոմն ու Դեյզին անփույթ մարդիկ էին։ Նրանք ոչնչացնում էին իրեր ու մարդիկ, ապա փախչում՝ թաքնվելով իրենց փողի, իրենց անսահման անփութության և կամ էլի ինչ-որ բանի հետևում, որը շաղկապում էր նրանց՝ թողնելով, որ ուրիշները հավաքեն աղբը իրենց ետևից…
  • Գեթսբին հավատում էր կանաչ լույսին, երանելի ապագային, որ տարեցտարի հեռանում է մեզնից։ Թեև այն խույս տվեց այսօր, հոգ չէ, վաղն ավելի արագ կվազենք, մեր թևերն ավելի լայն կբանանք…Եվ մի գեղեցիկ առավոտ…

Այսպես մենք լողում ենք առաջ՝ հոսանքին ընդդեմ, բայց այն շարունակ հրում է մեր նավակները հետ՝ դեպի անցյալի գիրկը։

Բենջամին Ֆրանքլին
  • Ժամանակի բարոյազուրկ և հոգեզուրկ վիճակի պատճառն անցյալի սխալներն են։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մեծն Գեթսբին հոդվածը նաև Վիքիպեդիայում: