Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Վիքիքաղվածք-ից
Էլեանոր Ռուզվելտը և Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում։

Հոդվածներ[խմբագրել]

  • Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով։ (Հոդված 1)
  • Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ուազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման։ Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի՝ ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում։ (Հոդված 2)
  • Յուրաքանչյուր ոք կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք ունի։
  • Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և ստրկավաճառությունը՝ իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են։
  • Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի։
  • Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավասուբյեկտ ճանաչվելու իրավունք ունի։
  • Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար պաշտպանության իրավունք ունեն։ Բոլոր մարդիկ սույն Հռչակագրով հաստատված հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք ունեն։
  • Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիման վրա իրավունք ունի պահանջելու, որ իր գործը հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից։
  • Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվել, քանի դեռ իր մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները։
  • Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որը կատարելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ։
  • Չափահաս տղամարդիկ և կանայք, առանց որևէ ցեղային, ազգային կամ կրոնական սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն։ Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության ժամանակ։
  • Յուրաքանչյուր ոք սեփականություն ունենալու իրավունք ունի ` ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ։
  • Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքը կամ համոզմունքները մենակ կամ ուրիշների հետ մեկտեղ, հրապարակավ կամ գաղտնի քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի և ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն։
  • Յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք ունի. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից։
  • Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի։
  • Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և անեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով։
  • Յուրաքանչյուր ոք արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններին անդամակցելու իրավունք ունի։
  • Յուրաքանչյուր ոք հանգստի ու ժամանցի, այդ թվում՝ աշխատանքային ժամերի խելամիտ սահմանափակման և պարբերաբար վճարովի արձակուրդների իրավունք ունի։
  • Յուրաքանչյուր ոք այնպիսի կենսամակարդակի իրավունք ունի, որը պատշաճ է իր և իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար, ներառյալ սնունդը, հագուստը բնակարանը, առողջապահությունը և անհրաժեշտ սոցիալական ծառայությունները, ինչպես նաև ունի ապահովության իրավունք գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ գոյության այլ միջոցների անհրաժեշտության դեպքում։
  • Մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն։ Ամուսնությունից կամ արտամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն միևնույն սոցիալական պաշտպանությունից։
  • Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի։ Կրթությունը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի։ Տարրական կրթությունը պետք է պարտադիր լինի։ Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան, հավասարապես մատչելի բոլորի համար։
  • Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք ունեն։
  • Յուրաքանչյուր ոք հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստներից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա բարիքներից օգտվելու իրավունք ունի։
  • Յուրաքանչյուր ոք իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք ունի։
  • Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք՝ զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն։

Աղբյուրներ[խմբագրել]