Երեք ընկեր

Վիքիքաղվածք-ից
«Երեք ընկեր» գրքի շապիկը

«Երեք ընկեր» (գերմ.՝ Drei Kameraden), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը, որը լույս է տեսել 1936 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1972 թվականին։ Թարգմանիչ՝ Շ․ Թաթիկյան[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մի տարօրինակ զգացում ես ունենում քո ծննդյան օրը, եթե անգամ մի առանձին նշանակություն չես տալիս դրան…
  • Մարդիկ, սիրելիս, անհամեմատ ավելի վտանգավոր թույն են, քան օղին ու ծխախոտը։
  • Հիանալի է, ով մենակ է, նա երբեք չի լքվի։ Բայց երբեմն երեկոները այդ արհեստականորեն բարձրացված շինվածքը փուլ էր գալիս ու կյանքը վեր էր ածվում սրընթաց կերպով հոսող հեկեկացող մի մեղեդու, վայրենի թախծի, ցանկությունների, վշտի ու հույսերի մրրիկի…
  • Ոչինչ սրտին մոտիկ չընդունեք, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել։ Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի։
  • Եվ հանկարծ տեսա, որ ես ինչ-որ բան եմ նշանակում մի մարդու համար, և որ այդ մարդը երջանիկ է հենց միայն այն բանի համար, որ իմ կողքին է։ Այդպիսի բառերն ինքնըստինքյան հասարակ են հնչում, բայց երբ լավ ես մտածում դրանց մասին, սկսում ես հասկանալ, թե որքան անչափելի կարևոր են դրանք։
  • Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում։ Նման բաները կյանքում, սովորաբար, օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում։
  • Ամեն մի սեր ուզում է հավերժական լինել, և դրանում էլ հենց կայանում է նրա հավերժական տանջանքը։
  • Դժվար է բառեր գտնել, երբ իսկապես, որ ասելու բան ունես։ Եվ եթե, նույնիսկ, հարկավոր բառերը գալիս են, ապա ամաչում ես դրանք արտասանել։
  • Մենակությունը ավելի հեշտ է տանել, երբ չես սիրում։
  • Որքան քիչ ես իմանում, այնքան պարզ է դառնում կյանքը։
  • Նա միշտ էլ ամաչկոտ էր, և նրա զգացմունքներն ավելի արտահայտվում էին շարժումներով և հայացքներով, քան թե խոսքերով։
  • Հարկավոր է գիտենալ նաև պարտվել։ Այլ կերպ՝ ապրել չի լինի։
  • Երբ հանկարծ անփող ես մնում, բարեկամները մի կողմ են նետվում, ինչպես լվերը սատկած շան վրայից։
  • Իսկ ընդհանրապես, մարդ ուզում է չէ, որպեսզի երեկոները ինչ-որ մեկը լինի մոտը…
  • Վիրավորված զգացմունքի համար ճշմարտությունը միշտ կոպիտ է և անտանելի։
  • Մարդս որքան քիչ է հոգ տանում իր հոգեվիճակի մասին, այնքան շատ արժե նա։
  • Սերը ինքը հենց խաբեություն է, հրաշալի մի խաբեություն, որ հորինել է մեր մայրիկ բնությունը։
  • Մի սիրո համար մարդկային կյանքը չափից դուրս շատ է ձգձվում։
  • Ով միայնակ է, նա երբեք չի լքվի։
  • Մելամաղձոտ ես դառնում, երբ մտորում ես կյանքի մասին։ Իսկ ցինիկ՝ երբ տեսնում ես, թե մարդկանց մեծամասնությունը ինչպես է վարվում կյանքի հետ։
  • Սերը հրաշալի բան է։ Բայց միշտ երկուսից մեկը սկսում է ձանձրանալ։ Իսկ մյուսը մնում է, և ինչ-որ բանի սպասում… Սպասում խենթի նման։
  • Օ՜, նզովք, ես այլևս չեմ ուզում մտածել այդ մասին։ Երբ ես նրան կորցնեմ, ինչ ուզում է, թող պատահի ինձ հետ, թող խելագարվեմ, բայց քանի նա ինձ հետ է, ամեն ինչ թվում է չնչին ու հասարակ։ Միթե արժե փորձեր անել, հաստատուն դարձնելու իմ չնչին կյանքը։ Միևնույն է, կգա մի ժամանակ, երբ մեծ ջրհեղեղը ամեն ինչ կսրբի, կտանի…
  • Միայնակությունը, իսկական մենակությունը, առանց երազանքների ու խաբկանքների մենակությունը վրա է հասնում խելագարությունից կամ ինքնասպանությունից առաջ։
  • Սերը հրաշալի բան է, բայց մարդու բնավորությունն է փչացնում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 297. 


Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երեք ընկեր (վեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: