Անկումը

Վիքիքաղվածք-ից
«Անկումը» գրքի շապիկը

«Անկումը» (ֆր.՝ La Chute), ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի վիպակը։ Լույս է տեսել 1956 թվականին։ Նրա վերջին ավարտած վիպակն է։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ինչքան շատ եմ ես ինձ մեղադրում, այնքան շատ իրավունք ունեմ ձեզ քննադատելու[1]։
  • Եթե դուք հանցագործին ասեք, որ իր կատարած հանցանքը կապված չէ նրա բնույթի, բնավորության հետ, այլ հետևանք է նրա կյանքի դժբախտ դեպքերի՝ նա ձեզ անսահման շնորհակալ կլինի[1]։
  • Բայց գիտե՞ք՝ ինչո՞ւ ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ։ Պատճառը պարզ է։ Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք[1]։
  • Ես սիրում եմ ապրել, ահա իմ իսկական թուլությունը։ Ես կյանքը այնքան եմ սիրում, որ անկարող եմ կյանքից դուրս որևէ բան երևակայել։ Ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից[1]։
  • Մենք չենք կարող որևէ մեկի անմեղությունը հաստատել, մինչդեռ մի հարվածով կարող ենք հաստատել բոլորի հանցավոր լինելը[1]։
  • Կարևորը ամեն ինչ ինքն իրեն թույլ տալ կարողանալ է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը։
  • Դու ծանոթանում ես նոր մարդու հետ և սուզվում ես նրա մեջ։ Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են ու Դու լողանում ես նրանց մեջ, վայելում ես նոր զգացողությունները, նոր գիտելիքները, նոր փորձը։ Բայց ինքդ քո մեջ, Դու հասկանում ես, որ մի օր էլ այդ խորը մարդու հատակին կհասնես և կլինի՞ արդյոք բավական տվյալ խորությունը, որպեսզի Դու մնաս։ Կան նաև մանր մարդիկ, որոնց մեջ Դու մտնում ես ասես առվակի մեջ և միանգամից զգում ես նրանց հատակը։ Դու դուրս ես գալիս նրանց միջից արագորեն, անցավ, առանց հույզերի և հեշտությամբ շարժվում ես առաջ, կարծես նրանք երբեք էլ չեն եղել։ Խորը մարդիկ երկար են հիշվում։
  • Մարդիկ անմահություն են խաղում, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ մի քանի շաբաթ հետո կամ թեկուզ հաջորդ առավոտը կարո՞ղ են ոտքի կանգնել։
  • Չկարծեք, որ ձեր բարեկամները Ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք, դուրս գալու տրամադրություն չունե՞ք։ Բայց ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն օրը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է։ Ավելի շուտ նրանք ձեզ կմղեն ինքնասպանության, թելադրելով, որ դա միակ ելքն է ձեր դրության մեջ։
  • Ես վիճում եմ մարդկանց հետ, բայց ես ոչ թե ներում, այլ պարզապես մոռանում եմ վիրավորանքները։ Եվ նա, ով կարծում էր, թե ատում եմ իրեն, ապշում է՝ տեսնելով, որ ես մեծ ժպիտով եմ դիմավորում իրեն։ Ըստ իր բնավորության՝ նա հիանում է իմ մեծահոգությամբ, կամ արհամարհում է իմ վախկոտությունը, առանց մտածելու, որ իմ տրամաբանությունը ավելի պարզ է։ Ես նույնիսկ իր անունը մոռացած եմ լինում։ Մարդիկ իրար էին հաջորդում, ուզում էին կպչել ինձ, բայց կպչելու ոչինչ չկար, և դա նրանց պարզապես դժբախտացնում էր։ Որովհետև ես պարզապես մոռանում էի նրանց։ Ինձնից բացի ես ոչ մի բան չեմ հիշում։
  • Ձեր բարեկամներին մի հավատացեք, մանավանդ, երբ նրանք ուզում են, որ իրենց հետ անկեղծ լինեք։ Նրանք հույս ունեն միայն, որ դուք պիտի քաջալերեք իրենց իսկ մասին ունեցած լավ կարծիքը, նրանց տալով հավելյալ վստահություն՝ ձեր անկեղծության խոստովանությամբ։ Եվ եթե ուրեմն այդ վիճակում եք, խոստացեք ճշմարիտ լինել և ստեք, որքան կարող եք։
  • Մարդիկ համոզվում են ձեր իրավացիության, ձեր անկեղծության և ձեր վշտերի լրջությանը միայն ձեր մահով։
  • Ես իմ կյանքում միշտ մի մեծ սեր ունեցա, և այդ սիրո առարկան միշտ ես եղա։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հինգ վիպակ», Երևան, «Ապոլոն», 1991 թ.
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անկումը հոդվածը նաև Վիքիպեդիայում: