Սողոմոն Թեհլերյան

Վիքիքաղվածք-ից
Սողոմոն Թեհլերյանը 1921 թվականին

Սողոմոն Թեհլերյան (Թեհլիրյան[1], ապրիլի 2, 1897, Բագառիճ — մայիսի 23, 1960, Սան Ֆրանցիսկո), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։ Գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

Քաղվածքներ[խմբագրել]

  • – Պատմեցեք, թե ինչպես սպանեցիք Թալեաթ փաշային։
– Մարտի տասնհինգի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը փողոց դուրս եկավ ու դեպի վար գնաց։ Ատրճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա, երբ նա բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, ետ դարձա` նրան դիմացից խփելու համար։ Բայց մի երկու քայլ մնացած` հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին[2]։
  • Դատավարության ավարտից հետո դատարանի նախագահը՝ Դր. Լեմբերգը, երդվյալներին է ուղղում օրենքով սահմանված հարցերը։ Երդվյալները մեկուսանալով մեկ ժամ տևողությամբ խորհրդակցություն ունեցան, ապա երդվյալների գլխավորը ներկայացավ դատարանին և «պատվով ու խղճով վկայեց» հետևյալը՝ որպես երդվյալների որոշում.
– Հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը` 1921 թ. մարտի 15-ին Շառլոտենբուրգում դիտավորյալ կերպով մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար.
Ոչ`
Օտտո Րայնիկե, երդվյալների գլխավոր (մեծ շարժում սրահում և ծափահարություններ)։
Նախագահ.-«Ես կստորագրեմ որոշումը և խնդրում եմ պ. քարտուղարին նույնը անել և ի լուր կարդալ որոշումը»։
Քարտուղարը կարդում է որոշումը, որը թարգմանվում է ամբաստանյալին։
Նախագահ.- «Ապա ուրեմն ազդարարվում է հետևյալ դատավճիռը։ Ամբաստանյալը ազատ է արձակվում պետության հաշվին (նոր շարժում և ծափահարություններ)։ Համաձայն երդվյալների որոշման, ամբաստանյալը հանցավոր չէ իր վրա որպես մեղադրանք ծանրացող պատժելի արարքի համար»։
Հետո հայտարարվում է հետևյալ որոշումը.
«Բանտարկության հրամանը ամբաստանյալի նկատմամբ չեղյալ է համարվում»[2]։
Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը
  • Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ[3]։

Քաղվածքներ Թեհլերյանի մասին[խմբագրել]

  • Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը։ Եվ դա է ճշմարիտը։ Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է։ Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի[4]։
Վազգեն Ա

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Totten, Samuel; Bartrop, Paul Robert (2008-01-01) (in en). Dictionary of Genocide: M-Z. Greenwood Publishing Group. ISBN 9780313346446. 
  2. 2,0 2,1 Սողոմոն Թեհլերյան «Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը»։ Վերստացված է՝ 20 դեկտեմբերի, 2015։
  3. Հայկական Նեմեսիս։ Վերստացված է՝ 20 դեկտեմբերի, 2015։
  4. ԱԶԳԸ, ՈՐ ՀԵՐՈՍ ՉՈՒՆԻ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։ Վերստացված է՝ 20 դեկտեմբերի, 2015։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սողոմոն Թեհլերյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: