Հույսեր և հուշեր

Վիքիքաղվածք-ից
«Հույսեր և հուշեր» գրքի շապիկը

«Հույսեր և հուշեր», ֆրանսիացի գրող Անդրե Մորուայի ինքնակենսագրական արձակը։ Ստեղծագործությունը հայերեն է թարգմանել Արզուման Խոցանյանը 1986 թվականին[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հմայք կոչվածն իրենից ներկայացնում է բնականության ու կոկետության մի խառնուրդ, որը վրդովում և միևնույն ժամանակ հանգստացնում է մեզ։ Հմայքը զգացմունքների անբռնազբոսությունն է, այնպես, ինչպես նազելիությունը՝շարժումների անբռնազբոսություն…
  • Ամենաապշեցուցիչ հիշողությունը սիրահարված կնոջ հիշողությունն է։
  • Ամենաչնչին և դատարկ էակը կարող է սեր ներշնչել իր հանդեպ, եթե փոփոխամտության խորհրդավոր լուսապսակ ստեղծի իր շուրջը։
  • Թերևս, միայն վիպագրի համար դժվար չէ համեստ լինել. նրա խոստովանությունները մարդամեջ են մտնում դիմակահանդեսային զգեստներով։
  • Պատահում է, որ բարեկամությունը կամ սերը սկզբից ևեթ չափազանց բարձր նոտա են վերցնում։ Դա վատ նշան է։ Երջանկությունը միայն այնտեղ է, ուր բանականությունն է։
  • Սիրել ուրիշին հենց նրա համար՝ նշանակում է մտածել ոչ թե այն մասին, թե ինչ ես ստանում նրանից, այլ, թե ինչ ես տալիս նրան։ Անշահախնդիր սիրո կարևոր հատկանիշն այն է, որ այն ավելի շատ երջանկություն է բերում, քան սերը կամ մտերմությունն իր համար։ Ինչու՞։ Որովհետև մարդն այդպես է ստեղծված. մոռանալով իր մասին, նա ավելի շուտ է երջանկություն ձեռք բերում։ Քանի դեռ մտածում ես միայն քո մասին, ապրում ես կասկածների ու անբավարարվածության մեջ. շարունակ մտորում ես. «Արդյո՞ք ես կյանքում հասել եմ այն ամենին, ինչին կարող էի։ Ո՞ր սխալ քայլն է ինձ հասցրել այդ վիճակին, որում գտնվում եմ։ Ի՞նչ են մտածում իմ մասին։ Սիրու՞մ են ինձ արդյոք»։ Եվ հենց որ ուրիշը դառնում է քո կյանքի կենտրոնակետը, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ինչու՞մն է մեր պարտքը։ Կազմել երջանկությունը նրա, ում սիրում ես, և նույն րոպեից կյանքը լցվում է իմաստով։
  • Ամուսնանալ պետք է այն կնոջ հետ և գնել այն գրքերը, որոնց հետ դու կցանկանայիր ապրել ամբողջ կյանքում։
  • Չի կարելի պարզապես ուզենալ, պետք է անել։ Հենց որ մարդուն նետում են առօրյա կյանքի ծովը՝ իսկ դա անխուսափելի է, նա սկսում է լողալ։
  • Գաղտնիքները դուրս չտալու համար անհրաժեշտ է անսասան բնավորություն։ Ձանձրույթն ստեղծում է ունայնության զգացում և, ծնելով օդային հզոր ձգողության նման մի բան, հոգու խորքերից վեր է բարձրացնում այն գաղտնիքները, որոնք դու կգերադասեիր թողնել այնտեղ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Անդրե Մորուա, թարգմ․՝ Ա․ Խոցանյան (1986 թ․). Հույսեր և հուշեր. «Հայաստան» հրատարակչություն. էջ 2. Retrieved on սեպտեմբերի 19, 2015 թ․. 


Աղբյուրներ[խմբագրել]