Jump to content

Օգյուստ Ռոդեն

Վիքիքաղվածք-ից

«Օգյուստ Ռոդեն», Դևիդ Վեյսի վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Հեշտ չէ առաջվա նման ապրել ու ձևացնել, որ ցավալի չէ, երբ զրկվում ես այն բանից, ինչ քեզ համար թանկ է։
  • Տաղանդն աստվածային օրհնանք է, այն քամուն չեն տալիս։
  • Կյանքում լինում են և՛ թռիչքներ, և՛ անկումներ, բայց գլխավորը նրանում լավն է և ոչ թե վատը։
  • Ես հանկարծակի հասկացա, որ աստված ինքը մի մեծ քանդակագործ է, ողջ աշխարհը նրա արվեստանոցն է և Միքելանջելոն էլ նրա մարգարեն է։ Ու ես հասկացա, որ պետք է ղեկավարվել այդ զգացմունքով՝ սիրո և ոչ թե ատելության զգացմունքով։
  • Ո՞վ կարող է դատավոր լինել, երբ արվեստի ստեղծագործությունների մեծամասնությունը նկարչի հոգու և հավատի մարնացումն է։
  • Մեր աշխատանքը մեր կյանքն է, և մենք պետք է աշխարհում մեր հետքը թողնենք, եթե նույնիսկ աշխարհը չի էլ ենթադրում մեր գոյության մասին։
  • Այս աշխարհում կամ ամեն ինչի տեր ես, կամ էլ ոչնչի։ Դա աշխարհի ամենահին ու ամենաստույգ ճշմարտություններից մեկն է։ Նա մերկ է եկել այս աշխարհը և ոչինչ չի ստանա այնտեղից։
  • Եթե ցանկություն եք ունենումմ ձեռք տալ կամ շոյել քանդակը կամ նկարում պատկերված կնոջը, նշանակում է այն կենդանի է։
  • Մարդը մի ավազահատիկ է իրադարձությունների շրջապտույտում։ Չնչի՜ն ավազահատիկ։
  • Եթե դու հավատում ես քո արածին, ոչինչ չպետք է քեզ արգելք լինի։
  • Ծերությունը դաժան է, հաճախ ավելի դաժան, քան մահը։
  • Բնության մեջ գոյություն չունի այնպիսի բան, ինչպիսին հանգիստն է, նույնիսկ մահվան մեջ այն չկա։ Մինչև անգամ դիակի նեխումն ինքնին շարժման ձև է։ Արար աշխարհում ամեն ինչ շարժման մեջ է գտնվում՝ տիեզերք, բնություն, մենք ինքներս։ Անգամ երբ քնում ենք, մեր սիրտը խփում է, արյունը վազում է երակներով, իսկ ուղեղն արթուն է երազներում։
  • Ես ամենախոստումնալից ապագա ունեմ և ոչ մի հույս՝ ներկայում։
  • Այն միտքը, որ կավն իր ձեռքերի տակ կյանք է առնում, բոլոր ձախորդությունների փոխհատուցումն է։
  • Մարդկային մարմնից ավելի գեղեցիկ, ավելի ուժեղ և ավելի վայելուչ ոչինչ չկա։ Այն բոլոր զգացունքների կենտրոնակետն է։ Երբ այն թաքցնում են, նրան ճնշում, խեղաթյուրում, այլանդակում են։
  • Մերկությունն ընդհանուր ոչինչ չունի անպարկեշտության հետ, նույնիսկ ցանկասիրության հետ, այն միայն մեկ նպատակ ունի՝ կյանքի ճշմարտությունը։ Սովորաբար մարդկային քողածածկ կերպարը - դա թաքնված կերպար է։ Եվ ամենից հաճախ այն անբնական է, ոչ ռեալիստական։ Իսկ քանդակագործը, ինչպես նաև արվեստն ամբողջությամբ վերցրած, թաքցնելու ոչինչ չունի։
  • Գեղեցկությունն ամենաթանկարժեք պարգևն է, գեղեցկությունն ամեն ինչ արդարացնում է և հրաշքներ գործում։ Նկարիչն ամենից շատ կարիք ունի գեղեցկության։ Մտահայել ու ստեղծել գեղեցկություն,- դա էլ հենց ապրել է նշանակում։
  • Մեր աշխարհը լի է տագնապով ու փոփոխականությամբ։ Մեզնից շատերը տառապում են անհանգստությամբ, քարշ են գալիս խարխափելով, հավատում դժոխքին, ամեն մի դժոխքի՝ Դանթեի, Բոդլերի, իր սեփական։ Հիրավի, չէ՞ որ կյանքում այնքան հուսահատություն ու ցավ կա, և անմաքուր խիղճը տանջում է մարդկանց, թեև շատերն էլ փորձում են այդ թաքցնել։
  • Մարդկանց մեծամասնություն երկրորդ բնավորություն ունի, իր ծածուկ աշխարհը՝ լի չարությամբ, տռփանքով, նախանձով՝ արատներ, որոնք միշտ չէ, որ կարելի է իր մեջ խեղդել։ Փորձությունների ժամանակ նրանց այդ երկրորդ բնավորությունը բացահայտվում է։
  • Երկիրը կառավարելու համար հարկավոր է բարոյական հատկություններ ունենալ,- մարդիկ պետք է ձեզ հարգեն այն առաքինությունների համար, որոնցից իրենք զուրկ են։
  • Ուրեմն նա երբեք նրան չի լքի։ Մի՞թե դուք չգիտեք, որ կարեկցանքը երբեմն սիրուց ուժեղ է։
  • Մենք ապրում ենք մի այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ թույլ են, դատողություններում անկայուn ու հակասական։ Ստիպված ենք հաշտվել անհուսալի մարդկանց կողմից ղեկավարվող այդ անհուսալի հիմնարկների հետ։
  • Դու հո գիտես, թե ինձ համար ինչ է նշանակում աշխատանքը։ Դրա մեջ է ողջ կյանքս, երբեմն՝ երջանկությունս, իսկ ավելի հաճախ՝ հուսահատությունս։
  • Աստված ինձ տաղանդ է պարգևել, դա առանց այն էլ ծանր բեռ է։
  • Մարդը կարող է համարել, որ իր բախտը բերել է, եթե բանը լոկ ատելությամբ է սահմանափակում։
  • Ոչ մի սիրահար երբեք մինչև վերջ երջանիկ չի լինում։
Բավական է, ասում էր ինքն իրեն, որ այդ սիրային արկածները հաճույք են պատճառում, ցրում մենությունը և մեկ-մեկ նույնիսկ պատրանք ստեղծում, որ իբր ինքը դեռ այնքան էլ ծեր չէ։
  • - Դու երջանի՞կ ես, Օգյուստ,- հարցրեց Ֆանտենը։
- Իմ կյանքում հաճելի ինչ-որ բան էլ է եղել։
  • - Իսկ այժմ ձեզ պրեզիդենտական պալատ են հրավիրում։
- Դա չի նպաստու իմ տաղանդի զարգացմանը։
  • Միտքը տիտանական ջանքերի գնով է տրվել մարդուն. չէ որ այժմ էլ այդ պրոցեսը միաժամանակ տառապալից ու բարդ է։ Մտածել նշանակում է տառապել։ Նշանակում է հարցնել ինքն իրեն՝ ո՞վ եմ ես։ Որտեղի՞ց եմ եկել։ Ո՞ւր եմ գնում։ Ի՞նչ նպատակ ունեմ։
  • Ես նրան ընկալում եմ որպես առաջին մարդու, որն ընդունակ է մտածելու, և խորհելու այդ ձգտման մեջ նա սկսում է ըմբռնել այն ողբերգական ճակատագիրը, որն սպասվում է նմաններին։ Դա այնպիսի՜ ջանք է՝ մտածել, խելամիտ լինել, այնպիսի՜ տիտանական պայքար, չէ՞ որ մարմինն ավելի հզոր է, քան ուղեղը, բայց ուղեղն արդեն ուղիներ է փնտրում դուրս պրծնելու այն կապանքներից, որոնցից դուրս է պրծել մարմինը։
  • Դա ժամանակը կորոշի, որ երբեմն արդարացի է լինում։
  • Կյանքում ինչքա՜ն շատ է գեղեցիկը, միայն պետք է կարողանալ տեսնել։
  • Եղեք խոր ու անհաշտ ճշմարտացի։ Երբեք մի վախեցեք արտահայտել այն, ինչ դուք զգում եք, եթե նույնիսկ ձեր մտքերը հակասում են ընդունված կարծիքին։ Թերևս դուք անմիջապես հասկանալի չեք լինի։ Բայց ձեր մենակությունը շատ կարճատև կլինի։ Շուտով դուք բարեկամներ կունենաք, քանզի այն, ինչ խորապես ճշմարտացի է մեկի համար, ճշարտացի է և բոլորի համար։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դևիդ Վեյս, «Օգյուստ Ռոդեն», Երևան, 1979։